Մատչելիության հղումներ

«Այբ»-ը Կրթության և գիտության նախարարությունից չի ստացել որևէ պաշտոնական եզրակացություն


«Այբ»-ը Կրթության և գիտության նախարարությունից չի ստացել որևէ պաշտոնական եզրակացություն, հաղորդագրությամբ տեղեկացնում է հիմնադրամը՝ պատասխանելով Կրթության և գիտության նախարարությանը։

Համաձայն նախարարության հաղորդագրության, ավարտվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը մի քանի ուղղություններով և պարզվել է, որ գնումների գործընթացն իրականացվել է խախտումներով, մասնավորապես, դա վերաբերում է Քեմբրիջի համալսարանի հետ կրթական ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքմանը, «Այբ» հիմնադրամի կողմից տարածքի վարձակալությանը և այլ գործարքների:

Ֆինանսական հաջորդ խնդիրը «Այբ» կրթական հիմնադրամի կողմից վարձակալված տարածքի վարձավճարի մեծությունն է, որը, ըստ հաղորդագրության, 30-40 տոկոսով գերազանցում է համարժեք գրասենյակային տարածքի միջին շուկայական արժեքը։ Նախարարությունը առանձնացրել է նաև պետական միջոցներից տրամադրված գումարներից հիմնադրամի աշխատակիցներին տրված ավելի քան 13 միլիոն դրամի չափով պարգևատրումները։

«Առանց ուսումնասիրվող կողմի կարծիքը լսելու և մեկնաբանություններն ունենալու՝ ուսումնասիրության մասին տեղեկություն տարածելը կասկածի տակ է դնում այն կատարողի անաչառությունը և ուսումնասիրության արդյունքները», - «Ազատությանը» տեղեկացրեց «Այբ» հիմնադրամի մամուլի խոսնակը՝ նշելով, որ հիմնադրամն ավելի ուշ կարձագանքի նախարարության ուսումնասիրության բովանդակությանը։

Մինչ այդ հիմնադրամի հաղորդագրության մեջ կարդում ենք. - «ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հերթական անգամ դրսևորեց նույն գործելաոճը և մինչև «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ ուսումնասիրության վերջնական ամփոփումը կրկին ներկայացրեց հանրությանն իր կարծիք-գնահատականը։ Այդպես էր ութ ամիս առաջ, այդպես է հիմա»։

«Ազատությունը» նախարարության հետագա քայլերի մասին հետաքրքվել է Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից:

«Մենք զեկույցը կփոխանցենք, պատասխանները կստանանք ու արդեն կմտածենք, թե ինչ ընթացք ենք տալու, ուր են գնալու էդ փաստաթղթերը, որ ատյաններն են զբաղվելու դրանով», - արձագանքեց Արայիկ Հարությունյանը։

Հարցին, թե «Այբի» հետ հետագա համագործակցությունը ինչպե՞ս է պատկերացնում, ԿԳ նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. - «Ըստ պատասխանների, ըստ վերջնական զեկույցի կորոշենք»։

Հիմնադրամում ստուգումները սկսվեցին իշխանափոխությունից հետո, երբ նախկին կառավարության օրոք տարեկան ավելի քան 600 միլիոն դրամի հատկացումն «Այբ» հիմնադրամին «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում, Կրթության և գիտության նախարության նոր թիմը քաղաքական որոշում որակեց, պայմանավորված հիմնադրամի ներկայացուցիչների և Սերժ Սարգսյանի վարչակազմի հետ սերտ հարաբերություններով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG