Մատչելիության հղումներ

Փաշինյանը «քաղաքական դիակներ» է անվանում երկրորդ և երրորդ նախագահներին ու նրանց շրջապատը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դիակ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այսպես արձագանքեց Հայաստանի երկրորդ նախագահի այն հայտարարությանը, թե Փաշինյանը դեռ փոշմանելու է։

Օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Քոչարյանը, անդրադառնալով իրեն «Մարտի 1»-ի գործով առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքին, մասնավորապես ասել էր․ - «Ինչու ենք ես և Փաշինյանն այսօր տարբեր բևեռներում՝ միանշանակ պատասխան չունեմ, հավանական է, որ վարչապետն իմ մեջ վտանգ է տեսնում: Սակայն կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»։

«Կարծում եմ, էդ հայտարարություններով պարոն Քոչարյանը ցույց է տալիս իր քաղաքական ընկալումների և ըմբռնումների մակարդակը: Սա իրենց թաղի, քուչի կռիվ չի, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ «դե դու կփոշմանես հլը, դե դու կտենաս», - նախկին նախագահին այսօր հակադարձեց Հայաստանի վարչապետը:

«Ասում է՝ իր մեջ վտանգ եք տեսնում, սպառնալիք եք տեսնում», - լրագրողներից մեկի այս դիտարկմանը Փաշինյանը արձագանքեց․ - «Գիտե՞ք, ինձ «Կոմերսանտ» թերթը հարց էր տվել, որ «ասում են, որ Դուք դա անում եք քաղաքական գործոնը չեզոքացնելու համար», ես ասացի և հիմա էլ ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանում գոյություն չունի: Ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը և նրանց շրջապատը՝ քաղաքական դիակների հետ մենք գործ ունենք, որոնք, սակայն, քաղաքական դիակ լինելը որևէ մեկին չի ազատում օրենքի առաջ ունեցած պարտավորություններից, և սրանով ամեն ինչ ասված է»:

Սեպտեմբերի 11-ին, երբ համացանցում հայտնվեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետերի գաղտնալսված հեռախոսազրույցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով հանրահավաքին, իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ հայտարարեց` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականին բռնի զավթել են իշխանությունը և հիմա էլ մարտահրավեր են նետել ժողովրդին։ Վարչապետն այդ օրը ուժայիններին հրահանգել էր նաև ռեյդեր իրականացնել ու զինաթափել օլիգարխներին ու նրանց թիկնազորին։

Այսօր «Ազատության» հարցին՝ գո՞հ է արդյոք ԱԱԾ-ի և Ոստիկանության ռեյդերից, թե՞ դեռ անելիքներ ունեն, վարչապետը պատասխանեց․ - «Ես ուզում եմ ասել, որ, էլի, ասացի ըստ էության՝ Հայաստանում բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, և Ոստիկանության, ԱԱԾ-ի և մյուս իրավապահ մարմինների խնդիրը դա ապահովելն է»:

«Իմ քայլը» դաշինքի մեկ այլ հանրահավաքի ժամանակ էլ Փաշինյանը հայտարարել էր, թե Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններին մասնակցող «որոշ քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, բանակցություններ են վարում հանրապետականների հետ, որպեսզի վերջիններս ընտրակեղծարարական ռեսուրսով պաշտպանեն իրենց»։ Քաղաքապետի ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը արձագանքել էր՝ «ի՞նչ է, չբարևե՞նք հանրապետականներին»։ Լրագրողներն այսօր վարչապետից հետաքրքրվեցին՝ ի վերջո, ովքե՞ր են այդ ուժերը։

«Այսինքն, այդ [Արամ Սարգսյանի] հայտարարությունից կարո՞ղ ենք հասկանալ, որ հենց իրենք են, որ խաղեր են տալիս: Եթե իրենք չեն, ինչի՞ են արձագանքում: Ես հարց եմ տալիս՝ եթե իրենք չեն, ինչի՞ են արձագանքում», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը համամիտ չէ նաև ավագանու ընտրություններին մասնակցող մյուս ուժերից հնչող այն տեսակետին, թե սևերի ու սպիտակների բաժանելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկնում է հանրապետականների այն սխալը, որ բոլոր տեղերում պետք միայն իրենք հաղթեն։ «Բոլոր տեղերում՝ որտե՞ղ: Առաջին ընտրությունն է, այսինքն, բոլոր տեղերում՝ որտե՞ղ: Այսինքն, չմասնակցե՞նք ընտրություններին, չեմ հասկանում», - ընդգծեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով գտնվում էր Փարիզում։ Ֆրանսիայի նախագահից բացի, Հայաստանի վարչապետը հանդիպել է նաև Ամուլսարում հանքարդյունաբերական ծրագիրն իրականացնող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի հետ։ Ըստ Փաշինյանի, ասել է այն, ինչը դեռ հուլիսին էր հայտարարել՝ հանքի շահագործման համար պետք է անցկացվի փորձաքննություն։

«Ես կարող եմ ասել հետևյալը՝ էս պահին մենք ո՛չ դրական, ո՛չ բացասական, չեզոք պատասխան չունենք, և ես կարծում եմ, որ մենք պետք է համաձայնվենք էն հարցի շուրջ, որ Ամուլսարի շահագործել-չշահագործելու հարցը կապված է հենց առանձնահատուկ էս խնդրի հետ: Եթե պարզվի, որ անվտանգ է Սևանի համար և Ջերմուկի ջրերի ու ջրահավաք ավազանի համար, մենք, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեծ ծավալի ներդրումները, հնարավորություն կտանք, որ շահագործվի հանքը, եթե պարզվի, որ Սևանի համար կամ ջրահավաք ավազանի համար վտանգ կա, մենք այլ ճանապարհով կգնանք», - հայտարարեց վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG