Մատչելիության հղումներ

Երևանի կենտրոնում դեռևս կանգուն մնացած շենքերի բնակիչները պնդում են, որ շարունակելու են պայքարը


Հյուսիային պողոտայի տարածքում գտնվող շենքերի բնակիչները զրուցում են «Ազատության» լրագրողի հետ, 5 փետրվարի 2019թ.
Հյուսիային պողոտայի տարածքում գտնվող շենքերի բնակիչները զրուցում են «Ազատության» լրագրողի հետ, 5 փետրվարի 2019թ.

Հյուսիային պողոտայի տարածքում գտնվող հին Երևանի վերջին շենքերի բնակիչներն ասում են՝ կառուցապատողի հետ իրենց շենքերի համար տարվող 12-ամյա պայքարը դեռ շարունակվում է:

Թեև քաղաքային նոր իշխանություններից գրավոր պատասխան չեն ստացել, բայց հուսադրող են համարում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հայտարարությունը վերջերս տեղի ունեցած ասուլիսում:

«Եթե բոլոր բնակիչները միասին ասեին ոչ, էնքան հեշտ կլիներ: Բայց մի մասը համաձայնվեցին, մի մասը գումար վերցրեցին, մի մասը գնացին և էսպես ասած, էն մարդիկ, ովքեր ուզում են մնան իրենց տարածքում, իրենց քանակը, ցավոք սրտի, բավականին կրճատվեց։ Այդ կառույցը կարելի է ճակատային խնդիրները լուծել, բայց քանդել.... ճիշտն ասած քանդելուց հեշտ բան չկա էս կյանքում, դրա համար էդ կառույցի վերաբերյալ ես չեմ շտապում։ Եկեք մի քիչ սպասենք, որովհետև ես հիմա թույլ չեմ տա, որ որևիցե քանդման աշխատանքներ սկսվեն կամ վթարումներ։ Մի քիչ մտածենք, տեսնենք՝ ինչ լուծում կարելի է գտնել, էնպես, որ համ բնակիչները շահեն, հա՛մ էլ քաղաքի ամենասրտում, կենտրոնում գտնվող էդ կառույցը իր ճարտարապետական տեսքով մի քիչ ավելի հետաքրքիր դառնա», - նշեց Մեսչյանը։

Կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով կալանավորված, հետո գրավի դիմաց ազատ արձակված Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրս» ընկերությունը, պետության կողմից գերակա շահ ճանաչված այս շենքերի տարածքում, մտադիր էր հյուրանոց կառուցել:

Շենքի բնակիչներից Վարդան Գերավետյանը դիմելով գլխավոր ճարատարապետին՝ ասում է, որ իրենց շենքերում 51 ընտանիք է ապրել, 11 բնակիչ արդեն մահացել է, 4 ընտանիք տեղափոխվել է Մայրապետյաի ընկերության կառուցած, նոր բարձրահարկ շենք, մյուսներն արտագաղթել են, բայց դեռ 22 ընտանիք համառորեն պայքարում է, որ իրենց տունը կառուցապատողին չտան։

«Դա ոչ թե մենակ մեր շենքից են ինչ-որ մարդիկ գնացել, այլ սա ընդհանուր գաղթի ճանապարհն էր: Իսկ ինչ վերաբերում է մեր էս երեք շենքերին՝ կային տարեց մարդիկ, որոնք մահացան, բոլոր մահացողները Սամվել Մայրապետյանին անիծելով են գնացել, և Քոչարյանին էլ հետը, Սերժին էլ հետը, բոլոր էդ իշխանավորներին, որովհետև էդ մարդիկ մինչև մահը չհասկացան՝ ինչի՞ համար պետք է դուրս գան և ի՞նչ պետք է փոխարենը կառուցվի։ Մայրապետյան Սամվելը էս ամբողջ Հյուսիսային պողոտայի կառուցապատողն է, կարելի է ասել։ Եթե մենք էս շենքերը թողեինք քանդվեր, նախադեպ էր ստեղծվում՝ շենքեր քանդելու այդ մեքենան, էդ գերակա շահի, որ պարոն Քոչարյանն է հնարել, այ սենց սրբելով գնալու էին», - ընդգծեց Վարդան Գերավետյանը։

70-ամյա Մելինե Նավասարդյանն «Ազատությանն» ասաց՝ դուրս չի գալու իր տնից, վստահ է քաղաքային նոր իշխանություններն իրենց կաջակցեն: Դիմելով կառուցապատողին՝ ասաց. - «Պարոն Մայրապետյան, Դուք էս շենքը Ձեր ընկերների և Ձեր մեջքին կանգնած մարդկանց շնորհիվ սարքեցիք սառայ»։

Վարդան Գերավետյանը կարծում է, որ Երևանի գխավոր ճարտարապետի հայտարարությունից հետո, հեղափոխությունից հետո կառուցապատողը հետևություն կանի ու հանգիստ կթողնի իրենց:

«Հիմա, բնականաբար, ավելի մեծ սպասումներ ունենք, հույս ունենք, որ հերթական անգամ, մեկ էլ չենք սկսելու պայքարել էս իշխանությունների դեմ։ Ուզում եք կենտրոնում ապրեք, խնդրեմ ապրեք, բայց տեղաբնակներին հանկարծ չփորձեք ձեռ տաք», - ասաց Գերավետյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG