Ֆրանսիայում շաբաթ օրը՝ հունվարի 12-ին կրկին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել. Փարիզի փողոցներ են դուրս եկել դեղին ժիլետներով հազարավոր ցուցարարներ։
Ոստիկանները փակ են Ֆրանսիայի նախագահի նստավայր՝ Ելիսեյան պալատ տանող ճանապարհները։ Ցուցարարների գործողություններին ի պատասխան ոստիկանությունը Հաղթական կամարի մոտ արցունքաբեր գազ է կիրառել։
Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, օրվա ավարտին ցուցարարների թիվը հասել է 80 հազարի։ Հաղորդվում է մի քանի տասնյակ բերման ենթարկվածների մասին։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի կառավարությունը 2018-ի հոկտեմբերին հայտարարեց վառելիքի հարկերը բարձրանցելու մասին։ Կառավարությունը տնտեսակական այդ քաղաքականությունը բացատրեց բնապահպանական խնդիրները լուծելու, օդի աղտոտվածությունը վերահսկելու նպատակով: Սակայն հազարավոր ցուցարարներ՝ դեղին ժիլետներ հագած, դուրս եկան Փարիզի ու այլ քաղաքների փողոցներ: Նրանք պահանջում էին չեղարկել Ֆրանսիայի նախագահի նախաձեռնած հարկային բարեփոխումները, որոնք հանգեցրել են դիզելային վառելիքի գնի կտրուկ աճին: Ցուցարարները դիմեցին նաև բռնությունների՝ ջարդելով ու հրկիզելով ցուցափեղկեր, ավտոմեքենաներ, նրանց դեմ ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառեց:
Մակրոնը հայտարարեց որոշ զիջումների մասին. նա խոստացավ 2019-ի հունվարից նվազագույն աշխատավարձը բարձրացնել 100 եվրոյով, նվազեցնել թոշակառուների և անապահով խավի հարկերը: Մակրոնը միաժամանակ, նշեց, որ տնտեսական քաղաքականության շրջադարձ չի լինի, ինչպես նաև դատապարտեց տեղի ունեցած բռնությունները: