Մատչելիության հղումներ

Շիրակի Անիպեմզա գյուղն ամսագիր ունի


Շիրակի մարզի Անիպեմզա գյուղն ամսագիր ունի։ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով գյուղ տեղափոխված ուսուցչուհու՝ Լիլիթ Սարգսյանի նախաձեռնությամբ դպրոցի մի խումբ աշակերտներ խմբագրություն են ստեղծել և արդեն թողարկել են ամսագրի երկրորդ համարը։

Մոտ 200 բնակիչ ունեցող գյուղի խնդիրներով սկսել են մտահոգվել երեխաները։ Բայց ի տարբերություն մեծերի՝ նրանք չեն բողոքում և փորձում են քայլեր ձեռնարկել դրանք լուծելու համար։

«Անիպեմզա» ամսագրի վաճառքից ստացված գումարը հատուկ նպատակի է ուղղվում։ Երեխաներն ընկեր Լիլիթի հետ ուզում են գյուղում խաղահրապարակ կառուցել։ Գյուղը սահմանակից է Թուրքիային, և հաճախ երեխաների գնդակները հայտնվում են սահմանից այն կողմ։

Ինչպես Երևանից գյուղ եկած ընկեր Լիլիթը, այնպես էլ գյուղի ֆուտբոլասեր երեխաներն արդեն պատկերացնում են, թե ինչպիսի դաշտ պետք է դառնա երեխաների ներկայիս միակ քիչ թե շատ հարմար խաղավայրը։

Անիպեմզայում շենքերն ի սկզբանե կառուցվել են գյուղի հանքերում աշխատողների համար որպես կացարաններ։ Բայց այսօր դրանք դարձել են բնակարաններ, որոնցում կոմունալ հարմարություններն իսպառ բացակայում են։ Տներում սանհանգույցներ չկան, խմելու ջուրն էլ գնում են։ Այս դժվարությունները չեն շրջանցել նաև քաղաքի կյանքի սովոր ընկեր Լիլիթին։ Ասում է՝ հաղթահարել է, ավելին, սկսել է սիրել գյուղն ու գյուղացիներին։

«Ազատության» «Գյուղամեջ» հաղորդաշարի «ՊեմզաԲԼՈԳԻ» խմբագրությունը․ Անիպեմզա» թողարկումը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG