«Երբ քննարկումների արդյունքում ձևավորվի համապատասխան փաթեթ, «Իմ քայլը» խմբակցությունը կձեռնարկի որոշակի քայլեր», - հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Պետական եկամուտների կոմիտեում պարգևատրումները կատարվել են օրենքի տառին համապատասխան», - Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետո քննարկումից հետո լրագրողների հետ զրուցում հայտարարեց սկալնդալի կենտրոնում հայտնված ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նա պնդեց, թե սուտ են մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ 9 մլն, 8 մլն կամ 7 մլն պարգևատրում է եղել իր ղեկավարած գերատեսչությունում․ - «Ասում ենք, որ պետք է հաշվետվողականություն ունենանք, չէ՞: Հիմա աշխատանքային կարգով մեր գործընկերները հրավիրել են, ես եկել եմ․․․ Մեր իրավաբանների հետ միասին մենք աշխատում ենք՝ ինչպե՞ս անենք, որ հանրայնացնենք էն տեղեկատվությունը, որը հանրայնացնելու այսօր իրավական հնարավորություն չունենք: Պատգամավորները ևս ասեցին, որ առաջիկայում միգուցե պետք է օրենսդրություն փոխել, որ հանրություն և պետական ծառայող այդ կապը շատ ավելի թափանցիկ լինի»:
«Ազատության» հարցին, թե ինչու հենց ՊԵԿ-ի հետ կազմակերպվեց փակ քննարկումը, Անանյանն արձագանքեց․ - «Ինչքանով ես եմ տեղյակ, հերթով բոլորի հետ աշխատանքային քննարկումներ են լինելու»:
Անանյանն ասաց, որ ինքը հայտարարագրել է շուրջ 23 մլն դրամ եկամուտ, և պարզաբանեց․ - «4,8 միլիոն Ֆինանսների նախարարությունից եմ ստացել, 18,5 միլիոն ստացել եմ Պետական եկամուտների կոմիտեից: 4,8-ը ստացել եմ 4,5 ամսվա համար, 18,5-ը ստացել եմ 7,5 ամսվա համար․․․ Իմ եկամուտները ամսեկան 2,3 միլիոնը չեն գերազանցում՝ աշխատավարձով, հավելավճարով և պարգևտրումներով»:
Պետեկամուտների կոմիտեն և կառույցի ղեկավարը հայտնվել էին քննադատության թիրախում մամուլում հայտնված տեղեկությունից հետո, թե գերատեսչությունում բարձր պարգևավճարներ են տրվել աշխատակիցներին:
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ աշխատակիցներին բարձր պարգևավճարներ են տվել նաև մի քանի մարզպետ և նախարարություններ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը: