Մատչելիության հղումներ

Հայրենադարձված գյումրեցի․ Հեղափոխությունը մեզ հետ բերեց


Մոնիկան մոր ու քրոջ հետ մայիսին է Ռուսաստանից վերադարձել Հայաստան, հայրը մնացել է շարունակելու աշխատանքը: 9-ամյա աղջիկը գարնանը ծնողների հետ Իրկուտսկի մարզի Չերեմկով քաղաքում է ուշի-ուշով հետևել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը:

Ապագա ատամնաբույժը շատ է ցանկանում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ․ - «Որ հարցնեմ՝ ե՞րբ պիտի բոլորը լավ ապրեն»:

Գյումրիի թիվ 7 դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանն ասում է, որ արտագաղթի բարձր ցուցանիշ ունեցող Գյումրիում ներգաղթ է նկատվում հատկապես թավշյա հեղափոխությունից հետո: Դպրոցում այս տարի միայն 60 աշակերտ է ներգաղթել, հիմնականում Ռուսաստանից:

Դպրոցի տնօրենը սա աննադեպ երևույթ է համարում, քանի որ վերջին տարիներին սովորաբար արտագաղթել են․ - «Երբևիցե այդպիսի ներգաղթ չէր փաստվել, հայրենադարձություն․․․ շուրջ 60 երեխա տարբեր երկրներից եկան մեր դպրոց՝ սովորելու ցանկությամբ: Իմ ուրախությունը շատ մեծ է, ես էդ պահին ինձ համարում է աշխարհի ամենաերջանիկ դպրոցի տնօրենը: Հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից են եղել, բայց կան նաև Լեհաստանից, Բելգիայից, Թուրքիայից, Վրաստանից, Ուկրաինայից»:

«Հեղափոխությունը մեզ ետ բերեց», - ասում է Մոնիկայի մայրը՝ Լիաննան՝ անթաքույց հույսով, որ այլևս ստիպված չի լինելու արտագաղթի ճամփան բռնել: Մայիսի 5-ին դուստրերի հետ Հայաստան վերադարձած Լիաննան ասում է, որ Ռուսաստանում ապրող հայերից շատերն են իր պես ցանկանում վերադառնալ, շատերն էլ արդեն վերադարձել են:

Պատմում է, թե ինչպես էին Հայաստանից հեռու գտնվելով ողջ հայ համայնքով հեղափոխության օրերի ամեն մի վայրկյանը վերապրել: Լավ է հիշում Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը․ - «Փեսաս միանգամից շամպայնը հանեց: Դեռ շամպայնը չէր բացել, զանգերը․․․ իրար հետևից զանգեր են գալիս, մեկը մեկին է շնորհավորում, տոնում են: Դրա հաջորդ օրը մի հայի սրճարանում հավաքվել էին տղամարդիկ, նշում էին այդ օրը»:

Հայաստանի 2-րդ ու 3-րդ նախագահներին ներել չի կարողանում, որ իր ընտանիքին ստիպել են բռնել արտագաղթի ճամփան․ - «Թողնելով այստեղի ամեն ինչը՝ գնում ես մի մեծ անհայտություն»:

Հին Հայաստանից հիասթափված հեռացած ու նոր Հայաստան հույսով վերադարձած Լիաննան հասցրել է հենց առաջին պահից նկատել, թե մարդկանց մոտ ինչ էր փոխվել․ - «Ժողովրդի դեմքի փայլը, աչքերի փայլը, դեմքի ժպիտը․․․ Հույսը, ամենակարևոր բանը՝ մեծ հույսը»:

Հարցին՝ եթե առիթ լինի հանդիպելու Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ կասի, երիտասարդ կինը պատասխանեց․ - «Պարոն վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյան, չհուսահատեցնեք Ձեզ հավատացողներին, Ձեզ վստահողներին և Ձեր վրա մեծ հույս դնողներին: Որովհետև Ձեզ հավատում է երիտասարդությունը, իսկ կոտրել նրանց հույսը, կնշանակի նորից կորցնել նրանց: Յուրաքանչյուր երիտասարդ, եթե հույս չունեցավ, կբռնի գաղթի ճանապարհը: Իսկ դա նորից կվերադառնանք այն ամենին, որ նորից կփախչեն բոլորը: Թող բոլորը էստեղ գիտենան՝ էնդեղ էստեղից լավ չէ»:

Միակ խնդիրն հիմա բնակարանն է: Երկրաշարժից հետո անօթևանի կարգավիճակ ունեն, սակայն տրամադրած բնակարանի գնման վկայականով տուն չեն կարողացել ձեռք բերել, պետությունն էլ նրանց նկատմամբ բնակարանով ապահովելու պարտավությունն ավարտված է համարել:

Լիաննա հիմա ստիպված դուստրերի հետ հայրական տանն է ապրում․ - «Ասեմ, որ պայմանները բավականին վատ են: Տնակային պայմաններից վատ են: Ես զգացի, որ չեմ կարող թույլ տալ, որ երկու աղջիկ երեխաներս նման պայմաններում մեծանան: Էդ հիասթափություն ա: Էդ ամենը, որ քո երկիրը չի կարող քեզ տալ: Ես ավելին չէի ուզում, պարզապես էդ պարտքը, որ ունեն ազգի ներկայացուցիչների հանդեպ, գոնե դա լիներ»:

Ի դեպ, Գյումրիում մի քանի տասնյակ նման ընտանիքներ կան, որոնց հարցը մարզային իշխանությունները ներակայացրել են կառավարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG