Մատչելիության հղումներ

Բագրատաշենի անցակետում աշխատող ԱՊՊԱ գործակալները բողոքի ակցիա անցկացրին


Ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող գործակալներն այսօր մոտ 20 րոպեով փակել էին Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշենի մաքսատուն տանող ճանապարհը։

Բողոքի ակցիա նախաձեռնողներն ասում են, որ Նոր տարվանից զրկվել են նորմալ աշխատելու հնարավորությունից. «Թոփ-Սփին» ընկերությունը, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալն է, տարածք է վարձակալել հենց մաքսատան տարածքում, իսկ իրենք ստիպված են հեռավորությամբ տեղակայված գրասենյակներում աշխատել։

Գործակալներից Կարեն Մալխասյանն ասում է տեղում գործող 6 ընկերությունների համար անհավասար խաղի կանոններ են ստեղծվել․ - «Տամոժնիայի աշխատողը ուղղորդում ա, ասենք, բեռնատարի վարորդներին՝ որ գնացեք ընդեղ՝ ներսը: Այսինքն, ներսից էլ արդեն արդեն ստրախովկայի մեքենա դուրս չի գալու: 70 մարդ ենք ստեղ աշխատում դրսում, էդ 70 մարդն էլ, ասենք, 3-4 մարդ կերակրում ա․․․ ոնց որ մի 300 հոգի սովի են մատնում: Անգործ են մնում մարդիկ: Միակ ազատ ոլորտը մնացել էր էս ապահովագրական շուկան, դա էլ ա դառնալու մենաշնորհ»:

Ապահովագրական մեկ այլ գործակալ՝ Դավիթ Հարությունյանը ընտանիքի միակ աշխատողն է: Նա ասում է, որ եթե գործը կորցնի, ստիպված կլինի արտագնա աշխատանքի մեկնել․ - «Ես ունեմ էրկու էրեխա՝ 6-7 տարեկան: Սրանով ես նրանց պահում եմ: Տվյալ մարդը ուզում ա մի 70-80 մարդու հացը միանգամից աշխատի, ուտի․․․ Էս երկրում էլ գործ չկա, էս ջահելներնս ի՞նչ անենք, գնանք բոմժեր դառնանք Ռուսաստանում»:

Ցուցարարները բողոքի ակցիաներ նախաձեռնել էին դեռ տոներից առաջ։ Այսօր նրանց հաջողվել է չնկարահանելու և չձայնագրելու պայմանով հանդիպել մաքսատան պետի տեղակալ Տիգրան Մնացականյանի հետ, ով, ըստ Կարեն Մալխասյանի, գործակալներին խորհուրդ է տվել իրենց բողոքը դատարան տեղափոխել։

«Դատական պրոցեսը կարա տարիներով երկարի: Փաստորեն տարիներով էն մարդիկ էնտեղ գործունեություն ծավալեն ներսը, մենք էլ չիմանանք ինչ ենք անում, մեր հիմնարկները անորոշ վիճակում: Սենց անհավասար վիճակ․․․ ի՞նչ կարանք անենք, բացի բողոքելը: Մեկ էլ դատական կարգը․․․ դատական կարգն էլ կարա ձգձգվի, նույնիսկ էս երկրում կարան էդ էլ առնեն», - ասաց Մալխասյանը:

Մաքսատան տարածքում աշխատող Հայկազ Սևինյանը, ով «Ազատության» հետ զրույցում ներկայացավ որպես ապահովագրական գործակալ, ասաց, թե «Թոփ-Սփին» ընկերությունը տարածքը շահել է աճուրդով, իսկ ինքը տեղում պարզապես աշխատում է․ - «Դա մեզ հետ կապ չունի։ Ես ընտեղ աշխատում եմ որպես ապահովագրական գործակալ»:

Խնդրի շուրջ մեկնաբանությամբ խոստացել էր հանդես գալ Պետական եկամուտների կոմիտեն, սակայն աշխատանքային օրվա ավարտին այդպես էլ չստացանք խոստացված պատասխանը:

ԱՊՊԱ գործակալներն ասում են, թե թույլ չեն տալու որևէ ընկերության հովանավորչությունից օգտվել ու իրենց զրկել ապրուստի միջոցից։

Ըստ հայաստանյան մամուլի՝ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հիմնադիրներից մեկը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն է: Ընկերության պաշտոնական կայքում, սակայն, բաժնետերերի մասին որևէ հրապարակային տեղեկատվություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG