Մատչելիության հղումներ

ԼՂ-ում մի խումբ քաղաքացիներ բողոքում են ուժայինների «տարիներով կուտակված ապօրինությունների» դեմ


Ստեփանակերտ, արխիվ
Ստեփանակերտ, արխիվ

Այսօր, որպես բողոքի գործողություն, մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիան սկսվել է երեկ, այն բանից հետո, երբ ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքացու և ԱԱԾ աշխատակցի միջև:

Լեռնային Ղարաբաղի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԼՂ խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանն «Ազատությանը» պատմեց, որ ավտոլվացման կետերից մեկում կենցաղային հողի վրա սկսված վիճաբանությանը միացել են ԱԱԾ այլ աշխատակիցներ, ծեծի ենթարկել վիճաբանության մյուս մասնակիցներին, ինչը զայրացրել է քաղաքացիներին: Վերջիններս էլ, որպես բողքի նշան, փողոց են փակել: «Մասնավորապես, պահանջում են ոստիկանապետ Կամո Աղաջանյանի, ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի, Հատուկ ստորաբաժանման ղեկավար Աշոտ Գրիգորյանի հրաժարականը»,- ասաց Հայկ Խանումյանը:

Լեռնային Ղարաբաղի ոստիկանության փոխանցմամբ՝ 15 մարդ բերման է ենթարկվել երեկ Ստեփանակերտի կենտրոնում տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով: Ղարաբաղի գլխավոր դատախազությունն էլ հաղորդում է, թե խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ։

Ըստ ԼՂ ոստիկանության, երեկ վիճաբանութուն է տեղի ունեցել քաղաքացու և ազգային անվտանգության ծառայողի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, ոստիկանությունը չի մանրամասնում։

Խանումյանն ասաց, որ գիշերն այցելել է Ստեփանակերտի հիվանդանոցում գտնվող՝ ծեծկռտուքից վնասված երկու քաղաքացիներին։ «Մարդիկ արդեն այլ հարցեր են բարձրացնում: Մասնավորապես, տարիների ընթացքում ուժայինները տարբեր մարդկանց նկատմամբ բռնություններ են գործադրել, և այդ մարդիկ դրա մասին արտահայտվում էին, պահանջելով նրանց հրաժարականը»,- ասաց Խանումյանը:

Ընդդիմադիր պատգամավորը նշեց նաև, որ դեպքի մասին տեղեկացրել են ԼՂ նախագահ Բակո Սահակյանին, և այսօր բողոքի ակցիայի մասնակից ցուցարարներից կազմված պատվիրակությունը հանդիպել է նրա հետ: «Ես տվյալ պահին ստանձնեցի միջնորդի դեր, որովհետև ոչ մեկը չէր ուզում, որ լիդեր լիներ, ասում էին՝ ինքնակազմակերպված ակցիա է»:

«Ազատության» հետ զրույցում ակտիվիստ, ցույցի մասնակից Տիգրան Գրիգորյանն ասաց, որ տարիներ շարունակ ուժային կառույցների ներկայացուցիչները վատ են վերաբերվել քաղաքացիներին, և իրենց համբերության բաժակը լցվել է։ Հենց մեր զրույցի պահին, ինչպես փոխանցեց ակտիվիստը, իրենց միացավ ցուցարարների նոր խումբ: «Տարիներով կուտակված էս ոտնձգությունները, ապօրինությունները, որոնք իրականացվում էին քաղաքացիների հանդեպ, էսօր մի ձևով պայթեց»,- ասաց Տիգրան Գրիգորյանը:

Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ հետևում է իրադարձությունների ընթացքին, նշելով՝ հավաքի մասնակիցների սահմանադրական իրավունքների նկատմամբ որևէ միջամտություն, ժամը 14:30-ի դրությամբ, արձանագրված չէ: Մելիքյանը նաև տեղեկացնում է, որ գիշերն այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների առողջական վիճակի մասին։ «Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- գրում է ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG