Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Արթուր Գինոսյանը մինչև հիմա պահում է մեծամորցի 7-ամյա տղայի՝ Մայիլյան Գեղամի նամակը, որը ստացել էր 2016 թվականի պատերազմի օրերին:
Այդ պահին էլ, հիմա էլ նամակը կարդում, վերընթերցում է հուզմունքով, ասում է՝ գտնելու է տղային ու ասի, թե ինչքան կարևոր էր այդ դժվար օրերին անծանոթ փոքրիկի աջակցությունը․ - «Ես էդ նամակը կարդալուց լավ էլ եմ եղել: Չհասած նամակները․․․ դա ստոր քայլ էր: Ամեն մի նամակը մի զինվորի կարող էր ոգևորություն պատճառել»:
Ազգային անվտանգության ծառայության երեկ հրապարած տեսանյութը, որտեղ երևում էր, թե ինչպես այդպիսի տասնյակ նամակներ, զինվորներին հատկացված ահռելի քանակությամբ սնունդ, հագուստ, զենք-զինամթերք չի հասել բանակ, այլ պահվել է Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առաձատանը, ցնցել է երիտասարդին:
«Գողություն է, դավաճանություն», - ասաց Գինոսյանը՝ հավելելով, թե չգիտի անգամ ինչ ուրիշ բառ կարելի է գտնել իր զգացմունքերն ու իր ցասումն արտահայտելու համար․ - «Իհարկե շոկի մեջ էի: Այն, որ մեկ բուժկետի մեքենան կարող էր տասնյակ մարդանց կյանք փրկել, դա փաստ է: Սննդի խնդիր մենք ունեցել ենք մեր դիրքում․ ապրիլի 2-ին ամբողջ օրը սոված և ծարավ ենք եղել, որովհետև դիրքերը միշտ ռմբակոծվել են, և սնունդ ու ջուր մեզ չի հասել․․․ Բայց դա չի հարցը: Ես խոսում եմ կոնկրետ իմ դիրքից, բայց միայն իմ դիրքով չի սահմանափակվում բանակը»:
Ապրիլյան պատրազմի մեկ այլ մասնակից Խաչատուր Հաննեյանի համար սա անկանալ չէր: Ասում է՝ նույնսիկ ուրախ է, որ ի վերջո բացահայտվում է այն, ինչի մասին տարիներ շարունակ լսել է, սակայն փաստեր չեն եղել բարձրաձայնելու համար․ - «Էդ ամեն ինչը մենք գիտեինք, ու չէր բացահայտվում: Սպասում էինք դրան: Շատ ենք զրուցել այդ ժամանակ մեր հարազատների, բարեկամների հետ․ որ իրենք ասում էին ինչեր ա ուղարկվել, ինչ ա կատարվել, ու այն, ինչ տեսնում էինք, չէր համապատասխանում իրար: Պատճառն էլ երեկ տեսանք ինչն ա եղել: Մանվելը և իրա նման, հաստատ վստահ եմ, շատ մարդիկ, նույն ձև ուղղակի ապրանքը յուրացրել են»:
«Վրդովմունքը, ջղայնությունը շատ մեծ է», - ավելացնում է ապրիլյանի մեկ այլ մասնակից Արեգ Սարդարյանը: Չի շտապում շատ սուր քննադատել՝ հարգելով անմեղության կանխավարկածը, սակայն մեղքն ապացուցվելու դեպքում խստագույն պատիժ է ակնկալում․ - «Թե՛ գեներալ Մանվելի, թե շատ ու շատ մարդկանց բարոյական կերպարը բավական ոչ միանշանակ ա ընդունվում մարդկանց կողմից: Այդ թվում նաև իմ, իմ պես տղերքից շատերի կողմից: Բնականաբար ցավ ա դա, երբ տեսնում ես, որ ռեալ օգնությունը տեղ չի հասել: Կարծում եմ, որ դրա համար պատասխանատու մարդիկ պիտի ենթարկվեն խիստ պատասխանատվության օրենքի ամբողջ ուժով»:
ԱԱԾ-ի տեսանյութում երևացող պատկառելի զինանոցը ցնցել էր երիտասարդներին: Արթուրը ցավով հիշում էր իր զինակից զոհված ընկերներին, որոնք հակառակորդի դեմ կռվում փամփուշտի պակաս ունեին․ - «Կոնկրետ մենք փամփուշտի խնդիր չենք ունեցել, փառք Աստծո: Բայց, իհարկե, եղել են սահմանին դիրքեր, օրինակ, էն դիրքում, որտեղ Ռոբերտը Աբաջյան, Արմենակը Ուրֆանյան, Քյարամը և Անդրանիկը զոհվեցին, հենց այդ դիրքում մինչև վերջին փամփուշտը նրանք պայքարեցին: Իսկ այսօր նայում տախտակին Արցախի հերոսների, ու կա Ռոբերտ Աբաջյանի կողքին Մանվել Գրիգորյանի նկարը: Ամոթ է»:
100-ից ավելին զոհվեցին, մոտ 200 վիրավորվեցին ապրիլյան քառօրյա պատերազմում: «ԱԱԾ-ի երեկվա տարածած տեսանյութը մեծ կծիկի մի թելն էր», - «Ազատության» հետ զրույցում ասում էին երկու տարի առաջ դիրքերը պահող երիտասարդները՝ հավատալով, որ բանակի հաշվին հարստացած, բանակը թալանած բոլոր մեղավորների անունները ի վերջո ջրի երես դուրս կգան․ - «Իհարկե, մի հոգի չի այս ամենի հետևում կանգնած: Թե ովքեր են կանգնած, դա արդեն Ազգային անվտանգությունը, հուսով եմ, կբացահայտի»: