Մատչելիության հղումներ

Մասնագետներն ու ակտիվիստները վտանգավոր են համարում ռուսերենի հանրայնացման հայեցակարգը


Դավիթ Սանասարյանը «Ազատության» տաղավարում, 18-ը սեպտեմբերի, 2017 թ․
Դավիթ Սանասարյանը «Ազատության» տաղավարում, 18-ը սեպտեմբերի, 2017 թ․

Հանրային գործիչ Դավիթ Սանասարյանի կարծիքով՝ կրթության նախարարության կողմից մշակված՝ ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը հակապետական ծրագիր է։ Վարչապետի հանձնարարությամբ մշակված հայեցակարգի նպատակը, ըստ հեղինակների, Հայաստանում ռուսաց լեզվի հանրայնացումն է։ Սանասարյանի պատկերավորմամբ՝ ռուսները «մատ են թափ տալիս», ու այս ծրագիրը հենց նրանց կողմից է պարտադրված։

Հանրային գործիչը չի բացառում, որ հայեցակարգը միտված հետագայում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալուն․ դրա օգտին է խոսում հանգամանքը, որ ռուսաստանցի պաշտոնյաները պարբերաբար անդրադառնում են այդ թեմային։ «Ռուսական կողմը միշտ անկեղծ է եղել, իրենց ցանկությունները, նկրտումները միշտ պարզ ներկայացրել են՝ ուզում են հետխորհրդային տարածքում ապահովել ռուսաց լեզվի բարձր մակարդակ: Հայկական կողմը թեև նախարար Լևոն Մկրտչյանի շուրթերով խոսում է հայերենի անփոխարինելի լինելու մասին, բայց տակից սկսում են քանդել, հայերենի կողքերը թուլացնել»,- ասում է Սանասարյանը:

Նրա համար տարօրինակ է այն, որ ռուսաց լեզուն առանձնացվում է մյուս օտար լեզուներից։ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի՝ «Ազատությանն» ավելի վաղ տված պարզաբանման համաձայն՝ այս դեպքում հաշվի են առնվել աշխարհաքաղաքական զարգացումները և Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ «Մի սխալ արել են, երկիրը մտցրել են ԵԱՏՄ, հիմա էլ այսպիսի հիմնավորումներ են բերում․․․ մեզ մտցնում են իրենց տրամաբանության մեջ ու ասում են՝ պետք է ընդունեք»,- շարունակում է Դավիթ Սանասարյանը:

Բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը հայեցակարգում ոճական ու ուղղագրական սխալներ է նկատել։ Ասում է՝ տպավորություն ունի, թե սա արագ թարգմանված փաստաթուղթ է։ Մեկ ամիս առաջ հանրության ուշադրությանը մեկ այլ փաստաթուղթ էր ներկայացվել, որում խոսվում էր ընդհանրապես օտար լեզուների մասին, մինչդեռ նոր հայեցակարգում ռուսերենն առանձնացվել է։

«Միանգամայն պարզ է, որ որևէ առիթ, որևէ մասնագիտական պատճառաբանություն չի կարող լինել՝ առանձնացնելու ռուսերենը, կամ որևէ այլ լեզու՝ ընդամենը մեկ ամիս հետ այլ նախագիծ ներկայացնելով: Դրանից էլ մարդկանց մոտ արդարացված կարծիքներ կան, որ սա ընդամենը պատվեր է կամ քաղաքական անհրաժեշտություն»,- ասում է Կարաբեկյանը:

Նրա խոսքով՝ ռուսերենի տարածման խողովակները Հայաստանում առանց այդ էլ մեծ են, իսկ գիտությանն ավելի մոտ լինելու համար առավել կիրառելի է անգլերենը։ Բարձրագույն կրթության փորձագետի համոզմամբ՝ Հայաստանում այսօր առաջին հերթին «մայրենադարձության» կարիք կա։

Ռուսերենի հանրայնացման հայեցակարգի դեմ բողոք են արտահայտում նաև սոցցանցերի օգտատերերը։ Երևանի ավագնու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն օտարալեզու դպրոցների դեմ պայքարող խմբում այս թեմայով հաճախ է հրապարակումներ տեղադրում։ Օրերս էլ ֆեյսբուքյան օգտատերերին առաջարկել է օգտահաշվի նկարները փոխել հայոց այբուբենի տառերի լուսանկարներով։

Խմբի անդամների խոսքով՝ իրենց բողոքը միայն սոցիալական ցանցերում չէ, որ արտահայտելու են։ Կրթության նախարարության այս նախաձեռնության դեմ պայքարելու համար այժմ կոնկրետ քայլեր են մշակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG