Մատչելիության հղումներ

Չջեռուցվող դպրոցում դասերը մեկ ամսով դադարեցվել են


Շիրակի մարզպետի կարգադրությամբ Գյումրիի թիվ 18 դպրոցի աշակերտները մինչև դեկտեմբերի 15-ը արձակուրդում կլինեն:

Այս որոշման պատճառը ոչ թե 450 աշակերտ ունեցող դպրոցի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքն է, այլ ջեռուցման բացակայությունը: Դասասենյակներում այսօր հազիվ տասն աստիճան էր, այդ պատճառով էլ ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ էին հայտարարել:

Դպրոցը կաթսայատուն ունի, սակայն դրա շահագործումը, դպրոցի տնտեսվար Գագիկ Մարտիրոսյանի խոսքով, խիստ վտանգավոր է․ - «Էս կաթսայատունը շատ ծախսատար է և անվտանգ չէ: Չկա ոչ մի անվտանգության համակարգ: Ահավոր գազի ծախսը շատ, բայց արդյունք չկա»:

Երեկ դասերից 200 աշակերտ էր բացակայել: Այսօր արդեն ավելի կտրուկ քայլի դիմեցին․ ծնողներն ասացին, որ երեխաներին դպրոց չեն բերի, մինչև ջեռուցման հարցը չլուծվի, քանի որ նրանցից շատերն արդեն վատառողջ են:

Դպրոցում ջեռուցման նոր համակարգ անցկացնելու հարցն ընդգրկվել է մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրում: Կառավարությունը մոտ 18 միլիոն դրամ է հատկացրել, սակայն դպրոցի տնօրեն Շողիկ Ալեքսանյանը պնդում է, թե Տարածքային զարգացման հիմնադրամը ձգձգում է մրցույթի անցկացումը:

Նա միևնույն ժամանակ վստահեցրեց՝ իրենք ու մարզային իշխանությունները իրենցից կախված ամեն ինչ արել են, նախագիծն ու նախահաշիվը՝ կազմել:

Մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը ևս բացատրություն չուներ․ - «Ես կոնկրետ պատճառը չեմ կարող ասել ինչն է, որ այսքան երկար ժամանակ ձգձգվեց: Էն, ինչ որ կոնկրետ, մարզպետի, մարզպետարանի աշխատակազմի և գումարների տրամադրման հարցում նաև քաղաքապետարանի կողմից․․․ արվել է ամեն ինչ ժամանակին, դեռ ժամանակից էլ մի քիչ շուտ: Սա փաստ է»:

Մինչդեռ Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանն «Ազատությանն» ասաց, թե միայն այսօր առավոտյան են ստացել նախագիծ-նախահաշիվը և արդեն իսկ մրցույթ են հայտարարել․ - «Մեր կողմից չի ուշացվում: Ընդհակառակը, մենք էլ ենք ուզում արագացնենք: Մենք հիմա կփորձենք մեկ ամսում էդ աշխատանքները արագ ավարտենք, որովհետև, ես հասկանում եմ, էնտեղ ջեռուցում չկա, երեխաները դժգոհում են»:

Մինչ դպրոցի ջեռուցման հարցի լուծումը, առաջարկվեց ժամանակավորապես այլ դպրոց տեղափոխվել, սակայն ծնողները ընդվզեցին: Ավելի ուշ մարզպետը արձակուրդի մասին որոշումը կայացրեց: Մինչև դեկտեմբերի 15-ը բաց թողած դասերը աշակերտները պետք է հետագայում լրացնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG