Մատչելիության հղումներ

Վանեցյան․ Գաղտնալսման պատվիրատուն հանրության շրջանում լայն ճանաչում ունի


Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ իրավապահները բացահայտել են իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսելու պատվիրատուին, անունը, սակայն, դեռ չի նշում, ասում է միայն, որ պատվիրատուն Հայաստանից է։

Լրագրողների համառ հարցերին ի պատասխան Վանեցյանը միայն ասաց, որ ենթադրյալ պատվիրատուն ԱԱԾ-ի հետ կապ չունի, իսկ հանրության շրջանում «լայն ճանաչում ունի»:

Գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման շարժառիթը, ըստ Վանեցյանի, եղել է իրեն վարկաբեկելն ու հրաժարականը։

ԱԱԾ տնօրենի խոսքով՝ առայժմ չի ստացվում փաստաթղթերով հիմնավորել պատվիրատուի մասնակցությունը․ - «Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ է, որը, ցավոք սրտի այս փուլում չի լինում»:

Սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ, մասնավորապես, ԱԱԾ պետը խոսում էր ՀՔԾ պետի հետ, թե իբր դատավորներից մեկը զանգել իրեն և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ինչ որոշում է անհրաժեշտ կայացնել: Արթուր Վանեցյանն այսօր պնդեց, ձայնագրությունը եղել է մոնտաժված, ինքը երբևէ դատավորի հետ չի խոսել, հեռախոսազրույցում իր նշած անձը եղել է քննչական խմբի ղեկավարը։

«Ինչ վերաբերվում ա հայտնի իմ արտահայտությանը, ասել եմ՝ ուզես-չուզես պետք ա տաս: Դա էլ եմ ուզում պարզաբանեմ․ եթե արդեն իսկ հայտնի է, որ դատավորի անունը Վաչե Մարգարյան ա, ես ասում եմ Հրաչ․․․ քննչական խմբի ղեկավարը Հրաչ չգիտեմինչյան ա, չեմ ճանաչում ես իրան: Ես Սասուն Խաչատրյանին ասում եմ՝ Հրաչը ի՞նչ ա ասում, ասում ա՝ Հրաչը ասում ա հիմնավոր ա: Ես ասում եմ՝ դե ուրեմն ուզի-չուզի, պետք ա տա»:

Ըստ Վանեցյանի, Հայաստանի տարածքում հնարավոր չէ գաղտնալսել ԱԱԾ պետի հեռախոսը: Կատարողներին դա հաջողվել է, քանի որ ՀՔԾ պետի հետ հեռախոսազրույցի ընթացքում ինքը գտնվել է արտերկրում․ - «Գտնվել եմ ռոումինգի տակ, և ինտերնետային կապուղին պաշտպանված չէ, այսինքն՝ չի գաղտնագրվում: Այդ դեպքում ցանկացած միջին որակի մասնագետ կարող է էդ գաղտնալսումը իրականացնել»:

Գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունից հետո, էլ ըստ Վանեցյանի, ինքը շարունակում է զանգահարել ու ազատորեն շփվել Սասուն Խաչատրյանի հետ:

ԱԱԾ տնօրենի պնդմամբ՝ որոշ լրատվամիջոցներ նույն պատվիրատուի կողմից ֆինանսավորվելով իր անունը վարկաբեկող հոդվածներ են ու նյութեր են հրապարակում․ - «Արդեն Վանեցյան ազգանունը գրելու համար մեծ գումարներ են վերցնում: Մարդիկ կան, վարկեր են փակել արդեն․․․ մի հատ հոդված գրելու համար 3-4 միլիոն դրամ գումար են վերցնում․․․»

XS
SM
MD
LG