Մատչելիության հղումներ

Արարատյան դաշտի պայծառ աֆրոամերիկացին


Ամերիկյան Խաղաղության կորպուսի կամավոր Մանթե Փեթերսոնը արդեն 2 ամիս է՝ ապրում է Արարատի մարզի Նորամարգ գյուղում։ Գյուղերի երեխաներին անգլերեն է դասավանդելու:

Տոնապետյանների ընտանիքի ջերմ ընդունելությունից տպավորված աֆրոամերիկացին արդեն հասցրել է սիրել նրանց։ 27-ամյա երիտասարդն արդեն կարողանում է հայերեն շփվել նոր ընտանիքի հետ։ Հայերենի հարցում դժվարանում է։ Բայց պատրաստ է հաղթահարել։

«Էսօր հոգնած եմ, որովհետև ամեն օր սովորել հայերեն», - ասում է նա: - «Հայերեն շատ դժվար, բայց ոչինչ»:

Այդուհանդերձ, ամերիկացի կամավորը կարծում է, որ լեզուն խոչընդոտ չէ մարդկանց հետ շփվելու, նրանց հյուրընկալությունն ու ջերմությունը զգալու համար։

Մանթեն շատ է հավանել հայկական ուտեստները։ Հյուրընկալող ընտանիքի տան անդամներին օգնում է գյուղական գործերում, նաև հասցրել է լավաշ թխել, խորոված անել: - «Ես սիրում եմ ուտել ամեն ինչ, ամեն ինչ համով: Ես սիրում եմ ուտել խորոված և զուկ․․․ և կարտոֆիլ», - պատմում է նա:

Ընտանիքի մայրը՝ տիկին Զուլեյկան ուրախ է՝ իրենց «նոր տղան» քմահաճ չէ: Ամեն ինչ սիրով է ուտում։ - «Իրա համար շատ հետաքրքիր էր զատիկը՝ որ բուլկի, թխվածքներ որ թխում էի, Մանթեն հերթով ուտում էր», - պատմում է տանտիկինը:

Տիկնոջ խոսքով՝ Մանթեն իրենց տուն ուրախություն է բերել:

Ուրախությունը միայն Տոնապետյանների ընտանիք չի եկել, նաև գյուղի երեխաների առօրյան է ուրախ անցնում իրենց սևամորթ ընկերոջ հետ։ Ամեն օր մայրամուտին Մանթեն և գյուղի երեխաները վազում են, սպորտով զբաղվում, պարում իրար հետ։

Գյուղի երեխաների համար սկզբում անսովոր, կարճ ժամանակ անց արդեն հարազատ դարձած Մանթեն ուրախ է. Նորամարգում մարդիկ իր նկատմամբ ուշադիր են, որևէ խտրականություն չի զգում։

«Ուրախ եմ, որ մարդիկ նկատում են ինձ, ու ոչ թե դրա համար, որ նայեն, նկարվեն հետս, այլև ինձ հետ շփվեն: Եվ դրա համար ես երախտապարտ եմ», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG