Մատչելիության հղումներ

«Էդ հերոսը, էդ գեներալը կորավ ազգի համար». Սեյրան Սարոյան


Սեյրան Սարոյան, 19-ը հունիսի, 2018 թ․
Սեյրան Սարոյան, 19-ը հունիսի, 2018 թ․

Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ասում է, թե Մանվել Գրիգորյանին «կորցրեցին՝ որպես հերոսի ու գեներալի»: Սարոյանը, ով Գրիգորյանի անբաժան ընկերն ու զինակիցն էր, անգամ խորհրդարան միասին էին գալիս ու միասին էլ հեռանում էին, այսօր սուր քննադատության ենթարկեց իր երբեմնի մտերիմ ընկերոջը, ընդգծելով՝ բացառվում է, որ «այսքանից հետո» ընկերություն անի նրա հետ:

«Այսքանից հետո ի՞նչ երեսով է նայելու ինձ»,- հարցնում է Սարոյանը, հավելելով, թե շատ ծանր է տարել դպրոցահասակ երեխաների հարցազրույցները, ովքեր պատմում էին, թե ինչպես են զինվորներին ուղարկած իրենց նամակները տեսել Մանվել Գրիգորյանի պահեստներում: «Դաժե մի քանի ամիս առաջ ես մեծ ամբիոնից ասեցի՝ զինվորի տուշոնկեն ով գողանա ու ուտի, եթե պետությունը չի պատժում, Աստվածն է պատժում: Իմ լավ ընկերը իմ ասածը գոնե լսեր՝ կամ բաժաներ մեր քյասիբ, խեղճ ու կրակ երկրապահին, կամ գոնե տաներ թափեր: Ես իմ տեղը չեմ գտնում: Էդ էրեխեքի նամակները որ տեսել եմ, աչքիս էլ ոչ մի բան չի գալիս: Ի՞նչ ընկերության մասին է խոսքը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Սեյրան Սարոյանը, հավելելով․ «Էդ հերոսը, էդ գեներալը, էդ ամեն ինչը կորավ ազգի համար»:

Սարոյանը վստահեցնում է՝ տեղյակ չի եղել, որ Մանվել Գրիգորյանը զինվորի բաժինն է յուրացրել: Ավելին՝ Գրիգորյանը բազմիցս իր ներկայությամբ երդվել է, թե զինվորի բաժին տանողն ամենաստոր մարդն է։ «Այս ամենը սպանեց ինձ»,- ասում է Սարոյանը: «Էն երդումները, էն քֆուրները, որ ինքը իմ մոտ կերել ա, որ ինքը զինվորի էղածին կյանքում կպած չկա․․․ հիմա ես չեմ պատկեացնում, ինձ տենալուց ի՞նչ ա ասելու»,- ասաց Սարոյանն ու ընդգծեց՝ հիմա ինքն այլևս ոչ մեկին չի հավատալու:

Շուշան Պետրոսյան, 19-ը հունիսի, 2018 թ․
Շուշան Պետրոսյան, 19-ը հունիսի, 2018 թ․

Սեյրան Սարոյանից բացի, գեներալ Մանվել Գրիգորյանին այլևս հերոս չի համարում նաև մեկ այլ հանրապետական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետորսյանը, ով նույնպես այսօր կողմ քվեարկեց Գրիգորյանին ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջոնորդությանը: Պետրոսյան ասում է՝ Մանվել Գրիգորյանի հետ երբեք մտերիմ չի եղել, պարզապես հարգել է նրա մարտական ուղին։ «Ցավով եմ ասում՝ նա դադարել է ինձ համար հերոս լինել, որովհետև դժվար է հերոս կորցնելը: Իսկ ես Մարտակերտում 6 տարիների աշխատանքի շնորհիվ միշտ հարցուփորձ եմ արել, և ասում եին, որ եթե ինքը [Մանվել Գրիգորյանը] չլիներ Մարտակերտի շրջանում, Թալիշը չէինք ունենա, Չափար գյուղը չէր ազատագրվի: Ի՞նչ ասեմ, ափսոս»,- ասաց Պետրոսյանը:

Սամվել Ալեքսանյան, 19-ը հունիսի, 2018 թ․
Սամվել Ալեքսանյան, 19-ը հունիսի, 2018 թ․

Հանրապետական խմբակցության մեկ այլ անդամ, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանի միջացնքերով պարզապես վազում էր՝ լրագրողների հարցերից խուսափելու համար: Այնուամենայնիվ, վստահեցրեց՝ 2016-ի ապրիլայն պատերազմի օրերին իր ուղարկած օգնությունը տեղ է հասել․ «Ես իմ օգնությունը պրյամո ուղարկել եմ Ղարաբաղ»:

Այսօր խորհրդարանում Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջոնորդությունը ներկայացնող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում չցանակացավ պարզաբանել՝ արդյո՞ք հարուցված քրեական գործի շրջանակներում առաջիկայում կարող է ձերբակալվել նաև Մանվել Գրիգորյանի կինը՝ տիկին Նազիկը։ Դատախազն ասաց միայն, որ Գրիգորյանի ընտանիքի որոշ անդամներ մասնակցություն են ունեցել որոշ արարքներում:

Հավելենք՝ ոստիկանությունն այսօր տեղեկություն տարածեց, որ «Զինվորի բաժին» նշագրմամբ մսի պահածոների նոր խմբաքանակ է առգրավվել, և դրանք բեռնվել են Նազիկ Ամիրյանի ցուցումով ։ «Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, Զինվորի բաժին» գրառմամբ մսի պահածոներ։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է ոստիկանոթյան հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG