Մատչելիության հղումներ

Կաթնաջուրցիները պնդում են, թե նոր ջրագիծը կառուցվել է կոպիտ խախտումներով


Գյուղի բնակիչները պահանջում են գյուղապետի հրաժարականը:

Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում բորբոքված կրքերն է՛լ ավելի թեժացան, երբ երեկ Առողջապահության ազգային ինստիտուտի լաբորատորիայից ստացան 2 տարի առաջ գյուղում անցկացրած ջրագծի պոլիէթիլենային խողովակի փորձաքննության պատասխանը:

Եզրակացությունում սևով սպիտակի վրա գրված է, որ խողովակի նմուշը հոտի մակարդակի ինտենսիվությամբ չի համապատասխանում սննդամթերքի հետ շփման պոլիմերային այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգին:

Խողովակը փորձաքննության էր ուղարկել կաթնաջուրցի Արմեն Ավագյանը: Բնակիչներն այսօր հավաքվել էին գյուղապետարանի մոտ ու պահանջում էին, որ մեղավորները պատասխան տան:

«Մենք դատախազություն էլ պըտի գրենք: Էս 2-3 տարի իմ երեխեքը էդ ջուրը խմել են, էդ ո՞վ պըտի պատասխան տա», - վրդովված ասաց գյուղացիներից մեկը:

Իսկ գյուղի կանայք իրենց փողոցներում էին հավաքվել ու դժգոհում էին գյուղապետից՝ պահանջելով նրա հրաժարականը:

Նրանցից մեկն «Ազատությանը» ասաց․ - «Շատ կասկածելի ջուր ա: Ես ընդհանրապես այդ ջրից չեմ օգտվում: Գնում ենք սարերից ջուր ենք բերում»:

Գյուղամիջում մթնոլորտն ավելի թեժացավ, երբ որոշ ժամանակ հեռվից գյուղացիների բողոքը լսելուց հետո «գործին խառնվեցին» գործող գյուղապետ Արմեն Պապոյանի երկու եղբայրները: Սկսեցին հնչել մեղադրանքներ հավաքվածների հասցեին, վեճ ու վիճաբանություն սկսվեց:

Պապոյան եղբայրերը մեղադրանքի սլաքն ուղղեցին Արմեն Ավագյանի վրա, ով փորձաքննության էր տարել խողովակը, անգամ պնդեցին, թե այս ամենի տակ քաղաքական ենթատեքստ կա:

Մեղադրանքն անպատասխան չմնաց․ - «Դե եթե մարդիկ էդքան են հասկանում, ես իրանց ցավակցում եմ էդ մտածելակերպի համար, որ մարդու առողջությունը կապում են քաղաքականության հետ»:

15 կմ երկարությամբ նոր ջրագծի անցկացման համար ծախսվել է 200 մլն դրամ: Գյուղացիները պնդում են, որ այն խախտումներով է կառուցվել և ամեն օր գյուղում վթարներ են:

Հերթական վթարի վայրում «Ազատության» տեսախցիկն արձանագրեց, որ ջրատար խողովակը պարզապես հողի մեջ է առանց ավազի շերտի, ինչը, ըստ գուղացիների, հաճախակի վթարների պատճառ է դառնում:

Կաթնաջուրցիներից մեկը գյուղապետ Արմեն Պապոյանին հարց ուներ՝ եթե նոր ջրագծի ջուր խմելու համար պիտանի է, ինչո՞ւ էին կինն ու եղբոր դուստրը աղբյուրից ջուր կրում:

Գյուղապետ Արմեն Պապոյանն ասաց, թե դա պարզապես զուգադիպություն է, տարվա ընթացում 2-3 անգամ են օգտվում աղբյուրի ջրից՝ վստահեցնելով, որ իրենք տանը նոր ջրագծի ջուրն են օգտագործում:

Գյուղապետի հետ հանդիպման եկած կաթնաջուրցիներն ասացին՝ եթե չեն հավատում իրենց անցկացրած փորձաքննության եզրակացությանը, թող իրենք նորն անեն:

Գյուղապետը ասաց, թե իրավապահներն են զբաղվում ջրագծի հարցով: Հավելեց, որ ավելի ուշ հանդիպելու է Լոռու մարզպետի հետ՝ այս հարցը քննարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG