Մատչելիության հղումներ

Արամի 23-ի հարցը դեռ լուծված չէ, ընթացքի մեջ է. Տիգրան Հեքեքյան


«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյան, 4 փոտրվարի 2019թ.
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյան, 4 փոտրվարի 2019թ.

«Արամի 23-ի հարցը դեռ լուծված չէ, ընթացքի մեջ է», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը։

«Ազատության» հարցին, թե Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը իր ասուլիսի ժամանակ ասել է, որ Արամի 23-ի հետ կապված խնդիրը կարծես լուծվել է, և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ևս ասել է, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի հարցը լուծվի, և կարող են համարել, որ հարցը լուծված է, հարցը լուծվա՞ծ է, թե՞ ոչ, Հեքեքյանը պատասխանեց. - «Դեռ ոչ, բայց ընթացքում է»։

«Պատի փլուզումից երեք օր հետո կառավարությունում վարչապետի աշխատակազմի ղեկավարի կազմակերպմամբ, ներկա էին բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցները, և այդ օրը շատ տհաճ, իհարկե, հավաք էր՝ կարելի է դրա մասին հետո, ես ասել եմ, գրել ուղղակի՝ ինչպես են դրսևորում իրենց պետական պաշտոնյաները, որոնք հիմք չունենալով կարող են փորձել մեկին զրպարտել <...>: Բայց կարևոր չէ, կարևորը՝ պարոն Աղաջանյանը ադտեղ վերջնական որոշում կայացրեց, որ կազմակերպությունը, որը մեղավոր էր շենքը քանդելու մեջ, այսինքն՝ կառուցապատող, փոսորակը փորողը, պիտի վճարի, որպեսզի վերակառուցվի, վերանորոգվի շենքը, ինչ որ քանդվել է՝ բերեն հին տեսքի։ Հանձնարարվեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին համակարգել: Պարոն Աղաջանյանն ասեց՝ դա իմ հսկողության տակ է լինելու», - նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավարը։

«Ըստ իս, լուծվածը կլինի այն, երբ որ շենքը կվերակառուցվի», - ընդգծեց Տիգրան Հեքեքյանը։

Նրա խոսքով, վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից և վարչապետի կողմից կա կամք, որ Արամի 23-ի հարցը այդպես պետք է լուծվի․ - «Ես մտածում եմ, որ եթե սա արվեր սեպտեմբերին, նախ այսքան ծախս չէր արվի, շենքի պատը չէր քանդվի։ Չէ որ սա կարելի էր տնտեսել, և նույն մեծահարուստի փողը մնար իրեն կամ տրվեր զինուժին, տվեր կրթությանը, մշակույթին, օգտակար մի բան արվեր երկրին»։

Հեքեքյանը հավելեց, որ այս թեման դեռ փակված չի համարում. - «Որոշումը բանավոր դեռ վերջնական չի, դեռ պայմանագիր կնքված չի։ Պայմանագիրը գուցե կկնքենք ամսի 6-ին»։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում հունվարի 12-ի երեկոյան փլուզում էր տեղի ունեցել: Արամի 23 հասցեում գտնվող շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում է: Շենքը 4-րդ կարգի վթարային է դարձել տարածքում «Հին Երևան» նախագծի շրջանակում ամռանը սկսված փորման աշխատանքներից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG