Մատչելիության հղումներ

«Ծխողի իրավունք հասկացություն չկա․ Հայաստանում թոքի քաղցկեղը առաջին տեղում է»․ Առողջապահության նախարար


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կանխատեսմամբ՝ եթե Հայաստանում հինգ տարվա ընթացքում ծխախոտի գինը մի քանի անգամ բարձրանա, ծխողները կկազմեն հանրության 32 տոկոսը:

«Սա ապացուցված ա, էդ ես չեմ հորինել», - Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր կազմակերպված քննարկմանը հիմնավորեց Արսեն Թորոսյանը: - «Մյուս ազդող ռիսկի գործոնը վայրերում սահմանափակումն ա, մյուս ազդող ռիսկի գործոնը սիգարետի տուփի վրա վատ նկարներ դնելն ա»:

Զարգացած երկրներում ծխախոտ գնելու համար մեծ ջանքեր են պահանջվում, ամեն տեղ չի վաճառվում, թանկ է, ինչն էլ ստիպում է շատերին հրաժարվել ծխելուց:

Իսկ Հայաստանը, Թորոսյանի ձևակերպմամբ՝ ծխախոտային դրախտ է․ - «Չնայած ես տենց երկիր չգիտեմ, որ ավելի էժան ա, քան Հայաստանում: Օրինակ, ոնց են Հայաստանից չամադաններով սիգարետ տանում Ռուսաստան, դաժե Վրաստան․․․ Որովհետև Վրաստանում էլ ա ավելի թանկ»:

Հանձնաժողովում հյուրընկալվել էր ծխելու դեմ պայքարի նախաձեռնության, այպես ասած, տուժող կողմը՝ «Նարգիլե սիրողների միության» մասնագիտացված ակումբի ներկայացուցիչ Գոռ Գասպարյանը:

«Օրենքի նախագիծը ընդունելուց հետո փակվելու է մի քանի տասնյակ ակումբ, գործազուրկ կմնա մի քանի հարյուր աշխատակից», - բողոքեց նարգիլեի սիրահարը: - «Ձեր նախագծով մենք ոչ թե տուժում ենք, ոնց որ դուք եք ասում, որոշակի տոկոս, տասը տոկոս, քսան տոկոս․․․ մենք ուղղակի փակվում ենք»:

Արսեն Թորոսյանն արձագանքեց․ - «Ես չեմ կարող ընդունելը ստորադասումը մարդու առողջ մնալու իրավունքի այլ իրավունքներին: Կարանք քննարկենք, որ բոլորը մաքսիմալ չտուժեն: Ինչքան հնարավոր ա»:

Հանրային վայրերում ծխելը սահմանափակող օրենսդրական նախագիծը կառավարությունում է, թեժ քննարկվում է: Ծխողներն էլ իրենց ծխելու իրավունքն են փորձում պաշտպանել:

Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամները տեղում կանխեցին՝ ծխողի իրավունք հասկացություն չկա:

Ծխախոտի թանկացմամբ հնարավոր կլինի կանխարգելել տարեկան 88 հազար վաղաժամ մահ: Ըստ առողջապահության ոլորտի պատասխանատուի՝ սա Հարվարդի, Վաշինգտոնի, Համաշխարհային բանկի հեղինակավոր փորձագետների հետազոտությությունն է: Արվել է երկու տարի առաջ: Բայց ծխելու վնասարար ազդեցության մասին Հայաստանյան ցուցանիշներն էլ պակաս խոսուն չեն:

«Մենակ Հայաստանի օրինակը հերիք ա ցույց տալու համար, թե ինչքան ա ծխելը քաղցկեղ առաջացնում, էլ չեմ ասում սիրտ-անոթայինները: Մեր մոտ թոքի քաղցկեղն ա առաջինը», - ասաց Թորոսյանը:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) ասաց․ - «Այստեղ ես պիտի պաշտպանեմ նախարարի տեսակետը․ ցանկացած մարդ ունի ինքնասպան լինելու իրավունք․․․ Բայց ինքնասպանության դրդելու իրավունք չկա: Հիմա նախարարությունը ասում ա, որ իրենք չենք ուզում ձեզ դրդել ինքնասպանության»:

Գործադիրի ներկայացուցիչը փորձեց փարատել նախագծին ընդդիմացողների կասկածները՝ ասելով, թե որևէ բիզնես գործունեություն արգելելու խնդիր չի դրվել: Իսկ պատգամավորները խոստացան օրենսդիրում քննարկելիս չանտեսել տնտեսական շահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG