Մատչելիության հղումներ

Կաճաճկուտցիները մտավախություն ունեն, որ խոշորացումից հետո համայնքը կկորցնի չսեփականաշնորհված հողերը


Այսօր, երբ գրեթե ամեն ինչ մեքենայացվել է, կաճաճկուտցի Սարգիս Պողոսյանը, մյուս համագյուղացիների պես, գերանդիով է խոտ հնձում:

«Ձեռով հնձում ենք, ձեռով հավաքում, մինչև տեղ ենք հասցնում, էդ տված հարկը խոտը արդարացնում չի», - դժգոհեց նա:

Սանասար Թամազյանը 5 հեկտար խոտհարք ունի։ Հաշվարկում ու ասում է, որ ձեռքով հնձելու դեպքում խոտհունձն իր վրա կրկնակի թանկ է նստում։ Այն, ինչ տրակտորը մի քանի ժամում է անում, իրենք վարձու բանվորների հետ մեկ շաբաթում են անում․ - «Հեկտարին տալիս եմ 50 հազար դրամ, հավաքելուն՝ 25 հազար դրամ: Իսկ մեքենան ինձանի վեր ա ունում մի հեկտարին 35 հազար դրամ: Ինքը հնձում ա, ինքը հավաքում»:

«Մեր գյուղն աղքատ գյուղ ա, մի մեխանիզացիա չկա: Էնքան ստրուկի նման ժողովուրդը բանել ա, լրիվ հիվանդ կոտորվում են», - ասաց կաճաճկուտցի մի կին:

Բարձր լեռնային գյուղի հողերը դժվար մատչելի են տեխնիկայի համար։ Տրակտոր չտեսած խոտհարքներում միջատներն ու դաշտամկներն են ակտիվացել ու հողից մարդաբոյ բլուրներ սարքել։ Այդ պայմաններում արդեն տրակտոր ունեցողները հրաժարվում են Կաճաճկուտ մտնել։

Գյուղապետ Մխիթար Թամազյանն ասում է՝ դժվար պայմանները վերջին տասնամյակում թե՛ բնակիչների թիվը և թե՛ անասնագլխաքանակը կիսով չափ կրճատել են։
«Մի կովի համար երկու տոննա խոտ ա պետք, որ ձմեռը անցկացնի: Գերանդիով մի մարդը շատ-շատ երեք կով կարողանա պահի, որովհետև ֆիզիկապես հնարավոր չի», - հավելեց գյուղապետը:

Կաճաճկուտը Հայաստանի այն եզակի գյուղերից է, որտեղ հողերը սեփականաշնորհված չեն։ Խորհրդային տարիներին պարզել են, որ գյուղը սողանքային գոտում է, ու սեփականաշնորհումն արգելվել է։ 10 տարի առաջ ճապոնացի մասնագետներ են եկել գյուղ ու պարզել, որ արդեն չգործող ջրամբարից ու քայքայված ջրագծերից է ջուրը ներթափանցում հողի մեջ։

Խմելու ջրի նոր համակարգ է կառուցվել։ Ջրագծերը նորացրել ու գյուղի հոսքը դադարեցրել են, բայց հողերի սեփականաշնորհման հարցն այդպես էլ Կառավարության օրակարգ չի մտել։

Մինչև վերջերս գյուղին չի անհանգստացրել, որ վարձակալած հողեր են օգտագործում։ Բայց համայնքների խոշորացման մասին Կառավարության որոշումից հետո գյուղապետը հարցն անգամ հանրապետության նախագահի մակարդակով է բարձրացրել։
«Համայնքները խոշորանալու են, և համայնքի ղեկավարի համար ինչ-որ տեղ նշանակություն չի ունենալու ստեղ Կաճաճկուտի տարածք ա, կաճաճկուտցին պիտի վարձակալի: Նա կարող ա հայտարարի մրցույթ, և մեկը գա հողերի 50 տոկոսը միանգամից վարձակալի: Եվ կաճաճկուտցին մնա առանց հող: Էս ի նկատի ունենալով՝ դիմեցինք նախագահին: Նախագահն ասեց, որ արդար չի, ամեն տեղ ա սեփականաշնորհված, էդ գյուղում ինչու չիտի սեփականաշնորհված լիներ»:

Մխիթար Թամազյանն ասում է, որ հարցին դրական լուծում տալու նախագահի խոստումից հետո դեռ լուրեր չունեն, մինչդեռ երկու ամսից արդեն Կաճաճկուտը կմիավորվի 12 կմ հեռու գտնվող Ալավերդի քաղաքի և շրջակա ևս 4 գյուղերի հետ։ Բայց հողերի սեփականաշնորհման հարցը դժվար ապրելակերպ ու վատ ճանապարներ ունեցող գյուղի 360 բնակիչների աչքին գոնե առայժմ չի երևում։

«Գեղը, որ ավտոբուս չունենա, էդ գեղի վիճակը ո՞նց կըլի: Տաքսու հույսին․․․», - վրդովված ասաց մի տարեց կին:

«Տասը մանեթով ընտրութին անել են տալիս, ժողովրդի հախիցը գալի», - հավելեց մյուսը:

26-ամյա Արտյոմը գյուղի կենտրոնից մեկուկես կիլոմետր վերև, անանցանելի ճանապարհ ունեցող իր հայրական տունը կրկնակի չափով մեծացնում է։ Արդեն 3 տարի ընթացող շինարարության վրա խոպանում աշխատած փողերն է ծախսում։ Ասում է՝ տունը կառուցի՝ կամուսնանա՝ չկասկածելով, որ իր ապագա կինը կհամաձայնի «աշխարհի ծայրին հնազանդ հարսնություն անել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG