Սա «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տարեկան զեկուցի ցուցանիշներն են։
Հայաստանը զբաղեցնում է 61-րդ տեղը՝ մեկ կետով զիջելով հարևան Վրաստանին։ Ադրբեջանը 3 կետով զիջել է դիրքերը՝ զբաղեցնելով 166-րդ տեղն աշխարհում։
Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը կարծում է, որ ապրիլյան հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատվեց տարերային մամուլի ազատություն և ժողովրդավարություն․ - «Ակնհայտորեն փոխվեց իշխանության վերաբերմունքը մամուլի նկատմամբ: Եթե առաջ կային ճնշումների դրսևորումներ, կային ջանքեր իշխանությունների կողմից՝ վերահսկել ամենաազդեցիկ լրատվամիջոցները և առաջին հերթին հեռուստաալիքները, հիմա մենք չենք տեսնում, որ իշխանությունը ցանկանում է դոմինանտ դիրքեր զբաղեցնել լրատվական դաշտում»:
Ըստ Նավասարդյանի, Հայաստանի վարկանիշի վրա մեծ ազդեցություն է թողել նաև վերջին ընտրությունների լուսաբանումը, որը Երևանի մամուլի ակումբի նախագահը որակում է «աննախադեպ ազատ և բազմազան»։ Եվ տարերայնորեն ձևավորված այս միջավայրը պետք է ամրապնդվի լրատվական դաշտը կարգավորող նորացված օրենսդրությամբ։
Այդ ուղղությամբ, Նավասարդյանի խոսքով, նախորդ տարի գրեթե քայլեր չձեռնարկվեցին․ - «Այս տարի մենք պետք է բավականին ակտիվ լինենք՝ համագործակցելով խորհրդարանի մեր գործընկերների հետ, և առաջ տանենք շատ ավելի առաջադեմ օրենքների նախագծեր, քան այն օրենսդրությունը, որ գործում է այսօր»:
Անդրադառնալով ապատեղեկատվության տարածմանը՝ Բորիս Նավասարդյանը նշեց, որ այստեղ նույնպես օրենսդրական կարգավորումներ են անհրաժեշտ․ - «Մեզ անհրաժեշտ է, որպեսզի լինի լրատվամիջոցների սեփականատերերի և ֆինանսական աղբյուրների թափանցիկություն: Ցանկացած անձ իրավունք ունի հասկանալ, ինչ կամ ով է կանգնած այս կամ այն լրատվամիջոցի հետևում»:
Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի միության անունից շնորհավորել է Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Անդրադառնալով կեղծ տեղեկությունների տարածմանը՝ Մոգերինին ասել է․ - «Ապատեղեկատվությունն ունի ժողովրդավարական գործընթացների և հանրային բանավեճերի վրա բացասաբար ներազդելու մեծ ներուժ ամբողջ աշխարհում, իսկ Եվրոպական միությունը բացառություն չէ: Այդ պատճառով նախաձեռնել ենք «Ապատեղեկատվությանն ընդդեմ ԵՄ գործողությունների ծրագիրը»»:
Իսկ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, կարևորելով մամուլի ազատության դերը, գրել է. - «Համաշխարհային մեդիա գործակալության շրջանակներում Միացյալ Նահանգները ֆինանսական աջակցություն է տրամադրում խմբագրական առումով անկախ մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ամերիկայի ձայն»-ին, Ազատ Եվրոպա / Ազատություն Ռադիոկայանին, «Ազատ Ասիա» Ռադիոկայանին, «Մարթի» հեռուստառադիոընկերությանը և Մերձավոր Արևելյան հեռարձակման ցանցին, որոնք հաղորդում և հեռարձակում են աշխարհի այս առանցքային տարածաշրջաններին վերաբերող լուրեր, տեղեկատվություն և վերլուծություններ՝ մինչ նրանց լրագրողները հարկադրված են դիմագրավել ճնշումների, տուգանքների և անգամ ազատազրկման»:
Ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի, 2018 թվականին ամբողջ աշխարհում կալանավորված է 251 լրագրող, որոնց կեսից ավելին՝ Թուրքիայում, Չինաստանում և Եգիպտոսում: