Մինչ Հայաստանն այս հարցում առաջին քայլերն են անում ու ծխելը արգելելու նախագիծը լրամշակում, հարևան Վրաստանում գալիք մայիսի 1-ից բոլոր հասարակական վայրերում օրենքով կարգելվի ծխախոտի օգտագործումը։
Երևան ժամանած վրաց պաշտոնյան ասում է՝ չծխողների իրավունքներն օրենքով պաշտպանել իրենց ստիպեց ցավալի վիճակագրությունը։ Ըստ տվյալների՝ Վրաստանում պասիվ ծխելու արդյունքում վաղաժամ մահանում է 2100 անձ, նրանից 300 երեխաներ են։
«Ամեն հինգերորդ վրացին մահանում է ծխախոտի բացասական հետևանքների պատճառով։ Սա խոսուն թիվ է։ Օրենքի կիրառության հիմնական բեռը մենք դնելու ենք փակ ու հասարակական հաստատությունների սեփականատերերի վրա։ Վերահսկողության հարցում ներգավվելու ենք նաև ոստիկանությանը, թեև սկզբում իրավապահները դեմ էին այս առաջարկությանը։ Տուգանքը ֆիզիկական անձի համար կսկսվի 50 դոլարից, իսկ իրավաբանական անձի համար՝ 500 դոլարից», - նշեց Վրաստանի խորհրդարանի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեն։
Հայաստանում մշակված օրենքի նախագծի համաձայն, բարձր տուգանքներ կսահմանվեն հասարակական վայրերում և փակ տարածքներում ծխողների դեմ: Օրինագիծը դեռ խորհրդարան չի հասել, սակայն կարծիքները, թե այն կվնասի բիզնեսին շարունակվում են հնչել։
Զոիձեի փոխանցմամբ՝ Վրաստանում էլ նույն շահարկումներ են: Ըստ նրա, հարցումների արդյունքում պարզել են, որ վրացիների 18 տոկոսը, որոնք նախկինում չէին հաճախում ծխողների համար նախատեսված վայրեր, օրենքի գործելուց հետո կդառնան այդ հաստատությունների հաճախորդը․ - «Փորձը ցույց է տալիս, որ այս օրենքը լիարժեքորեն սկսում է կիրառվել ներդրումից միայն 3-4 ամիս հետո։ Այդ պատճառով մենք դրա սկիզբը ընտրել ենք այնպես, որ առջևում ամռան ամիսներ լինեն։ Լավ եղանակին ծխողների համար անհարմարություն չի լինի դուրս գալ և ծխել մաքուր օդին։ Իսկ մինչև աշուն կամ ձմեռ այն կդառնա սոցիալական նորմ»։
«2 տարի առաջ օրենքով ծխելն արգելելը չի վնասել նաև Մոլդովայի փոքր ու միջին բիզնեսին», - նշում է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Օքսանա Դոմենթին։
Ըստ նրա, թե՛ ռեստորանները, թե՛ բարերը, թե՛ փաբերը շարունակում են աշխատել նույն ռիթմով, ավելին՝ ունեն հաճախորդների և շահույթի աճ։
Դոմենթին ասում է, որ 1/4 ակտիվ ծխող բնակչության դեմ իրենց կարող էին պայքարել հատկապես բարձր տուգանքներով․ - «Մեզ մոտ մեկ տուփ ծխախոտը ավելի մատչելի էր, քան հացը։ Այնպես որ, հասնելությունը մեծ էր։ Օրենքում տուգանքներ սահմանված են իհարկե, բայց այժմ մենք մտածում ենք դրանց չափն ավելացնելու մասին։ Այդ տուգանքը իրավաբանական անձանց համար 600 եվրոյի չափով է, իսկ եթե խախտումը կատարվի երկրորդ անգամ, մենք կարող ենք 6 ամսից մինչև 1 տարի ժամեկտով զրկել տվյալ հաստատությանը
լիցենզիայից։ Նման երկու դեպք արդեն եղել է»։
Մոլդովացի պատգամավորն ասում է՝ այժմ բնակչության 95 տոկոսը կիրառում է օրենքը և այլևս նորաձև չէ խոսել հօգուտ ծխողների։
Օրենքի հարցում հաջողության հասնելու համար Հայաստանում ուսումնասիրում են նաև իռլանդական փորձը: Իռլանդիան առաջին երկիրն էր, որը 14 տարի առաջ հասարակական վայրերում արգելեց ծխելը։
Իռլանդայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ֆենթոն Հոուելի խոսքով, օրենքը կիրառվեց շատ հեշտ և հաջողությամբ պահպանվում է մինչև այսօր։
Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծում արդեն իսկ կատարվել են մի շարք փոփոխություններ, հաշվի են առնվել առաջարկությունները։ Բայց թե ինչ է փոխվել մասնավորապես, և արդյոք նվազեցվել են տուգանքների չափերը, Բազարչյանը դեռ փակագծերը չի բացում։