ԱԺ Հանրապետական խմբակցության գործարար շրջանակի պատգամավորները հայտարարում են, թե իրենց չի մտահոգել առաջիկա կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետի հայտարարությունը:
«Պանամական փաստաթղթերի» հետ կապված օֆշորային սկանդալից հետո ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնը թողած, ապա մեկ տարի անց պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը վստահ է` այս գործով նոր բացահայտումներ չեն լինի: «Ինչ որ կարող է բացահայտվել, դա վաղուց բացահայտվել է: Ես ավելացնելու բան չունեմ այդ հարցով»,- այսօր ասաց Պողոսյանը:
Օրերս լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ արդեն այս ամիս կլինեն կոռուպցիոն բացահայտումներ, կհրապարակվեն անուններ: Երեկ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող պանամական գործի վերաբացման հնարավորությունն, ըստ էության, չբացառեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ 2016 թ․ ապրիլին Միհրան Պողոսյանի վերաբերյալ ծավալուն հետաքննություն էր հրապարակել «Հետք» պարբերականը, ըստ որի, ԴԱՀԿ նախկին պետը, օգտագործելով իր պաշտոնը, օֆշորային գոտիներում գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է արել ու թաքցրել եկամուտները:
Այդ հրապակումից հետո Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնից, իսկ ՀՔԾ-ում այդ առթիվ քրեական գործ հարուցվեց։ 8 ամիս տևած քննությունից հետո, սակայն, գործը կարճվեց: Այդ մասին, ի դեպ, առաջինը տեղեկացրեց ոչ թե իրավապահ կառույցը, այլ Միհրան Պողոսյանի ղեկավարած բարեգործական հիմնադրամը։ Բանանի ներկրման մենաշնորհով հայտնի Պողոսյանն այսօր ասաց, թե ուրախ կլինի, որ գործը վերաբացվի:
«Ընդհանրապես չեմ վախենա ոչնչից, որովհետև ապրել եմ էնպես, ինչպես գտել էմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի և իմ դաստիարակության համաձայն: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ հարցին: Երբ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, երբ չկա որևէ բան, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա: Շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի [գործը]»,- լրագրողների հետ զրույցում ասաց հանրապետական պատգամավորը:
Խոսելով կոռուպցիոն բացահայտումների մասին, ԱԱԾ նորանշանակ պետը, մասնավորապես, ասել էր, որ Հայաստանում այսօր 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում՝ նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։
Հանրապետական կուսակցության համար մոտ 100 հազար ձայն ապահոված՝ միլիոնատեր պատգամավորներ Սամվել Ալեքսյանյանն ու Արայիկ Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում շրջում էին միասին, նիստին գրանցվելուց հետո նրանք լքեցին խորհրդարանը՝ հրաժարվելով պատասխանել հարցերին:
Ըատ մամուլի, ջերմոցային տնտեսության և ավազի հանքի սեփականատեր՝ հանրապետական Նահապետ Գևորգյանին նույնպես չի մտահոգել ԱԱԾ պետի հայտարարությունը: Ավելին՝ 1999 թվականից պատգամավորի մանդատ ունեցող Գևորգյանը համամիտ չէ, որ տարիներ շարունակ գոյություն ունեցող կոռուպցիոն երևույթները ՀՀԿ-ի գործունեության հետևանքն են: «Ոչ, մեր մեղքը չկա, չեմ գտնում, որ մենք թերացել ենք»,- ասաց նա:
Խոշոր բիզնեսներով հայտնի պատգամավորներ կան նաև «Ծառուկյան» խմբակցությունում, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Այս քաղաքական ուժի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանը, սակայն, վստահեցնում է՝ իրենց խմբակցությունում կոռուպցիայի մեջ ներգրավվածներ չկան:
««Ծառուկյան» դաշինքում կան պատգամավորներ, ովքեր ունեն բիզնեսներ, բայց նրանք անձամբ չեն մասնակցում այդ բիզնեսների կառավարմանը և դրանով չեն հարուցում երկրային օրենքների զայրույթը: Կոռուպցիոներների մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ մեր խմբակցությունում չկան նման մարդիկ, և ԱԱԾ հայտարարությունը մեր գործունեությանը չի վնասի»,- ասաց Պետրոսյանը:
Նա ասաց նաև՝ կոռուպցիոն բացհայտումներին պետք հետևեն քրեական պատիժները, անկախ հանգամանքից, որ նոր կառավարությունը որդեգրել է «սիրո և համերաշխության» գաղափարախոսությունը: