Մատչելիության հղումներ

Վահան Շիրխանյանը «ստերի ժողովածու» է որակում Ռոբերտ Քոչարյանի գիրքը


Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծավալուն բաց նամակ է գրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ դրա նախաբանում երկրորդ նախագահի հեղինակած գիրքը որակելով «ստերի հավաքածու»:

«Ուզում եմ թարմացնել հիշողությունդ մի քանի դրվագներով», - գրել է Շիրխանյանը, ապա 23 կետերում ներկայացրել 1998 -1999 թվականների իրադարձությունների իր տարբերակը:

Շիրխանյանը իր նամակում Քոչարյանին մեղադրում է արտաքին քաղաքական ձախողումների համար, խոսում է պետության կրած միլիարդների հասնող ֆինանսական վնասների մասին, որոնց վերաբերյալ քննությունը ավարտին չի հասել Հոկտեմբերի 27-ի պատճառով: Նաև պնդում է, որ 1999 թվականին Միացյալ Նահանգներում վարչապետ Վազգեն Սարգսյանին ներկայացվել է հսկայական հաշիվներ ունեցող հայ պաշտոնյաների ցուցակ, ինչը զայրացրել է նրան, ինչից հետո արդյունաբերության մեջ «կամավոր» ներդրումներ են կատարել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում ՝ Սերժ Սարգսյանը՝ 200 միլիոն դոլարի չափով:

Հոկտեմբերի 27-ի մասով Շիրխանյանը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը դիտմամբ ձգձգել է հանդիպումը ահաբեկիչների հետ, որպեսզի «եթե վիրավոր լիներ, փրկելու շանս չմնար»: Բացի այդ, ըստ Շիրխանյանի, Քոչարյանը հույս ուներ, որ Վազգեն Սարգսյանիի թիմը կգրոհի դահլիճի վրա, իսկ Քոչարյանը կունենա նրա թիմը ոչնչացնելու բոլոր հիմքերը:

Շիրխանյանի խոսքով՝ իրեն, Գագիկ Ջհանգիրյանին և Ռոբերտ Քոչարյանին Գորիկ Հակոբյանը ներկայացրել է մի թղթապանակ՝ ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի մասին, սակայն հետագայում այդ թղթապանակն անհետացել է:

«Միգուցե հայտնե՞ս, թե ո՞վ հրահանգեց ոչնչացնել այդ գործը, որը մենք չորս զույգ աչքերով տեսանք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակի սեղանին», - Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր նամակում գրում է Վահան Շիրխանյանը։

Պաշտպանության նախկին փոխնախարարն իր բաց նամակում անդրադառնում է նաև Ղարաբաղյան հարցի լուծման «Մեղրիի տարբերակին» ՝ նշելով, որ իր հետ զրույցում Վազգեն Սարգսյանը զայրացած ասել է, թե Քոչարյանը համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ:

«Ազատության» հետ զրույցում հարցին, թե ինչու է այս տեղեկությունները հիմա հրապարակում, Վահան Շիրխանյանը պատասխանեց․ - «Խնդիրը այն է, որ մինչև մենք չիմանանք մեր ճշմարիտ անցյալը, մենք չենք կարող կառուցել ապագա: Ստերի վրա հիմնվելով, սերունդներին շեղելով ճշմարտությունից՝ ապագա կառուցել հնարավոր չի․․․ Որոշ բաների մասին ես շատ եմ խոսել ու մշտական՝ ամբողջ 18 տարի: Այնպես որ ամեն ինչ ժամանակին է արված: Ճշմարտությունը պետք է ապագայի կառուցման հիմքում լինի»:

Իսկ հարցին, թե կարող է արդյոք սա հիմք դառնալ, որպեսզի Հոկտեմբերի 27-ը բացահայտվի, Շինխանյանը պատասխանեց․ - «Իհարկե»:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը «Ազատությանը» փոխանցեց, որ երեկ է հանդիպել երկրորդ նախագահին, հանդիպելու է նաև այսօր, սակայն Շիրխանյանի բաց նամակի մասին չի տեղեկացրել Ռոբերտ Քոչարյանին եւ չի պատրաստվում տեղեկացնել:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը խորհուրդ տվեց այլ թեմաներով հարցեր ուղղել:

Դատախազությունից փոխանցեցին, որ ուսումնասիրում են նամակի բովանդակությունը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է, թե վերջին երկու տասնամյակներում տարբեր քաղաքական իրավիճակներում հիշողություններ են հրապարակ բերում՝ գրքերի, նամակների տեսքով, և դա դա միմյանց հետ հաշիվներ պարզելու միջոցի է վերածվել:

Ըստ Բադալյանի, այս դեպքում հավաստիության խնդիր է առաջ գալիս, մանավանդ որ այդ իրենց հուշերում նախկին քաղաքական գործիչները հղում են անում վախճանված մարդկանց․ - «Ամենախնդրահարույցը էստեղ նաև հետևյալն է․ երբ փորձ է արվում էստեղ շատ բաներ կառուցել մահացած մարդկանց հետ անձնական զրույցների վրա: Կոնկրետ էս դեպքում մենք տեսնում ենք, որ ներկայացվում են Վազգեն Սարգսյանի հետ անձնական զրույցներ երրորդ մարդու՝ տվյալ դեպքում Քոչարյանի մասին, և շատ մեծ հարց է, թե որքանով են դրանք հավաստի: Սա մի երևույթ է, որը նկատվում է շատերի մոտ, այդ թվում՝ նաև հնարավոր է Քոչարյանի»:

Քաղաքական վերլուծաբանն ասում է, որ տարիներ են անհրաժեշտ իրադարձություններն իրապես օբյեկտիվ գնահատելու համար․ - «Գնահատել այդ ժամանակահատվածը մարդկանց հիշողություններով, որոնք մասնակից են եղել: Գործնականում բոլոր մասնակիցները կամ դրանց գերակշռող մասը զբաղեցրել են բարձր պաշտոններ, էդ պաշտոններում եղած ժամանակ լռություն են պահպանել էն երևույթների մասին, որոնց մասին հիմա իրենք խոսում են և ներկայացնում որպես մեկ այլ անձի հանցանք և այլն: Էս ամեն ինչը չի կարող իսկապես ճշգրիտ գնահատման առարկա լինել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG