Բարեփոխումների գործընթացը ղեկավարող Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ասում է, որ նախագիծն ամբողջությամբ պատրաստ է, բայց այն կյանքի կոչելու համար դեռ ժամանակ է պետք:
Միջազգային խորհրդատուն մշակել է մեխանիզմ, որը հանրային քննարկման պետք է դրվի: Ավելին, դեռ հարց է՝ արդյո՞ք նոր ավագանին և նոր քաղաքապետը կհաստատեն այն: Այսքանից հետո էլ դեռ մրցութային փուլ կա՝ օպերատորի ներգրավվման հարցը լուծելու համար․ - «Նույնիսկ այդ փուլում ես չեմ կարծում, որ որևէ մեկը հստակ ժամկետներ կկարողանա ասել: Հստակ ավելի կունենանք այն ժամանակ, երբ որ մրցույթը կկայանա, կունենանք պայմանագիր, ներդրման ժամկետները կֆիքսվի»:
Նոր ցանցը, որը բացառելու է «Գազել»-ներն ու շահագործվելու է բացառապես մեծ ու միջին ավտոբուսներով, առայժմ միայն քարտեզի վրա է։ Նիկոյանը ցույց է տալիս, բացատրում այն, ինչը դեռ 2013-ի նախընտրական ծրագրով խոստացել էր նախկին քաղաքապետը։
Խոստումն իրականություն չդարձրած Տարոն Մարգարյանը հեռացավ, իսկ երևանցիները շարունակում են կռացած կամ մի ոտքի վրա երթևեկել։
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավա Դավիթ Խաժակյանը, մինչդեռ, վստահ է, որ եթե նախորդ մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանն ավելի արագ աշխատեր, նոր ցանցի ներդրման ժամկետները կկրճատվեին․ - «Ես կարծում եմ, որ տեղի ունեցան գործընթացներ, որոնք երկարաձգեցին պրակտիկ ներդրումը, և խորհրդատուն էլ իր աշխատանքը շատ երկար էր կազմակերպում: Հիմա մենք արդեն կարող էինք սկսել ֆիզիկապես կյանքի կոչել այդ նախագիծը»:
Խաժակյանը նկատեց, որ եթե նոր քաղաքային իշխանությունը դեմ չգնա արված գործին, ապա ծրագիրը չի ձգձգվի։ Սակայն այստեղ, ըստ նրա, կարևոր որոշումներ կայացնելու փուլն է գալու․ ի՞նչ տեսակի և արտադրության ավտոբուսներ ներկրել, որքա՞ն ներդրում կատարել:
Միջազգային խորհրդատուն առաջարկում է «Եվրո-4» ստանդարտին համապատասխան ավոտպարկ ունենալ, բայց, Խաժակյանի կարծիքով, սկզբի համար ոտքը սեփական վերմակի չափով է պետք մեկնել․ - ,Թբիլիսիի մեր գործընկերները մեզ առաջարկում են նախնական փուլում ներդնելու բացառապես մատչելի ավտոբուսներ, որոնց սպասարկման ժամկետը, օրինակ, հինգ տարի է, և ապա այդ հինգ տարիների ընթացքում փորձել մեր փողոցները այնպիսի մակարդակի հասցնել բարեկարգության առումով, որ կարողանանք արդեն ներդնել «Եվրո-4» ստանդարտի՝ թանկարժեք սպասարկում ունեցող, բայցև հարմարավետ ավտոբուսներ»:
Կներկրենք թանկ գերմանակա՞նը, թե՞ փոքր ինչ մատչելի չինականը․ այս
ընտրությունից կախված է նաև պահանջվող ներդրման ծավալը։ Գինն այժմ տատանվում է 100 մինչև 200 միլիոն դոլարի սահմաններում։
Նոր ցանցը, ըստ վերջնական նախագծի, կազմված է լինելու 42 երթուղուց, որը սպասարկելու է 840 ավտոբուս։
Նախատեսվում է նաև, որ հասարակական տրանսպորտը առանձին գծով պետք է աշխատի։ Այս գաղափարը ողջունում են հատկապես վարորդները, որոնք այժմ խիստ դժգոհ են անհավասար պայմաններից։
Հասարակական տրանսպորտը երթևեկության մյուս մասնակիցներից տարանջատելու հարցում, սակայն, Խաժակյանի կարծիքով, դեռ խնդիրները նոր են սկսվելու։ Ըստ նրա, այս հարցի պատասխանատուն Ճանապարհային ոստիկանությունն է, որը մինչև այսօր կարող էր աշխատել, լուծումներ առաջարկել, բայց չի արել․ - «Ճանապարհային ոստիկանությունը ներգրավված էր այդ գործընթացներում և տվել է որոշակի առաջարկներ: Բայց այդ առաջարկները ավելի վերաբերում էին հակազդեցությանը տվյալ նախագծին, քան հասկանալուն, թե ինչպես կարելի է նախագծով սահմանվածը լուծել»:
Խաժակյանը նաև պնդում է, որ, «Սանիթեքի» փորձը առնելով, պետք է երկու օպերատոր ներգրավել։ Քաղաքապետարանից ասում են, որ այդ առաջարկը նախագծում կա, բայց միևնույն ժամանակ պնդում են, որ մշակված է մի մեխանիզմ, որը թույլ կտա ամբողջությամբ վերահսկել սպասարկող օպերատորին։