Մատչելիության հղումներ

Շիրակի պետական համալսարանի մի քանի տասնյակ ուսանողներ դասադուլ են հայտարարել


Նրանք բաց նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով բեկանել ռեկտոր Սահակ Մինասյանի՝ բուհի երկու դասախոսներին աշխատանքից ազատելու որոշումը:

Ուսանողները պնդում էին, որ մինչև իրենց պահանջները չբավարարվեն, դասադուլը չեն դադարեցնի:

«Պահանջներից մեկը Խորիկյանին և Համբարյանին աշխատանքի վերադարձնելն է: Ուսանողների շահերի պաշտպանություն և այլն․․․ Հատուկ կետ ենք նշել՝ բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունը պարտադիր ապահովվի բուհի կայքէջում», - «Ազատությանն» ասաց դասադուլավորներից մեկը:

«Կշարունակվի այնքան, մինչև մենք կհասնենք մեր նպատակին: Այսինքն՝ հետ կվերադարձնեն աշխատանքի մեր դասախոսներին», - հավելեց մեկ այլ ուսանող:

Աշխատանքից ազատված դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը, հիշեցնեմ, դեռ անցած սեպտեմբերից ի վեր ռեկտորին մեղադրում են կոռուպցիայի, բուհի գումարները փոշիացնելու մեջ:

Այսօր դասադուլավոր ուսանողներին մի քանի դասախոսներ լսեցին: Նաև բանավեճ ծավալվեց բուհի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանի ու ուսանողների միջև:

Երբ ուսանողները բարձրաձայնեցին իրենց պահանջները, ռեկտոր Սահակ Մինասյանը հայտարարեց․ - «Աշխատանքից ազատման որոշումը չի բեկանվի: Որոշումների կայացման քննարկումը և համապատասխանաբար այլ որոշման հանգելը կարող է որոշել միայն դատարանը»:

Ինչ վերաբերում է ուսանողների դասադուլին ու բողոք նամակին, ըստ ռեկտորի, նրանց հրահրում են․ - «Ցավով պիտի նշեմ, որ էս էլ որերորդ անգամ նեղ անձնական շահերի համար սին տեղեկատվություններով փորձում են ուսանողներին ապակողմնորոշել»:

Անցած շաբաթ աշխատանքից ազատված դասախոսներից մեկը՝ Գագիկ Համբարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ արդեն պատրաստվում են դիմել դատարան․ - «Մենք ամբողջությամբ հիմա փաթեթը պատրաստում ենք»:

Բուհի ուսանողները ուսումնական տարվա սկզբին ևս դասադուլ էին հայտարարել՝ պահանջելով ամբիոնի վարիչի պաշտոնից չհեռացնել ռեկտորին քննադատած Հովհաննես Խորիկյանին: Խորիկյանը վերադարձավ պաշտոնին, սակայն 6 ամիս անց ազատվեց աշխատանքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG