Սիսում շուրջ 30 տարի սպասել են գյուղի ճանապարհի կառուցմանը։ Արարատի մարզի այս գյուղում վերջին երկու ամիսներին արդեն սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած ասֆալտին։
Կառավարության ղեկավարը անակնկալ այցով մարտի 16-ին հարևան Ռանչպար գյուղում էր։ Սիսի երիտասարդները, տեսնելով վարչապետի ուղիղ հեռարձակումը Ռանչպարից, շտապել էին նրան հրավիրել գյուղ։ Փաշինյանը խոստացել էր և րոպեներ անց արդեն Սիսում էր։ Այցի ընթացքում համագյուղացիների և գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մելքոնյանի հետ միաձայն որոշել են, որ գյուղի ամենակարևոր խնդիրը ճանապարհն է։
Առաջին անգամ երկրի ղեկավար հյուրընկալած սիսեցիներին ճանապարհը կառուցելու հերթական խոստումը Նիկոլ Փաշինյանը տվեց։ Գյուղապետին հանձնարարեց նախագիծ-նախահաշիվ կազմել։
Մինչ նախագիծ-նախահաշիվը ձեռքներին, համբերատար գյուղացիները սպասում են վարչապետի խոստման իրականանալուն, գյուղի երեխաները կորցնում են հավատը։
Հուսահատված երեխաներին խաղաղեցնում և համբերություն ունենալու խրատներ է տալիս ավագ սերունդը։
Գյուղի խարխուլ ճանապարհով իր գործն է շարունակում միակ երթուղու ավտոբուսի վարորդը։ Թեև ամեն օր «տանկի ճանապարհով» է երթևեկում, բայց, ասում է, գյուղացիների հետ հարմարվել է, լավ մարդիկ են։
Երեխաները նույնպես գյուղի միակ խնդիրը ճանապարհն են համարում։ Գյուղապետի պաշտոնակատարից գոհ են, ասում են՝ մի քանի ամսում գյուղի համար շատ բան է արել, անգամ Նոր տարուն տոնածառ դրեց։
Դպրոցականների կարծիքով՝ գյուղում մի շատ կարևոր բան ևս պետք է փոխվի։
«Ազատության» «Գյուղամեջ» հաղորդաշարի՝ Սիսին նվիրված թողարկումը կարող եք դիտել այստեղ․