Այս մասին տարիներ շարունակ նշել են քաղաքի ղեկավարները, բայց որևէ քայլ չի ձեռնարկվել իրավիճակը շտկելու համար։
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Նուբարաշենի աղբանոցը, որտեղ ամեն օր լցվում է 1200 տոննա աղբ, աղբավայր չի համարում․ - «Մենք, ցավում եմ, բայց չունենք աղբավայր։ Դա տարածք է, որտեղ տեղադրվում է աղբը»։
2009 թվականից կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը աղբավայրը վերացնելու, նոր աղբավայր կառուցելու կամ վերամշակման գործարան հիմնելու մասին տարբեր հայտարարություններ են արել։ Բայց 20 տարի տարբեր քաղաքապետերի օրոք փոխքաղաքապետի պաշտոնն զբաղեցրած Կամո Արեյանը, ով այսօր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, չի թաքցնում, որ անցած 60 տարիներին Նուբարաշենի աղբավայրում ոչինչ չի փոխվել․ - «Նուբարաշենի այսօրվա բաց աղբավայրը էկոլոգիական, սանիտարական, առողջապահական, սոցիալական, բնապահպանական, քաղաքաշինական տեսանկյունից վտանգավոր է և ոչ մի չափանիշի չի բավարարում»։
Երևանի քաղաքապետարանը դեռ 15 տարի առաջ Նուբարաշենի աղբավայրի հողատարածքը վարձակալության է տվել «Էրեբունի մաքրություն» ընկերությանը, որի 50 տոկոս բաժնետերը ԱԺ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանն է։ Ընկերությունը պարտավորվել է ըստ նպատակային օգտագործման բարեկարգել տարածքը։
Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ ընկերութունըմ չնայած չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, բայց երբևէ չի տուգանվել դրա համար․ - «Թերացել են իրենց պարտավորությունների մեջ։ Հիմա արդեն պահանջել ենք, սահմանված ռեժիմով այստեղ պահպանելու, վիճակը մեղմելու, որովհետև դա անթույլատրելի վիճակ է»։
Իր պայմանագրային պարտավորությունները վատ իրականացրած ընկերությանը վարձակալական իրավունքով պատկանող աղբավայրում կառավարիչ ներկայացած տղամարդն «Ազատությանն» ասաց, որ այժմ իրականացնում են աղբավայրը հողով ծածկելու գործառույթներ։
Նրա փոխանցմամբ, վերջին անգամ այդպիսի աշխատանք, որը նախատեսված է պայմանագրով, իրականացվել է մեկ տարի առաջ:
Միայն այսօր, երբ արդեն Երևանի քաղաքային իշխանությունները փոխվում են, Երևանի քաղաքապետարանից հայտարարություններ են հնչում, որ Նուբարաշենի գործող աղբավայրին կից ավելի քան 20 հեկտար անտառային տարածքում նոր աղբավայր կառուցելու 26 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը մեկնարկել է։
Ծրագրով նախատեսվում է մեկուսացնել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը, և նոր, միջազգային չափանիշներով աղբավայր կառուցել։
Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ասում է․ - «Մենք էս պահին արդեն հույս ունենք, որ այս տարի կարող են այդ աշխատանքները մեկնարկել, և մոտավորապես 18 ամիս հետո ունենանք նոր աղբավայր, և էս խնդիրը փակված կլինի»։
Մինչդեռ մասնագետները հաշվարկում ու ասում են, աղբավայրի վարկային ծրագիրը պետության վրա չափազանց թանկ է նստելու, ինչը կհանգեցնի նաև աղբահանության վարձավճարի թանկացման։
Նաիրա Բարոյանը, ով Ռուսաստանում աղբավայրի շահագործման օրինական բիզնեսով է զբաղվում, համոզված է, որ որքան ծախսատար է աշխատանքը, այնքան հանրության համար ավելի թանկ է վարձավճարը։
«Հասկանո՞ւմ եք, հանրությունը դարձյալ բանկերին վճարելու է վարկի այդ տոկոսների դիմաց, այսինքն, պաշտոնյան, ըստ էության, չի տուժում, հասարակությունն է տուժում։ Գիտե՞ք, ես սա էլի դիտարկում եմ հայավարի, ինչպես ասում են. դե, ինչ-որ մեկին սա ձեռնտու է, հետո էլ այդ տոկոսներն են կիսելու, և այդպես», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Բարոյանը Ռուսաստանում ղեկավարած ընկերության օրինակով պատրաստվում է Հայաստանում կարգի բերել որևէ գործող և անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող աղբավայր։ Ասում է, թե Հայաստանի իշխանություններից որևէ ներդրում չեն ուզում․ պարզապես, հատկացնեն ողբավայրերից մեկը և պատրաստ ենք մեկ տարի անց ունենալ բոլորովին ուրիշ պատկեր․ - «Մենք առաջարկում ենք, որ մենք ինքներս կներդնենք, մենք ինքներս ամեն ինչ կանենք, միայն թե որոշակի դարձրեք օրենսդրությունը: Վերջ, ուրիշ ոչինչ»։
Դեռևս հայտնի չէ, թե ինչպես ընտրված քաղաքապետը կվարվի արդեն հաստատված վարկային ծրագրի հետ, որի հաստատման վրա արդեն մոտ մեկ միլիոն եվրո է ծախսվել՝ խորհրդատվության և այլ ծախսերի համար։ Հայտնի չէ, արդյո՞ք, դա կդառնա Երևանը՝ էկոլոգիական աղետ բնորոշվող Նուբարաշենի աղբավայրից ազատելու ճանապարհ։ Բայց Հայաստանի գործող կառավարության ներկայացուցիչները մատնանշում են, որ Նուբարաշենում անգամ նոր չափանիշներով աղբավայր ունենալը «նպատակահարմար չէ»: