Միջազգային WYG խորհրդատու ընկերությունը, որը մայրաքաղաքի համար նախագծել է եվրոպական չափորոշիչներին համապատասխան տրասպորտային մոդել, առաջարկում է մոտ 4 անգամ կրճատել ընդհանուր ցանցի երկարությունը, այդքան էլ` երթուղիների թիվը. ներկայումս գործող 115 փոխարեն շահագործել ընդամենը 42 երթուղի։ Օպտիմալացում կա նաև տրասպորտային միջոցների քանակի հարցում՝ 2039 միավորից այն դառնալու է 939-ը։
Փոխաքաղաքապետ Վահե Նիկոյանը ներկայացնելով նոր համակարգը, որի քննարկումը, ի դեպ, բաց էր միայն աշխատանքային խմբի անդամների համար, նշեց, որ այն շահավետ է թե՛ սոցիալապես, թե՛ տնտեսապես․ - «Ծախսերը էականորեն կրճատվելու են, ինչն իր հերթին պիտի ապահովի տրանսպորտի մատչելությունը՝ որպես կարևոր հանգամանք, և հասանելիությունը»:
Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգը բարելավելու մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ տարիներ շարունակ հնչեցրած խոստումները հնարավոր է առարկայական տեսք ստանան 2018-ի ավարտին։ Փոխքաղաքապետի խոսքով՝ նոր մոդելը բացառելու է «Գազել»-ների օգտագործումը, շահագործվելու են միայն մեծ ու միջին տեղատարողությամբ ավտոբուսներ։ Նիկոյանը նաև խոստացավ՝ օրվա ծանրաբեռնված ժամերին քաղաքացիները ստիպտված չեն լինի կանգառում երկար կանգնել՝ տրանսպորտը կաշխատի 5 րոպեն մեկ հաճախականությամբ, իսկ 18 մետրանոց 250 տեղանոց ավտոբուսները տեղ կհասցնեն բոլորին։
Նիկոյանը, սակայն, հաստատեց՝ քանի որ ցանցն օպտիմալացվում է, երևանցիների մի մասը Ա կետից Բ կետը հասնելու համար ստիպված կլինի երկու․ գուցե երեք տրանսպորտ փոխել, բայց նրանք կրկնակի վճարման անհրաժեշտություն չեն ունենալու․ - «Անկախ սակագնի կառուցվածքից, հնարավորություն են ունենալու վճարեն նույն սակագինը, ինչը նրանք կվճարեին, եթե նրանք տեղփոխ չկատարեին նույն երթևեկության պարագայում»:
Ու որքան էլ երթուղային ցանցի նոր նախագիծը տալիս է շատ հարցերի պատասխաններ, դեռ անորոշ է մնում թերևս բոլորին ամենաշատը հուզող հարցը՝ արդյո՞ք փոխվելու է տրանսպորտի սակագինը։ Փոխքաղաքապետ Նիկոյանն այսօր ասաց, որ չեն կարող բարեփոխումները սկսել սակագնից, քանի որ դա վերջնական արդյունքն է։
Նա, սակայն, կրկին չհստակեցրեց՝ կպահպանվի՞ 100 դրամ ուղեվարձը, թե՞ ոչ․ - «Այս պահին հաշվարկները չունենք․․․ Չունենք, որովհետև այդ ներդրումների վրա կարող են ազդել այն չափորոշիչները, որոնք մենք միասին կսահմանենք, որից հետո հնարավոր կլինի հաշվել»:
Միջազգային խորհրդատուն առաջարկում է նաև քաղաքի կենտրոնական փողոցներում ավոտբուսների համար առանձին երթևեկելի գոտի ունենալ։ Հանդիպմանը ներկա Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նկատեց, որ այդ ուղղությամբ դեռ որևիցե հստակ քննարկում չկա, ավելին՝ ճանապարհային ոստիկանությունը, որը անմիջականորեն պատասխանատու է գործընթացի համար, անմանս է մնացել․ - «Առաջնայինը հենց դա է․ որ փողոցներում պետք է առանձնացվեն ավտոբուսների առանձին գծերը, և պատրաստ է արդյոք ճանապարհային ոստիկանությունը ստանձնելնոր գծանշումները: Որովհետև սա ահռելի մեծ աշխատանք է ենթադրում, նույնիսկ կասեմ՝ ճանապարհային երթևեկության կանոնների նոր մշակույթ է ենթադրում»:
Իսկ Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եզիազարյանը նշում է, որ Երևանը չունի այդքան ճանապարհ, որպեսզի կարողանա հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերով երթևեկություն ապահովել, կամ 18 մետրանոց ավտոբուսներ տեղավորել:
Եզիազարյանը, ով ևս ներկա էր հանդիպմանը, ասաց, որ ծրագիրը հավակնոտ է, բայց սահմանվել է շեմ, որն այս պահին անհասանելի է Երևանի համար։
Եղիազարյանը նաև նկատում է՝ նոր երթուղային ցանցը իրականություն դարձնելու աշխատանքը դանդաղում է, այս պահին դեռ հայտնի էլ չէ, թե որ կազմակերպությունն է ստանձնելու մեկ օպերատորի պարտականությունը։ Ավելի վաղ քաղաքային իշխանությունը հայտարարել էր, որ նոր տրանսպորտային ցանցի ներդրման և սպասարկման համար մոտ 100 միլիոն դոլար է անհրաժեշտ։