Մատչելիության հղումներ

«Բիզնես շահերը» տևական ժամանակ է՝ թույլ չեն տալիս, որ Նուբարաշենի աղբավայրի շահագործումը կարգի բերվի․ Գործարար


Նուբարաշենի աղբավայրում «հաց վաստակողները», արխիվ
Նուբարաշենի աղբավայրում «հաց վաստակողները», արխիվ

Նուբարաշենի աղբավայրից քիչ հեռու, որտեղ հիմնականում երկաթյա տնակներ են, մոտ 40 ընտանիք է ապրում։ Բնակիչներն այստեղ խուսափում են տեսախցիկից։ Ամաչում են. ուրիշները չիմանան, որ իրենց օրվա վաստակն աղբանոցից է ստացվում։ Առավոտյան Նուբարաշենի աղբավայր աշխատանքի են գնում, ուշ երեկոյան՝ վերադառնում։

Զրուցեցեինք նրանցից մի քանիսի հետ:

-Դե, երևի մի քանի տնտեսություն, որ չեն էթում, թե չէ բոլորը էնտեղով են։

-Քանի՞ ժամ է հնարավոր այնտեղ աշխատել։

-Իմ ամուսինը առավոտից իրիկուն աշխատում ա։

-Մինչև իրիկուն մնում ենք։

-Ու ինչքա՞ն է վաստակում։

-Նայած օր՝ 4000, 5000, 6000 [դրամ], օրը գիտի։

-Հնարավո՞ր է՝ թանկարժեք բաներ գտնեք, ավելի շատ վճարվեք:

-Չէ, չէ, տենց բաներ չկա, ի՜նչ հավաքիր, արժեքը էդ ա, ֆսյո։ Գրում են, ցուցակագրում են, 15 օրը մեկ էլ, ինչ հավաքվավ, հաշվում, գումարը տալիս են։

Նուբարաշենյան աղբից առավել խառն է այս ամենը վերահսկելու և տնօրինելու մեխանիզմը։ Տասնյակ մարդիկ են մտնում աղբանոց՝ պաշտոնական տվյալներով՝ օրական այստեղ բերվող 1200 տոննա կենցաղային աղբը փորփրելու։ Աղբավայրի մոտ 50 հա տարածքի որևէ հատվածում պարիսպ չկա։ Մարդիկ ցանկացած կողմից, անարգել կարող են մուտք գործել հակասանիտարական այս տարածք, աղբը քրքրել, իրեր գտնել։ Ամեն օր այս գարշահոտ աշխատավայրը գնացող մարդիկ առանց կասկածի նշույլի ասում են, աղբից գտածը, թղթից մինչև գունավոր մետաղ, աղբանոցը վերահսկողներինն է: Նուբարաշենի աղբանոցում պատահական մարդիկ չեն հայտնվում։

Դարձյալ հատված մեր զրույցից՝

-Գունավոր մետաղ ա, էս ա, էն ա, ինչ հավքեցիր, իրանցն ա, պտի տաս իրանց։

-Կոշիկը իրանք հավաքում են, խոսքի, չէ՞, տակի հումքը իրանց պետք ա, աշխատողը իրավունք չունի մի հատ կոշիկ, դաժե, եթե իրա հագով լինում ա, վերցնի։ Ավտոների վրա չիպեր կա էլի դրած, նկարում ա սաղ։

-Չէ, ամեն մեկին չեն թողում։ Իրանց կլիենտներն ունեն, իրանց աշխատողներն ունեն։ Կողից գալիս են, հա, խոսքի, իրանց ձեռ ա տալիս, եթե ես եմ, ասում եմ՝ հնարավորություն չունեմ, գոնե մի երկու օրով, որ կարամ ապրեմ։

-Թողնու՞մ են էդպես։

-Տենում են, նայած մարդկանց։

-Դուք դիմել ե՞ք։

-Ես մի երկու անգամ դիմել եմ, մի երկու անգամ գնացել եմ ու ասել ա՝ իմ հիմնական բանվորներս են։

Աղբավայրի տարածքում փոշու և գարշահոտության պայմաններում աշխատող մարդիկ, առանց դիմակների, երբեմն անգամ առանց ձեռնոցների, աղբը տեսակավորում են, գտած իրերն առանձնացնում ահռելի պարկերում, հետո արդեն այդ պարկերը տեղավորում բեռնատարների մեջ։ Երկու տղամարդ, ովքեր ներկայացան «տարածքին տիրություն անող ու կառավարիչ», պնդեցին, թե այդ հավաքված իրերի հետ որևէ առնչություն չունեն։ Նրանց հետ ևս զրուցեցեինք:

-Աշխատող ե՞ք այստեղ։

-Հա։

-Ի՞նչ եք աշխատում։

-Տիրություն ենք անում։

-Ո՞վ է ձեզ ասել, որ տիրություն անեք։

-Ոչ մեկ, ասենք՝ գրանցված աշխատող չենք, որպես մասնագետ։

-Ի՞նչ մասնագետ եք։

-Տարածքի, էլի։

-Լիքը մեքենաներ եկան, առանց տեր, տիրականի գնացին։

-Չէ, իրանք գիտեն, ամեն մեկն իրանց տեղը, ձևը։

-Ներեցեք, դուք ո՞վ եք։

-Ես հարթակի կառավարիչն եմ։

-Ցանկացած մարդ կարո՞ղ է գալ էս առողջության համար վտանգավոր տեղում աշխատելու:

-Դե, ես չեմ կարա ասեմ առողջության համար վտանգավոր ա, թե չէ։

-Բայց կառավարիչը նաև դա պիտի կանխեր, չէ՞՝ մարդկանց մուտքն էստեղ։ Ի վերջո սա վտանգավոր տարածք է։

-Բա էս ժողովրդին ո՞րդե տանենք գործի։ Էս ժողովրդին որ ասենք՝ թողեք գնացեք ստեղից, որտեղ էթան գործի։

-Էդ տեսակավորած ապրանքը, էն ինչ-որ գտել են, ի՞նչ են անում։

-Դե, հազար հատ տեղ կա հանձնելու, տանում են, հանձնում են, ապրում են էլի։

Աղբանոցին հարակից տարաների ընդունման կետերում տեղյակ են այս շղթայից։ Պլաստիկ տարաների պոտենցիալ գնորդ ներկայացած քաղաքացուն, ով մեզ հետ այցելել էր տարածք, տեղեկություններ հայտնեցին՝ օրական երկու բարձված բեռնատար է դուրս գալիս աղբավայրից՝ մոտ երկու տոննա ապրանքով։

- Զիբիլանոցները, ցավդ տանեմ, օպտըվին քաղաքային զիբիլանոցներն են։ Իրանցը գալիս ա, մի հատ կամազ-շալանդ ա գալիս, բարձում ա գնում՝ առանց պռեսս։ Նորմալ քանակը իրանց մոտ ա, օրական երկու կամազ դուրս ա գալիս։

-Էտի տոննաժով մի 4-5 տոննա կհելնի, էլի։

-Չէ, մի երկու տոննա։ Իրանք աղում են, ինձ թվում ա ֆուռով դուրս ա գնում, ոնց որ, իմ իմանալով։

Ռուսաստանում աղբավայրի շահագործմամբ, այդ թվում աղբի տեսակավորմամբ զբաղվող հայազգի գործարար Նաիրա Բարոյանը, որը Հայաստանում ներդրումներ անելու նպատակով ուսումնասիրել է իրավիճակը, համոզված է՝ այստեղ բիզնես շահեր կան, որոնց պատճառով Հայաստանում մշտապես հետաձգվել են աղբի վերամշակման ծրագրերը։

«Այդ ամենաթողությունը, որ տիրում էր Նուբարաշենում, դա, հավանաբար տեղի էր ունենում ինչ-որ մեկի իշխանության ներքո։ Հավանաբար ինչ-որ մեկը հովանավորում էր և մինչև այսօր, որովհետև մարդիկ այնտեղ ապրում են, մարդիկ այնտեղ մեռնում են, մարդիկ այնտեղ տեսակավորում են և երևի ինչ-որ բան ստանում են։ Եվ պարզ բան է, որ այնտեղ ինչ-որ մեկը կա։ Հնարավոր չէ, որ այսքան տարի իշխանությունը չնկատեր դա։ Ուղղակի հնարավոր չէ»,- ասում է Բարոյանը:

Մինչդեռ, Նուբարաշենի աղբավայրը մշտապես աչքի տակ պահող Արտյոմն ու Վահրամը չեն ընդունում, քաղաքապետարանում էլ չեն հաստատում, որ այս ամենի հետևում կանգնած մարդիկ կան։ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն «Ազատությանն» ասաց, թե ներկայումս աղբավայրի տարածքը համայնքային ենթակայության տակ է, և որևէ ընկերություն վարձակալական իրավունք չունի։

-Համայնքային սեփականություն են, չունեն սահմանափակումներ։

-Վարձակալության իրավունքով տրվա՞ծ չէ որևէ մեկին։

-Համենայնդեպս, գրանցված իրավունքներ, ծանրաբեռնված, չունենք։

«Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան, Երևանի քաղաքապետարանից նշել են, որ դեռ 2004 թվականին աղբավայրի տարածքը «Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի դիմումի հիման վրա անորոշ ժամկետով վարձակալության է տրվել «Էրեբունի մաքրություն» ընկերությանը»։ Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն, քաղաքապետարանի և «Էրեբունի մաքրություն» ընկերության միջև 14 տարի առաջ կնքված պայմանագիրը դեռ ուժի մեջ է։

Պետական ռեգիստրի տվյալների համաձայն, «Էրեբունի մաքրություն» ընկերության 50 տոկոսի բաժնետերը 2009 թվականից Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, ԱԺ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանն է, ով հայտնի է Թոխմախի Մհեր մականունով։ Հենց նա է 14 տարի առաջ Երևանի քաղաքապետարանի անունից, որպես Էրեբունու թաղապետ, պայմանագիր կնքել «Էրեբունի մաքրություն» ընկերության մյուս 50 տոկոսի բաժնետեր Ժիրայր Այվազյանի հետ։ Վերջինս Էրեբունիում և Նուբարաշենում հայտնի է «Աղբի Ժիրիկ» մականունով։ Ըստ պայմանագրի, ընկերությունը, միայն որպես հողի հարկ, տարեկան վճարում է մոտ 1 միլիոն դրամ։

Ռուսաստանում աղբի բիզնեսով զբաղվող Նաիրա Բարոյանի մոտավոր գնահատականներով՝ ամեն օր այս աղբավայրից դուրս է գալիս և իրացվում 3-4 հազար դոլարի ապրանք։ Մինչ որևէ տեղ չերևացող մեծ եկամուտներ են պտտվում այս շղթայում, նուբարաշենցիներն առավոտից երեկո փորփրում են գարշահոտ աղբը, օրական մոտ 10 դոլար են իրենց տուն տանելու հույսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG