Մատչելիության հղումներ

Նոր Նորք համայնքում ապօրինի շինություն է ապամոնտաժվում


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, այսօր առավոտից ապամոնտաժվում էր Գյուրջյան 1/3 հասցեում կառուցված ապօրինի շինության մի մասը։

Քաղաքապետարանի պաշտոնյաների գլխավորությամբ ու ոստիկանների հսկողությամբ էքսկավատորը քանդում էր երկհարկանի շինության քարե պատերն ու ջարդում նոր տեղադրված պատուհանները։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանի փոխանցմամբ, շինության ընդհանուր տարածքը 1100 քառակուսի մետր է, կառուցվել է վերջերս առանց որևէ օրինական փաստաթղթի․ - «Պարզվում է, որ շինարարությունը երևի մի ամիս առաջ է սկսված եղել: Ոչ մի շինարարական փաստաթղթեր չկան, թույլտվություն չկա»:

Մհրյանը պնդում է, որ համայնքային իշխանության բազմաթիվ հորդորներին՝ դադարեցնել ապօրինի շինարարությունը, սեփականատերերը չեն ենթարկվել: Շինարարությունն արել են գիշերով՝ օրենքը խախտելով։

Վարչական շրջանի ղեկավարի հետ «Ազատության» զրույցի պահին շինության տարածք վազելով մտավ մի տղամարդ, նրա հետևից՝ մի խումբ ոստիկաններ։

Տղամարդը բորբոքված պնդում էր, թե դատարանում «կասեցում է տված» գործերին․ - «Վեց ամիս ա քաղաքապետարանի դռներն ենք»:

Մինչև հանգստացնում էին բորբոքված տղամարդուն, մեկ ուրիշը ավտոմեքենայով մոտեցավ շինությանը։ Պարզվեց, որ նա էլ երկրորդ սեփականատերն է։ Կրկին փորձում էր ներս մտնել։

Սեփականատերերը հայտարարեցին, թե քաղաքապետարանը իրավունք չունի կառույցը քանդելու, քանի որ Հայկ Մարությանը համապատասխան որոշումը իրենք բողոքարկել են դատարանում։ Ինչ վերաբերում է ապօրինի շինարարությանը, այդ փաստը ընդունում են և ասում են, որ արդեն դիմել են օրինականացնելու համար։

«Ես իրեք ամիս ստե շինարարություն եմ արել, ոչ մեկ դաժե չի իմացե: Իմ սեփական հողի վրեն ես շինարարություն եմ արել, որը ենթակա ա 912 հոդվածով օրինականացման: Հիմա ես դատարանի վճիռ ունեմ, որ քաղաքապետարանի գործողությունները դատարանը կասեցրել ա, որ պըտի օրինականացնեն», - ասաց սեփականատերերից մեկը:

Մյուս սեփականատերը հավելեց․ - «Մենք իրան իրազեկել ենք, քսերոքս ենք տարել, տվել ենք, ասել ենք դատարանում ա: [Դատարանը] Որոշի քանդենք՝ կքանդենք: Խուժանավարի էքսկավատորի շոֆերը մտել ա իմ շենքը, ո՞ր մեկի տունը կարա մտնի․․․»

Քաղաքապետարանն այսօր ամբողջ շինությունը չի քանդելու, քանի որ դատարանը վարույթ է ընդունել սեփականատիրոջ բողոքը։ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանի պարզաբանմամբ՝ 1100 քառակուսի մետրից քանդել են ընդամենը 160-ը։

Այդ տարածքը, Դարբինյանի խոսքով, համայնքային սեփականություն է․ - «Գործողությունները իրավաչափ են, որովհետև ապամոնտաժվում ա էն ապօրինի շինությունը, որը կառուցված է Երևանի սեփականությունը, համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վրա․․ Տվյալ անձինք սադրում են, հրահրում են, դրսևորում են ապօրինի վարքագիծ»:

Շինության տերերից Դավիթ Ահարոնյանը, մինչդեռ, պնդում է, թե բացի սեփական հողից, նաև համայնքից է հող վարձակալել, բայց դրա վրա ոչինչ չի կառուցել։ Նա, սակայն, այդպես էլ չհստակեցրեց, թե ինչու է առանց թույլտվության շինարարություն սկսել։ Միայն ասաց, որ դա եղել է նախկին իշխանության օրոք, ինչի համար արդեն տուգանվել է։ Իսկ այժմ ցանկանում է ոչ միայն օրենքով աշխատել, այլև բարեգործությամբ զբաղվել․ - «Էրեկ ասում եմ՝ մանկապարտեզ քո համար կսարքեմ, դեմը կայնած ասում ա՝ ինձ մանկապարտեզ պետք չի»:

Ռոբերտ Դարբինյանն արձագանքեց․ - «Ես իրավասու չեմ ոչ մի տեսակի մանկապարտեզներ նվեր ընդունելու: Ամեն ինչը կատարվում է օրենքի սահմաններում»:

Այսօր, սակայն, գործն այսքանով ավարտվեց։ Ինչ կլինի հետագայում, արդեն որոշի դատարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG