Մատչելիության հղումներ

Հրաժարական ներկայացրած ռեկտորը ԿԳՆ-ին է մեղադրում


Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյան, արխիվ
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյան, արխիվ

Երևանի պետական համալսարանի երկարամյա ռեկտոր Արամ Սիմոնյանը այսօր գիտխորհրդի նիստում հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ համալսարանի շուրջ ստեղծված լարվածությունը ավելի է ուժգնանում՝ դրանում մեղադրելով կրթության և գիտության նախարարությանը: Մինչ այս պահը ռեկտորը իր աշխատասենյակից դուրս չի եկել և որևէ մեկնաբանություն չի տվել:

Իսկ ահա գիտխորհրդի նիստում Սիմոնյանը հայտարարել է․ «Այն լարվածության մեղավորը, որը կա համալսարանի շուրջ և գնալով ուժեղանում է, ես չեմ և ոչ էլ համալսարանն է։ Դրա մեղավորը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմնի ներկայացուցիչներն են»։ Նա նաև հավելել է․- «Ես արդեն տեղյակ եմ՝ փոխելու են Հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որ կարողանան ինձ հանելու հաճույքը ստանալ: Ես այդ հաճույքը նրանց չեմ պատճառի»:

2006 թվականից Հայաստանի ամենամեծ բուհը ղեկավարած Սիմոնյանը իր հրաժարականի ելույթի պատկառելի մասը նվիրել է համալսարանի հարյուրամյակի կապակցությամբ պաշտոնական ոչ մի ուղերձ ու շնորհավորանք չստանալու հանգամանքին:

«Այսպիսի պայմաններում հոբելյան նշելը շատ ծանր է: Իշխանությունները հստակ ասում են՝ հոբելյանը կնշենք այն դեպքում, երբ որ Դուք չեք լինի ռեկտորի պաշտոնում», - ասել է Սիմոնյանը:

Կրթության և գիտության նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն էլ ասաց, որ նախարարությունից ոչ մի ճնշում չի եղել ռեկտորի վրա։

«Միայն նշել, որ մեղավոր է այս կառույցը, կարծում եմ, բավարար հիմնավոր չէ, թող նշի, թե հատկապես որ հարցում է մեղավոր։ Ինչ վերաբերում է նախարարի դիքորոշմանը, նախարարը բազմիցս խոսել է իր դիրքորոշման մասին ու այսօր հնչել է նաև մեղադրանք, որ պաշտոնական շնորհավորանք չի եղել կրթության, գիտության նախարարի անունից 100-ամյակի հետ կապված, սակայն ես իմ էջում էլ եմ անդրադարձել դրան, և դուք կարող եք գտնել նաև մեր պաշտոնական կայքում և Արայիկ Հարությունյանի պաշտոնական էջում՝ նրա պաշտոնական ուղերձը ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ», - ասաց Անժելա Կժդրյանը։

13 տարի ԵՊՀ-ն ղեկավարած Սիմոնյանը անդրադարձել է նաև համալսարանում չարաշահումների փաստով հարուցված քրեական գործին՝ հայտարարելով, որ գործն իր ամբողջ ծանրությամբ առաջին հերթին իր ուսերին է:

«Բայց ես համոզված ասում եմ, որ մենք արդար ենք: Եվ այս դժվարություններից մենք դուրս ենք գալու: Այս ամբողջ գործընթացը թանկ է արժենում ինձ և մանավանդ իմ ընտանիքին՝ առողջության և բարոյականության, հոգեկան վիճակի տեսանկյունից: Բայց այն նաև չի նսեմացնում իմ և իմ ընտանիքի անդամների ցանկությունը՝ հավատալու համալսարանի ապագային, համոզմունքին, որ մենք ճիշտ ենք, որ ես՝ որպես համալսարանի ռեկտոր, այս տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, ճիշտ եմ գործել: Թերություններ եղել են, բայց գնացել և փորձել եմ անել այն ամենը, ինչ որ կարողացել եմ»,- ասել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, փետրվարին ոստիկանությունը հաղորդեց, որ ԵՊՀ-ում առանձնապես խոշոր չափի չարաշահումներ է բացահայտել, դրանից հետո ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրեց ռեկտորի լիազորությունների դադարեցման օրակարգով, սակայն խորհուրդը օրակարգը չհաստատեց և Սիմոնյանը շարունակեց իր պաշտոնավարումը։

Հեղափոխությունից հետո Սիմոնյանի հրաժարականի պահանջով մի քանի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք հիմնականում նախաձեռնել էր ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնությունը: Մի քանի շաբաթ առաջ էլ կրթության նախարարն էր հայտարարել, թե լրջագույն խնդիրներ է տեսնում Սիմոնյանի պաշտոնավարման մեջ՝ պնդելով, որ այս ռեկտորի օրոք համալսարանը չի կարող զարգանալ: Սիմոնյանը պնդում էր, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում, քանի որ նախկին իշխող ուժի՝ հանրապետականի անդամ է:

ԵՊՀ արդեն նախկին ռեկտորը այսօր հայտարարել է, որ մնալու է համալսարանում՝ կշարունակի ղեկավարել Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG