Մատչելիության հղումներ

Նախկին քիմպրոմցիներն իրենց ևս մեկ անգամ խաբված են զգում


Հուլիսի առաջին տասնօրյակում իրենց բողոքի ակցիան դադարեցրած «Վանաձոր-Քիմպրոմ»-ի ՋԷԿ-ի նախկին աշխատակիցները պատրաստվում են վերսկսել շուրջօրյա հերթապահությունը գործարանի դարպասների մոտ:

Հունիս-հուլիս ամիսներին աշխատակիցները երեք շաբաթ շարունակ հերթապահություն էին իրականացնում գործարանի մուտքի մոտ՝ թույլ չտալով որևէ բեռնատար մեքենայի ելումուտ անել: Բողոքի ակցիան դադարեց միայն այն ժամանակ, երբ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը խոստացավ մինչև հուլիսի վերջ լուծել աշխատավարձի խնդիրը:

«Հուլիսի 14-15-ին պարոն Ասատրյանը էկավ, ասեց՝ ես ձեր հարցով զբաղվել եմ, փող տվողը կա, էդ հարցերը արդեն ընթացքի մեջ ա, ուղղակի ըտեղ մնում ա, որ դուք ցուցակ ներկայացնեք, ու էդ ցուցակը ներկայացնելուց մի քանի օր հետո, ես խոստանում եմ, ձեր հարցը կլուծվի», - պատմեց ՋԷԿ-ի նախկին աշխատակիցներից մեկը:

Մինչև օրս, սակայն, որևէ մեկի աշխատավարձի պարտքը չի մարվել: Նախկին քիմպրոմցիները խոստովանում են՝ իրենց մեկ անգամ ևս խաբված են զգում․ - «Էկավ խաբեց՝ թե հարց չկա, շուտափույթ ձեր կըլի: Մենք էլ միամիտ լոռեցինք»:

Վեց տարի շարունակ մի քանի ամսվա աշխատավարձին սպասող աշխատակիցները նախկին և գործող կառավարությանն են մեղադրում ստեղծված իրավիճակի համար․ - «Երրորդ վարչապետն ա փոխվել, հարյուր մարդու չեն կարում աշխատավարձ տան, դրանց ղեկավարծ երկիրն ի՞նչ պետք ա լինի․․․ Բա որ մի գյուղը հարցը ըլի, կամ մի քաղաքի հարց ըլի, էդ մեր ղեկավարությունն ի՞նչ պըտի անի․․․ Որ էդ հարյուր մարդու հարցի չի կարում լուծի վեց տարվա մեջ: Կառավարությունը ժողովրդի համար չի՞»:

Գործարանի աշխատակիցները օգնության խնդրանքով դիմել են ԱԺ պատգամավորներին:

«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե աշխատավարձի հարցով մշտապես զբաղվել են, խնդիրն ըստ նրա՝ համակարգային է: Մարուքյանը հավատացած է՝ գործարանն ամբողջությամբ հնարավոր չէ ոտքի կանգնեցնել, բայց առանձին արտադրամասեր կարելի է գործարկել, մինչդեռ այսօր սնանկացման գործընթացների արդյունքում անգամ գործարանի պիտանի գույքը ջարդոնի տեսքով է վաճառվում:

«Այդ ռազմավարական նշանակության օբյեկտը ասօր մի ինչ-որ հացի փռի տեղ քանդվում վաճառվում է», - նշեց պատգամավորը:

Մարուքյանը փորձել է պարզել, թե ով է գործարանի սեփականատերը, բայց չի հաջողվել: Նա կասկածելի է համարում նաև սնանկության գործընթացն ու պատկան մարմինների ուշադրությունը հրավիրում խնդրի վրա․ - «Ես ահազանգում եմ, որ մեր պատկան մարմինները, իրավապահ մարմինները ուսումնասիրեն: Դա, կարծում եմ, ամբողջական ուսումնասիրության ենթակա է, այդ բանկային պատմությունը, թե ինչպես է այդ գործարանը գրավադրվել, ինչ պարտքեր ունի կուտակած, ինչպես են այդ պարտքերը կուտակվել: Այստեղ մեծ կոռուպցիոն ռիսկեր կան, և հնարավոր է նաև հանցագործության հատկանիշներ լինեն»:

Հիշեցնենք, ՋԷԿ-ի աշխատակիցները դեռ 2012-ին դիմել էին դատարան, 2014-ին դատը շահել էին, բայց մինչև օրս նրանցից ոչ մեկի աշխատավարձը դեռ չի վճարվել:

Դատարանը սնանկ էր ճանաչել 2011 թվականին ՋԷԿ-ի սեփականատեր «Ռեգիոն Էներջի» ընկերությանը՝ պարտավորեցնելով գույքի վաճառքից ստացվելիք միջոցներից վճարել շուրջ 130 միլիոն դրամ աշխատավարձի պարտքը: Ավելի ուշ, սակայն, պարզվել էր, որ ընկերությունը գույք չունի:

Նախատեսվում էր, որ «Ռեգիոն Էներջի»-ի սնանկացումից հետո աշխատողների պարտքը վճարելու է իրավահաջորդ «Վանաձոր-Քիմպրոմ»-ը, սակայն անցած տարի սնանկ ճանաչվեց նաև այս ընկերությունը: Սնանկացած «Վանաձոր-Քիմպրոմ»-ը բազմաթիվ պարտքեր ունի կուտակած, իսկ պարտատերերի ցուցակում աշխատավարձի պարտքը ամենևին էլ առաջնահերթ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG