Մատչելիության հղումներ

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ՋԷԿ-ի նախկին աշխատակիցները դադարեցրել են բողոքի ակցիան


«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցների բողոքի ակցիան՝ աշխատավարձերը վճարելու պահանջով, արխիվ
«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցների բողոքի ակցիան՝ աշխատավարձերը վճարելու պահանջով, արխիվ

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) նախկին աշխատակիցները դադարեցրել են գործարանի մուտքի մոտ երեք շաբաթ առաջ սկսած շուրջօրյա հերթապահությունը: Երկու օր առաջ նրանց հետ հանդիպած «Վանաձոր-Քիմպրոմ»-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը հորդորել էր բացել գործարանի մուտքը, միևնույն ժամանակ խոստացել, որ մինչև հուլիսի վերջ աշխատավարձի խնդիրը կլուծվի:

52 տարի Քիմիական գործարանում աշխատած Ռոբերտ Պոստոլակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե հավատում է Ասատրյանին, իրապես հույս ունի, որ մինչև ամսվա վերջ կստանա իր 300 հազար դրամ աշխատավարձի պարտքը: Թեպետ դատարանի վճռով իրեն հասանելիք գումարը շուրջ 600 հազար է, բայց նախկին քիմպրոմցին համաձայն է անգամ ստանալ միայն մայր գումարը:

Ի տարբերություն լավատես Պոստոլակյանի, նրա կինը՝ Հեղնար Քոսյանը, ով տարիներ առաջ աշխատել է Քիմգործարանում, թերահավատ է: «Ես գիտե՞ք արդեն երբվանից թերահավատ դառա՝ որ մեզ ազատեցին աշխատանքից ու ասին՝ «նորից կընդունենք», ու չընդունեցին էլ, վսյո, վե՛րջ, դրա համար էլ էլ ես չեմ հավատում: Համ էլ հիմա իմ տեսածը, աչքիս տեսածը․․․ Մեր ժամանակների, մեր աշխատած ժամանակը՝ էն ժամանակ հավատ կար, ամեն ինչ կար, մարդուն գնահատում էին, աշխատողն իրան մարդ էր զգում, հիմա ոչինչ ես զգում դու քեզ, ոչ ոք քեզ ոչ մի բանի տեղ չի դնում, ինչի՞ն հավատամ ես», - ասաց նա:

Վեց տարի շարունակ աշխատավարձի համար պայքարող Պոստոլակյանը կնոջ հետ է ապրում: Առօրյա հարցերը երկուսի ստացած թոշակով են լուծում: Երկու որդիներն ընտանիքներով արտերկրում են ապրում, երբեմն ֆինանսապես օգնում են, բայց, ծնողների խոսքով, նրանք էլ իրենց խնդիրներն ունեն: «Հիմա կասեք, որ տղաները Ռուսաստան են․․․ Գիտե՞ք, նրանք էլ էնտեղ վարձով են ապրում, էն մի տղայիս աղջիկները ուսանողներ են երկուսը, էն մեկը՝ դպրոցական, մեքենա են քշում էնտեղ, տաքսի են քշում՝ վարձով ա մեքենաները, հայկական համարներով մեքենաները չեն թողում քշեն էնտեղ: Պատկերացրեք, ամիսը 2 հազար դոլար ուղիղ պետք ա հաշվեն տան ուրիշի, իրանք էլ պետք ա ապրեն», - ասաց Հեղնար Քոսյանը:

Թոշակառու ամուսինները մեծ ցավ են ապրում՝ տեսնելով, թե ինչպես է քիմիական հսկան հողին հավասարվում: Պոստոլակյանը հիշում է իր քրտնաջան աշխատանքն ու ասում՝ իր աշխատավարձի ստանալը ինչ-որ տեղ նաև արժանապատվության հարց է․ - «Ո՞նց կարելի ա՝ մարդ չորս ամիս աշխատի՝ չստանա, էն էլ պարապուրդ չի էղել, չեն գնացել շաշկի-նարդի խաղացել, քրտնել են օր ու գիշեր մարդիկ»:

Աշխատավարձի սպասող 150 աշխատակիցների թիվը տարեցտարի նվազում է: Պոստոլակյանի խոսքով՝ վերջին վեց տարիների ընթացքում իր գործընկերներից յոթը մահացել են:

Բազմաթիվ խոստումներ լսած ՋԷԿ-ի աշխատակիցները որոշել են ևս երկու շաբաթ սպասել, դրական տեղաշարժ չլինելու դեպքում կրկին գործողություններ կձեռնարկեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG