Մատչելիության հղումներ

Այս պահին բավարար չափով ձնամաքրման աշխատանքեր տեղի չեն ունենում. Հակոբ Արշակյան


Երևանի Արցախի փողոցն այսօր
Երևանի Արցախի փողոցն այսօր

Մի շարք մարզերում և Երևանում երեկ երեկոյան տեղացած առատ ձյան մաքրման աշխատանքները չեն գոհացրել ինչպես բազմաթիվ քաղաքացիների, այնպես էլ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին։ Վերջինս անձամբ է եղել մարզերում, ստուգել ճանապարհների վիճակը ու արձանագրել՝ որոշ հատվածներում ձնամաքրման աշխատանքներ չեն կատարել։

«Անկեղծ ասած, անձամբ համոզվելու համար այս պահին գտնվում եմ Երևան-Եղվարդ մայրուղու վրա և հենց առաջին իսկ ստուգման արդյունքը ինձ չի բավարարում։ Այս պահին բավարար չափով մաքրման աշխատանքեր տեղի չեն ունենում, ուղղակի ուզում եմ ասել, որ աշխատանք իրականացված չի», - նշեց Արշակյանը։

Նախարարի վստահեցմամբ՝ տվյալ ճանապարհը սպասարկող ընկերության անգործությունը անհետևանք չի մնա։ «Մեր աշխատակիցները կապվել են արդեն «Նաիրի ՃՇՇ»-ի հետ, էստեղ ընդհանրապես ցանված չի աղ և ավազ, և սա իր կոնկրետ հետևանքներն է ունենալու։ Առավոտայն կզբաղվենք այս ընկերությանը կարգի հրավիրելու գործով», - ընդգծեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարը։

Արշակյանը նախ ուղիղ հեռարձակմամբ վարորդներին հորդորեց երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ապա կոչով դիմեց ճանշիններին. - «Ընկերություններին կոչ եմ անում, որպեսզի հանկարծ գլուխ չպահեն, քնով չընկնեն, արագ և օպերատիվ հսկեն ճանապարհների անվտանգությունը և կատարեն համապատասխան աշխատանքները»։

Թեև մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքները սկսվել էին երեկոյան, սակայն, առավոտյան համացանցում որոշ փողոցների անմխիթար վիճակը ցուցադրող տեսարաններ հայտնվեցին։ «Ազատության» տեսախցիկը ֆիքսել է Արցախի փողոցը, որտեղ առավոտյան ժամը 9-ի դրությամբ ձնամաքրման դեռ ոչ մի աշխատանք իրականցված չէր։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ՝ օրինակ Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջաններում տեխնիկան երկրորդ պտույտն էր անում նաև երկրորդական փողոցներում։ Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության, մաքրվում են կենտրոնական փողոցներին, շենքերին, ուսումնական հաստատություններին հարող աստիճանահարթակները, կանգառասրահների հարակից հատվածները, մայթերը:

Շրջելով մայրաքաղաքի տարբեր շրջաններում՝ նկատեցինք, որ ժամը 12-ի դրությամբ սառցակալած և ձյունածածկ են մայթեր և գետնանցումներ ինչպես քաղաքի կենտրոնից դուրս, այնպես էլ կենտրոնում։

Ի տարբերություն համացանցային բողոքների, մայրաքաղաքում անցորդները հիմնականում լավ են գնահատում ճանապարհների վիճակը՝ զուգահեռներ տանելով անցած տարիների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG