Մատչելիության հղումներ

Իշխանությունները չեն կարող մաքրություն իրականացնել, եթե չլինի քաղաքացիների կողմից էս խնդրի գիտակցումը. Միրզոյան


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Երևանն այնքան էլ մաքուր քաղաք չի համարում։ Կարծում է՝ քաղաքում քիչ են կանաչ տարածքները, շատ է փոշին։ Ինքն անձամբ ավելի ուշ միացավ այսօր իրականացվող համապետական շաբաթօրյակին, բայց հասցրեց ծառեր տնկել և կնոջ ու երեխաների հետ մաքրություն անել Երևանի Օղակաձև զբոսայգում։

«Կնոջս և երեխաներիս հետ որոշեցի միանամ, իսկ դա տենց միշտ մի քիչ ուշացնում է, այնուամենայնիվ, հիմնական մասը աշխատանքի բաց ենք թողել, ափսոս», - ասաց Միրզոյանը։

Մայրաքաղաքում մաքրություն պահպանելու համար ԱԺ նախագահը կարևորեց և՛ քաղաքային իշխանությունների, և՛ քաղաքացիների դերը։

«Արդյո՞ք քաղաքային իշխանությունները կարող են ի վերջո 100-տոկոսանոց մաքրություն իրականացնել, եթե չլինի քաղաքացիների կողմից էս խնդրի գիտակցումը և մաքրության կարևորումը և չկեղտոտելը։ Որևէ իշխանություն քաղաքային որևէ քաղաքում չի հասցնի ամբողջը մաքրել, եթե քաղաքացիները շարունակաբար աղբը ոչ թե աղբամանը նետեն, այլ փողոցում, կանաչի վրա», - նշեց Միրզոյանը։

Օղակաձև զբոսայգու մաքրությունն այսօր Ազգային ժողովի պատգամավորներին էր հանձնված։ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը նկատեց՝ զբոսայգում աղբամաններ չկան, հետևաբար դժվար է քաղաքացուց ակնկալել լիարժեք մաքրության ապահովում։ Էնֆիաջյանի խոսքով՝ խնդրին պետք է ամբողջական լուծում տալ։

«Հասարակական զուգարաններն են բացակայում, նմանատիպ հարցերը չափազանց կարևոր են, որպեսզի մեկ անգամ, երկու անգամ նմանատիպ նախաձեռնություններից հետո իրականում պահպանվի մթնոլորտն ու միջավայրը, ինչին որ միտված էս աշխատանքները արվում են», - ընդգծեց Էնֆիաջյանը։

Զբոսայգին մաքրող պատգամավորներից «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը ևս «Ազատության» հետ զրուցում կարևորեց հասարակության մոտ միջավայրը մաքուր պահելու նոր մշակույթի ձևավորումը։ Անդրադառնալով ֆեյսբուքյան գրառումների պատճառով իր հասցեին հնչած քննադատություններին՝ պատգամավորն ասաց, որ եթե դրանք առողջ են, ինքը միայն դասեր է քաղում։

«Մեծ մասամբ հիմնականում չափերը անցած, սահմանագծերը անցած տարբեր տեսակի արտահայտություններ են, դրանց ես պարզապես ուշադրություն չեմ դարձնում, որովհետև ինչ-որ տեղ ցանկացած հայհոյանք խղճահարություն է արթնացնում», - նշեց Բադալյանը։

Խորհրդարանական իշխող խմբակցության պատգամավորների՝ հաճախ քննադատությունների կիզակետում հայտնվելը Լուսինե Բադալյանը չի պայմանավորում իրենց անփորձությամբ։

«Ինչքան էլ ասում են՝ անփորձ, դրան էդ անունը տան՝ անփորձ, ես չեմ կարծում, որ մեր մոտ շատ են անփորձ մարդիկ։ Բոլորն էլ իրենց ոլորտներում ու, ընդհանուր առմամբ, իրենց քաղաքացիական գիտակցությամբ ճիշտ հակառակը՝ շատ փորձառու մարդիկ են։ Ես սա համարում եմ նորմալ։ Նորմալ ինչ առումով՝ մեր իրականության մեջ, ցանկացած նորմալ իրականության մեջ դա չէր համարվի ադեկվատ և նորմալ, բայց մենք ունենք այն, ինչ ունենք, և մենք շատ լավ գիտենք, որ խնդիր կա, և շատ լավ գիտենք՝ որ խնդիրը որտեղից է գալիս», - ասաց Բադալյանը։

Շաբաթօրյակին ջանասիրաբար մասնակցողներից էր նաև «Իմ քայլը» խմբակցության ավագներից Հովիկ Աղազարյանը։

«Մենք երբ որ ապրիլյան պատերազմից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով կամավորական ջոկատ կազմեցինք, գնացինք, խրամատ էինք փորում, չգիտեմ՝ տեղյակ եք, թե չէ, և շատ, ահագին փորել ենք և լավ խրամատներ էինք փորել, և պարոն Աղազարյանը առաջամարտիկ էր», - նշեց Միրզոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG