Մատչելիության հղումներ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն է նշանակվել Արման Հովակիմյանը


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը նոր տնօրեն ունի։ Երեկ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հրամանով բուժհաստատության ղեկավար է նշանակվել Արման Հովակիմյանը։

Հարցին, թե ինչու է ընտրությունը կանգ առել հենց Հովակիմյանի վրա, Թորոսյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ նա կարողացել է արդեն իսկ դրական փոփոխություններ բերել բժշկական կենտրոնում և կշարունակի այդ փոփոխությունները՝ արդեն լինելով ոչ թե ժամանակավոր պաշտոնակատար, այլ հիմնական տնօրեն»:

Արման Հովակիմյանը վերջին 4 ամիսներին հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Նա այդ աշխատանքին էր անցել նախկին տնօրեն՝ Արա Մինասյանի հեռացումից հետո։ Հետո, ինչպես օրենք է պահանջում, բուժհաստատության ղեկավարի թափուր հաստիքի համար մրցույթ հայտարարվեց, հաղթող ճանաչվեց երեք թեկնածու՝ այդ թվում Հովակիմյանը։ Եվ արդեն նրանց միջից եռօրյա ժամկետում նախարարը կատարեց իր ընտրությունը։

Ու չնայած հիվանդանոցը հայտնվեց աղմկահարույց պատմությունների կիզակերտում, եղան ներքին խժդժություններ, սակայն Թորոսյանը վստահ է՝ նոր տնօրենը կարող է արդյունավետ կառավարել Հայաստանի ամենամեծ բուժհիմնարկը․ - «Ես կարծում եմ, որ տնօրենը ոչ միայն ինքը անձամբ, այլև մեր օգնությամբ, մյուս ղեկավար անձնակազմի օգնությամբ, բժիշկների օգնությամբ․․․ դա կոլեկտիվ գործ է, բոլորս պետք է անենք ու հիվանդանոցը դարձնենք ավելի լավը»:

Նախկին տնօրենը՝ Արա Միասյանը, մոտ 27 տարի պաշտոնավարելուց հետո, աշխատանքից հեռացվեց ամռանը։ Մինասյանը հայտնվեց քրեական պատմությունների կիզակետում, նրան մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: Նախաքննական մարմինը հայտարարեց, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին պետության պատճառել է մոտ 427 միլիոն դրամի վնաս։

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը դեռ չգիտի՝ այդ գումարները կվերադարձվեն հիվանդանոցի՞ն, թե՞ պետբյուջե, բայց մի հստակ շեշտում է՝ պետությունը պետք է կարողանա վերահսկել այն օղակները, որոնց համար պատասխանատվություն է կրում․ - «Ես ինքս եմ պատասխանատվություն կրում, օրինակ, էդ հիվանդանոցի աշխատանքի համար, և մի քիչ տարօրինակ կլինի, եթե ես էդ լիազորությունը չունենամ, կրելով պատասխանատվություն՝ չկարողանամ ընտրել էն մարդուն, ով որ պետք ա իրականում իրականացնի էդ գործը, որի համար որ ես պատասխանատվություն պիտի կրեմ»:

Այս նշանակումը նաեւ քննադատողներ եղան։ Մամուլը գրեց, թե Թորոսյանն ու Հովակիմյանը ընկերներ են, նախարարը կրկին իր մտերիմներին է աշխատանք տալիս։

Ոլորտի ղեկավարը հակադարձեց․ - «Արման Հովակիմյանի հետ ծանոթացել եմ նշանակվելուցս էրկու ամիս հետո»:

Բացի Արման Հովակիմյանից, դեկտեմբերի 11-ին կայացած մրցույթում հաղթող էին ճանաչվել նաև Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ու համակարգի նախկին աշխատող Աշոտ Անտոնյանը:

Փոխնախարար Խաչատրյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց, որ չի կարող ասել, թե ինչու նախարարի ընտրությունն իր վրա կանգ չի առել, բայց մրցույթը եղել է արդար, ու իր և Թորոսյանի հարաբերությունները դրանից չեն փոխվել․ - «Ես երկար տարիների ընթացքում, ոչ միայն այս պաշտոնում, բավականաչափ մեծ փորձ եմ կուտակել, գիտելիք եմ կուտակել և էդ գիտելիքը, փորձառությունը, կարողությունները ցանկություն էր առաջացել օգտագործել պրակտիկ հանրապետւթյան առաջատար կլինիկաներից մեկում: Էդ նկատառումներից ելնելով՝ դիմել եմ մրցույթին, որոշում են կայացրել ուրիշին նշանակելու, ես էդտեղ խնդիր չեմ տեսնում»:

Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը 20 բաժանմունք, ավելի 1600 հոգանոց անձնակազմ ունի:
Նորանշանակ ղեկավար Արման Հովակիմյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս պահին բուժհաստատությունը ֆինանսական դժվարություններ ունի, բայց խոստացավ ոտքի կանգնեցնել բուժհիմնարկը․ - «Էս 4-5 ամիսներից հետո հիմա մենք արդեն էն ներքևի պլատոյի վրա ենք և այլևս չենք ընկնելու ներքև, ֆինանսական մասով եմ ասում: Պիտի որ սրանից հետո քայլ-քայլ, ճիշտ քայլեր կատարելով մենք դեպի վեր բարձրանանք՝ թեկուզ դանդաղ»:

Արման Հովակիմյանը վստահ է, որ առաջնային, բայց ամենաբարդ գործերից մեկը բուժհիմնարկի բարի համբավի վերակնագնում է։ Հեշտ չի լինելու, սակայն, նորանշանակ ղեկավարն շեշտը դնելու է բուժսպասրկման որակը բարելավելելու վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG