Մատչելիության հղումներ

Լեռնապատցիները դժգոհում են կաթի մթերման ցածր գներից


Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ Նարինե Աշրաֆյանը արդեն մի քանի տարի է անասնապահությամբ չի զբաղվում: Ասում է, թե ողջ օրը տանջվում էր, բայց եկամուտ այդպես էլ չէր ստանում:

Գյուղացիները հիմնականում դժգոհում են կաթի մթերման ցածր գներից: Հաշվարկել են ու համոզվել, որ անասնապահությամբ հնարավոր չէ մեծ եկամուտ ստանալ. մի կողմից եղանակային անբարենպաստ պայմաններն են, մյուս կողմից՝ կաթի մթերման ցածր գինը. - «Հարյուր դրամ ա կաթը․․․ Էս տարի հարյուր հազար դրամ եմ տվել, որ մի կովի կեր առնեմ, խոտի մի հակը հազար դրամով եմ առել: Այսինքն մի կիլո խոտը արժե հիսուն դրամ: Մի կովին էլ ամենապակասը էրկու տոննա կեր ա պետք»:

Տաշիրի «Դուստ Մելանյա» պանրի գործարանի տնօրեն Ռուբեն Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ֆերմերային տնտեսությունները դեռևս զարգացած չեն Հայաստանում, ինչի դեպքում հնարավոր կլիներ բարձր արդյունավետություն ապահովել, նաև շուկայում գին թելադրել․ - «Դրա համար ճանապարհը մեկն ա՝ բարձրացնել մթերատվությունը, զարգացնել ֆերմերական տնտեսությունները, աջակցել դրանց կայացմանը և ունենալ ռեալ ֆերմերական տնտեսության կաթ, ոչ թե գյուղացիական տնտեսության կաթ: Այդ դեպքում կաթը կգա միգուցե 150-200 դրամի շրջակայքում, և բարձր արդյունավետության պայմաններում ինքը կունենա շատ լավ եկամուտ»:

Ի պատասխան գյուղացիների դժգոհություններին, Հարությունյանն ասում է, թե պետք է շատ աշխատել: Ըստ գործարարի, գյուղացիները երբեմն իրենց կատարած աշխատանքից ավելին են ակնկալում․ - «Ամենահեշտը բողոքելն ա․․․ Իսկ մեկը չկա ասի՝ ցավդ տանեմ, դու էսօր ամբողջ օրվա ընթացքում ի՞նչ ես արել․․․ Էդ արածը բերենք դնենք մի կողմ, պահանջն էլ դնենք մի կողմ ու տեսնենք համարժե՞ք ա»:

Նարինե Շարաֆյանը հակադարձում է՝ ողջ օրվա տանջանքից հետո միայն օրվա հացի խնդիրն էր լուծում: Կինը վստահ է, որ շատերն անգամ պատկերացում չունեն, թե ինչ դժվարությամբ է գյուղացին հաց վաստակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG