Մատչելիության հղումներ

ԴԱՀԿ ծառայությունը 52 մլն դրամ է հատկացրել հիմնադրման 20-ամյակը նշելու համար


Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության մասին երգ գրվել էր կառույցի 16-ամյակի կապակցությամբ։ Կառույցի 20-ամյակի առթիվ նրանք բյուջեի հաշվին ֆիլմ են պատվիրել:

Ընդհանուր առմամբ Հարկադիր ծառայության 20-ամյակի տոնակատարությունները հարկատուների վրա մոտ 52 միլիոն դրամ կամ 110 հազար դոլար կարժենան։

Ուշագրավ է, որ ԴԱՀԿ-ն այս գործը վստահել է նորաստեղծ «Էյսի Ունիվերսալ» կազմակերպությանը։

Թե ինչպես է հաջողվել մոտ երկու ամիս առաջ Ազատության պողոտայի շենքերից մեկում գրանցված կազմակերպությանը նման խոշոր գումարի ծառայությունների պայմանագիր ստանալ, այդպես էլ պարզ չէ։

Հարկադիր կատարման ծառայությունից «Ազատությանը» հարցմանը պատասխանեցին, որ 20-ամյակի տոնակատարությունները կազմակերպելու համար հատուկ հանձնաժողով են ստեղծել, որն էլ ընտրել է այս ընկերությանը։

Հարցին, թե տեղյակ են արդյոք, որ կազմակերպությունը երկու ամիս առաջ է հիմնադրվել և արդյոք փորձ ունի նման ծառայություններ մատուցելու համար, ԴԱՀԿ-ից պատասխանեցին, թե այդ ընկերությունում աշխատում են տարիների փորձ և մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ, ավելին՝ այն ունի նաև ենթակապալառու կազմակերպություններ, որոնք նույնպես փորձառու են։

Ի դեպ, ըստ ԴԱՀԿ ծառայության, միջոցառումների կազմակերպման փորձառու աշխատակիցներ ունեցող այս կազմակերպությունը սոցցանցերում ներկայացված չէ, կայք չունի, ոչ էլ հեռախոսահամար։ Թե ինչպես են Հարկադիրի աշխատակիցները գտել այս կազմակերպությունը, պարզ չէ։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով, շատ հնարավոր է, որ այս կազմակերպությունը հենց ծառայությունում աշխատող որևէ մեկին է պատկանում․ - «Իրական սեփականատերը կարող է ինչ-որ ազդեցիկ մեկը լինել, և նա լինի որպես ուղղակի միջնորդ, որի միջոցով ավելի հայտնի այդպիսի ընկերություն մտել է խաղի մեջ»:

Անհասկանալի է նաև, թե ինչու է ԴԱՀԿ ծառայությունը մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել ծառայությունները։ Հոկտանյանի խոսքով՝ այդպես արվում է անհետաձգելի դեպքերում․ - «Մայիսի 5-ը այնպես չի, որ հայտարարվեց Հարկադիր կատարողի օր․․․ անցյալ տարի էլ էր այդպես: Անհետաձգելի գնում չէր կարող լինել: Կարելի էր հանգիստ մրցույթ հայտարարել»:

Հարկադիրից, սակայն, պնդում են, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է արվել, իսկ գնումը մեկ անձից է, քանի որ պայմանավորված է հեղինակային և հարակից բացառիկ իրավունքներով։

«Էյսի Ունիվերսալ» ՍՊԸ-ն գրանցված է Արամ Հարությունյանի անունով, թե ով է, նա պարզ չէ։

Ուսումնասիրություններից այդպես էլ պարզ չի դառնում, թե ի վերջո ինչով է զբաղվում ԴԱՀԿ-ի հետ մոտ 110 հազար դոլարանոց պայմանագիր կնքած այս ընկերությունը։ «Էյսի Ունիվերսալ»-ը պարտավորվել է մեկը մյուսից տարբեր ծառայություններ մատուցել, օրինակ՝ ԴԱՀԿ ծառայության մասին ֆիլմի պատրաստել, հյուրանոցային ծառայություններ մատուցել, կազմակերպել ֆուրշետ, համերգ Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքում և այլն։

Տոնակատարությունները երկու օր են տևելու։ Մայիսի 4-ին հյուրանոցներից մեկի դահլիճում լինելու է պարգևատրման արարողություն և ֆուրշետ։ Իսկ մայիսի 5-ին արդեն կլինեն տոնական համերգ, երկու հյուրասիրություն, որոնցից մեկը 400 անձի համար։

Մեր հստակեցնող հարցերին ԴԱՀԿ-ից անորոշ են պատասխանել։ Ասում են, որ ֆիլմը պատրաստելու է մեծ փորձ ունեցող ռեժիսորական խումբը, 400 անձի համար հյուրասիրությունը անցկացվելու է նման միջոցառումներ անցկացնելու հնարավորություն ունեցող համալիրներից մեկում, իսկ տոնական համերգին ելույթ են ունենալու հայ էստրադայի ներկայացուցիչներ և նվագախմբեր։

Հարկադիր ծառայությունը հարցման պատասխանում նաև շեշտում է, որ այս տարի ծառայության հոբելյանական 20-ամյակն է, ինչը բնականաբար կարևոր և նշանակալի իրադարձություն է հոբելյանը նշող համակարգի յուրաքանչյուր աշխատակցի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG