Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այսօր Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության մասնակիցներին հղած ուղերձը միանշանակ էր՝ քաղաքական ուժերի ազդեցությունը դպրոցներում պետք է զրոյական լինի:
Նախարարը ընդգծեց, որ այն տնօրենները, ովքեր բարեփոխումների կրողը կդառնան, կլինեն իր գործընկերը, հակառակ դեպքում կլինի այլ արձագանք․ - «Նոր իշխանության ձևավորման առաջին իսկ օրվանից մենք հայտարարեցինք դպրոցների ապաքաղաքականացման մասին: Եվ մենք գտնում ենք, որ դպրոցում հանրակրթության նահանջի կարևորագույն պատճառներից մեկը եղել է դպրոցների քաղաքականացվածությունը: Ներկայում քաղաքական ուժերի ազդեցությունը պետք է լինի զրո դպրոցներում: Զրո՛: Էն դպրոցներում, որտեղ սա չի լինի, որտեղ տեղի իշխանությունները, նախկին և ներկա, դեռ իրենց դիրքերը պահպանող օլիգարխները կփորձեն որևէ կերպ միջամտել դպրոցի գործերին, Կրթության և գիտության նախարարությունը, կարծում եմ նաև Երևանի քաղաքապետարանը կմիանա սրան, կմիջամտի և էդ ազդեցությունը նորից կիջեցնի մինչև զրո»:
Նախարարը նաև ընդգծեց, որ բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը դպրոցների խորհուրդների ձևավորման կարգի փոփոխությունն է: Հարությունյանն ասաց, որ որոշ դպրոցներում խորհուրդները վերածվել էին վարչական շրջանների, տեղի բիզնեսմենների ազդեցության օղակների և գործում էին այդ օղակների թելադրանքով․ - «Հիմա էլ կան որոշ էդպիսի խորհուրդներ: Բայց կարգը փոխելով էդ արատավոր համակարգը ամբողջությամբ արմատախիլ կարվի»:
Նախարարը տեղեկացրեց, որ տնօրենների ընտրության կարգի, ինչպես նաև ուսուցիչների մրցույթի փոփոխություններ են արվելու: Անդրադարձ եղավ կրթական ոլորտում առկա մի շարք խնդիրներին՝ դպրոցներում դրամահավաքը վերացնելուն, սև ու սպիտակ հագուստը չպարտադրելուն, վերջերս բուռն քննարկումների առիթ դարձած ավարտական քննությունները միասնական դարձնելուն:
«Ինձ համար շատ զարմանալի էր, որ շատ բուռն արձագանքեցին որոշ այսպես կոչված պրեստիժնի դպրոցները և պրեստիժնի ուսուցիչները, որովհետև այս միասնական քննության արդյունքում որոշ միֆերը քանդվելու են», - ասաց Հարությունյանը:
Նախարարը պարզաբանմամբ՝ միասնական քննության ժամանակ աշակերտը նույն աշխատանքը հանձնելու է դպրոցից դուրս, այլ վայրում, որտեղ դպրոցի ուսուցիչներն չեն կարողանալու միջամտել, օգնել աշակերտին: Նախարարը պնդում է, որ սեփական աչքերով է տեսել, որ այդ քննությունները դպրոցում վերածվում են տնայնավարության․ - «Ինձ այս հայտարարությունից հետո զեկուցեցին, որ ամենալավատեսական գնահատականներով քննություններից կարող են կտրվել մինչև հիսուն տոկոս աշակերտները: Եվ ես խնդրեցի Գնահատման և թեստավորման կենտրոնին հոկտեմբեր ամսին իրականացնել արտաքին գնահատում, որպեսզի մենք ընդհանուր պատկերը հասկանանք: Բայց մենք այլընտրանք չունենք և ուշ թե շուտ այս համակարգին պետք է անցնենք: Համենայն դեպս առաջիկա տարվա ընթացքում մեկ-երկու առարկաների ուղղությամբ պետք է դա իրականացնենք», - նշեց Հարությունյանը:
Դպրոցի տնօրեններին հուզող հարցերը շատ էին՝ դասարանների ծանրաբեռնվածությունից մինչև շենքային պայմանները: Թիվ 70 տնօրեն Սահակ Փահրամյանը բարձրացրեց շտեմարանների հարցը՝ պնդելով, թե այդ ձեռնարկների հետևանքով ստորադասվեցին դպրոցական դասագրքերը:
Փահրամյանը համոզմունք հայտնեց, որ դա ինչ-որ մաֆիա էր, որ ներխուժեց կրթական համակարգ․ - «Այստեղ փոփոխություններ է պետք անել: Շտեմարանները երևի պետք չեն, դա առանձին մաֆիա էր»:
Նախարարն արձագանքեց․ - «Առհասարակ շտեմարաններն էլ այդ սկզբունքով են, որ ոչ թե գիտելիք ստուգենք, այլ առավելագույնս անենք, որ երեխան սխալվի: Մաֆիայի հետ կապված էլ ճիշտ եք նշում․ ակնհայտ է, գիտենք՝ Ֆլեշի Բարսեղներով, ԳԹԿ-ներով, մեր նախարարության փոխնախարարներով ոնց են էդ ամեն ինչը համակարգել: Բայց հիմա պետք է էս համակարգից դուրս գանք»:
Լրագրողների հետ զրույցում նախարար Հարությունյանը նաև ընդգծեց, որ ուշադրության կենտրոնում է նաև դպրոցներում 2-րդ և 3-րդ հերթերի վերացումը:
«Խնդիրները շատ են, և ֆիզիկապես չենք հասցնում բոլորին կարճ ժամանակում անդրադառնալ», - հավելեց նախարարը՝ հումորով նշելով, թե հեղափոխությունը կրթական տարվա համար անհարմար ժամանակահատվածում տեղի ունեցավ: