Մատչելիության հղումներ

Աղմկահարույց գաղտնալսման «պատվիրատուն հայտնի է»․ ԱԱԾ տնօրեն


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանին և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալսելու «պատվիրատուն Հայաստանից է», հանրության շրջանում «լայն ճանաչում ունի», «ԱԱԾ-ի հետ որևէ կապ չունի», այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Թե երբ քրեական հետապնդում կսկվի այդ անձի նկատմամբ, Վանեցյանը դեռ չգիտի։

«Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ է, շատ-շատ բարդ, որը, ցավոք սրտի, այս փուլում չի լինում», - ասաց ԱԱԾ տնօրենը։

Վանեցյանը նշեց, որ պատվիրատուին անձամբ չի ճանաչում, նրա հետ երբեք չի շփվել։

«Գաղտնալսման ժամանակ գտնվել եմ ռոումինգի տակ։ Այդ դեպքում ինտերնետային կապուղին պաշտպանված չէ, այսինքն՝ չի գաղտնագրվում: Այդ դեպքում ցանկացած միջին որակի մասնագետ կարող էր գաղտնալսումը իրականացնել», - ասաց ԱԱԾ տնօրենը։

Վանեցյանի խոսքով՝ Ազգային անվտանգություն ծառայությունը քրեական գործի շրջանակներում որևէ գործողություն չի իրականացնում:

ԱԱԾ տնօրեն անդրադարձավ նաև գաղտնալսման շարժառիթներին՝ նշելով. - «Հիմնական շարժառիթը եղել է նա, որ Արթուր Վանեցյանը պետք է հրաժարական ներկայացնի»։

Վանեցյանը նաև մանրամասներ ներկայացրեց Քննչական կոմիտեում իրականացված քննությունից։

«Քննության արդյունքում պարզվել է, որ ես և Սասուն Խաչատրյանը նշված օրը ունեցել ենք 10 զանգ: 8 անգամ զանգահարել է ինքը ինձ, 2 անգամ զանգահարել եմ ես իրան: Ընդհանուր առմամբ մենք խոսակցություն չենք ունեցել, որը 8 րոպե 40 վայրկյան է: Ամենաերկար խոսակցությունը երկուսուկես րոպե է։ Էդ խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժված է և ներկայացված է որպես մեկ խոսակցություն», - ասաց ԱԱԾ տնօրենը:

Վանեցյանը հավելեց, որ ոչ մի բանից չի վախենում, իր հեռախոսը տվել է քննություն իրականացնող մարմնին՝ փորձաքննություն իրականացնելու համար։

«Վերականգնել են Viber-ը, WhatsApp-ը, անգամ իմ ու կնոջս անձնական նամակագրությունը, իմ բանկային քարտի շարժը, երեխաներս ինձ նկարներ են ուղարկել, էդ նկարները: Սաղ կա և տրամադրված է քննության: Հեռախոսս տվել եմ ասել եմ՝ վերականգնեք, էն դեպքում, որ իրավունք ունեի չտայի»:

Սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում էր այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել: Արթուր Վանեցյանը հաստատեց՝ համացանցում տարածված ձայնագրությունում զրուցում են ինքն ու Սասուն Խաչատրյանը։ ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի պետերի հեռախոսազրույցի հրապարակման փաստով հարուցվել է քրգործ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG