Մատչելիության հղումներ

ՔԿ-ն վարույթ է ընդունել ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի հրապարակման փաստով հարուցված քրգործը


Քննչական կոմիտեում (ՔԿ) ստացվել և վարույթ է ընդունվել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով:

Տռուզյանի փոխանցմամբ, Քննչական կոմիտեի նախագահի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։

«Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ», - ասաց ՔԿ նախագահի խորհրդականը։

Երեկ համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են «Մարտի 1»-ի գործը:

Ժամեր անց Արթուր Վանեցյանը հաստատեց՝ համացանցում տարածված ձայնագրությունում զրուցում են ինքն ու Սասուն Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG