Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի բնակիչները, ովքեր տարիներ շարունակ աշխատում են «Աշտարակ կաթ» ընկերության հետ, այսօր ընկերության առջև հստակ պայման դրեցին. կամ ընկերությունը իրենցից 1լ կաթը կգնի նվազագույնը 160 դրամով, կամ իրենք այլևս չեն աշխատի «Աշտարակ կաթի» հետ:
Գյուղացիները զայրացած են, քանի որ ընկերությունը որոշել է վաղվանից 20 դրամով իջեցնել կաթի մթերման գինը՝ դարձնելով 160-ից 140 դրամ:
Գյուղացիների հետ հանդիպմանը, «Աշտարակ կաթ» ընկերության մթերումների բաժնի ղեկավար Հայկ Սարգսյանը նշեց, որ Կառավարությունում փոխվարչապետի հետ հանդիպմանը ինքը ևս ներկա է եղել, բայց ընկերությունը կաթի մթերման գները պահպանելու որևէ համաձայնություն չի տվել:
«Այդ քննարկմանը ես անձամբ ներկա եմ եղել։ Նմանատիպ խոսակցություն, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը իր անունից ասի, որ գները չի իջեցնում՝ նման բան չի եղել», ֊ հայտարարեց Սարգսյանը։
Օրեր առաջ Կաթնամթերք արտադրողների միության անունից հայտարարություն տարածվեց, որում մասնավորապես ասված էր, որ փոխվարչապետի հետ հանդիպումից հետո, Կաթնամթերք արտադրողների միության անդամները երաշխավորում են, որ մոտ ժամանակներում կաթի գնի նվազեցում չի կատարվի:
Ի դեպ՝ հայտարարությունն արվել էր կաթնամթերք արտադրող մի քանի խոշոր ընկերությունների՝ այդ թվում նաև «Աշտարակ կաթ» ընկերության անունից:
Մինչ գյուղացիները ասում են, թե իրենք կաթը 140 դրամով վաճառելով չեն կարողանում իրենց վարկերն ու կուտակված տոկոսները վճարել, «Աշտարակ կաթ»֊ի ներկայացուցիչն էլ իր հերթին պնդում է, թե ընկերությանը ձեռնտու չէ այս շրջանում 1լ կաթը 160 դրամով գնելը:
«Աշտարակ կաթ» ընկերությունը ընդամենը մի քանի տարի առաջ գյուղացիներին ավելի քան 40 միլիոն դրամի պարտք էր կուտակել: Թեև արդեն պարտքը մարվել է, բայց գյուղացիներն ասում են, թե մինչ օրս բանկերում վարկերի տոկոսներ են մարում այդ ուշացումների պատճառով:
Պրիվոլնոյե գյուղում օրական մինչև 7 տոննա կաթ են վաճառում «Աշտարակ կաթ» ընկերությանը: Սարգսյանի հետ հանդիպումից դժգոհ գյուղացիները որոշեցին վաղը փակել ընկերության՝ գյուղում գտնվող կաթի մթերման կետը և ոչ մի լիտր կաթ չհանձնել 160 դրամից ցածր գնով:
Հայկ Սարգսյանն էլ ասում է՝ անկախ գյուղացիների առաջադրած պայմանից, ստիպված են իջեցնել գները:
«Նախատեսված է, որ հիմա ունենալու ենք գնիջեցում կաթի քանակների կտրուկ ավելացման հետ կապված, որպեսզի կարողանանք մենք էլ մեր ֆինանսական ռեսուրսները ճիշտ կառավարել, որ վաղը մյուս օրը խնդրի առաջ չկանգնենք», ֊ պարզաբանեց ընկերության ներկայացուցիչը։