Մատչելիության հղումներ

Վանաձորցիները մտահոգ են՝ քաղաքի մասին մտածելու փոխարեն «քաղաքական ուժերն իշանության համար են կռիվ տալիս»


Վանաձոր, արխիվ
Վանաձոր, արխիվ

«Ազատության» հետ զրույցում վանաձորցիները կարծիք են հայտնում, թե անցյալ տարի տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից հետո քաղաքում ոչինչ չի փոխվել: Նրանցից շատերը մտահոգ են, որ քաղաքացիների մասին մտածելու փոխարեն, քաղաքական ուժերն «իշխանության համար են կռիվ տալիս»:

«Էս բոլորը մենք անում ենք, իշխանություն ենք ձևավորում, որ մարդն իրեն հասարակության մեջ մարդ զգա: Բոլորս անհավատ ենք դարձել, հավատը կորցրել ենք, ոչ մի ոգեշնչում չկա, ինչի՞ համար ենք ապրում՝ չգիտենք», «Յուրաքանչյուրն իրա կողմն ա վերմակը քաշում, ամոթ ա, թող մի քիչ քաղաքի մասին մտածեն, ոչ թե աթոռակռիվ տան»,- ասում են Վանաձորի բնակիչները:

2016 թ․ հոկտեմբերի 10-ին Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց հանրապետական Մամիկոն Ասլանյանը: Մինչ այդ, ավագանիում ներկայացված ընդդիմադիր երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» և ՀՎԿ-ն հուշագիր էին ստորագրել՝ պայմանավորվելով պաշտպանել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Քրիստ Մարուքյանի թեկնածությունը:

Ընտրության օրը, սակայն, հուշագիրը ստորագրած 4 ընդդիմադիրներ քվեարկեցին իշխանության թեկնածուի օգտին: Այդ օրվանից Վանաձորի ավագանու երեք ընդդիմադիր խմբակցությունները մինչ օրս բոյկոտում են ավագանու նիստերը: Քաղաքացիների կարծիքով՝ բոյոկտն անիմաստ է․ «Անիմաստ եմ համարում էս ամեն ինչը: Եթե մեր ղեկավարը Սերժ Սարգսյանն ա, ինքը ոնց ուզում ա, նենց էլ ղեկավարում ա: Թող համայն ժողովուրդը կանգնի և բոյկոտի, թե չէ մի 5 ավագանիով ոչ մի հարց չի լուծվի», «Հոկտեմբերի 2-ից քաղաքն անտերության ա մատնված, նայեք փողոցներին, նայեք էս հուսահատված ժողովրդին, մեղկ են մարդիկ»:

Ընտրություններին հաջորդած ամիսներին ընդդիմադիրներին հաջողվեց տապալել ավագանու նիստերը, սակայն ընթացիկ տարվա մարտ ամսից սկսած՝ Վանաձորի ավագանին միայն ՀՀԿ-ական և և դաշնակցական 15 անդամների մասնակցությամբ նիստեր է գումարում և որոշումներ կայացնում:

Խորհրդարանի «Ելք» և «Ծառուկյան» ընդդիմադիր խմբակցությունների 26 պատգամավորներ մի քանի շաբաթ առաջ դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ՏԻՄ մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով՝ Վանաձորի ավագանու Հանրապետական և Դաշնակցություն խմբացկությունները, չունենալով քվորում, նիստեր են գումարում և որոշումներ են կայացնում:

Վանաձորցիների կարծիքները ընդդիմադիրների՝ ՍԴ դիմելու հետ կապված, միանշանակ չեն: «Հավանաբար պետք ա օրենքով կարգավորել, ուղղակի պետք ա բարի կամք դրսևորվի ու էդ հարցը Սահմանադրությամբ լուծվի»,- ասաց քաղաքի բնակիչներից մեկը: Մեկ այլ վանաձորցի էլ նշեց․ «Բոլորն էլ ժողովրդի համար արդեն աչքի փուշ են, թող իրանց խաղերով չզարմացնեն»:

Վանաձորի քաղաքապետ, հանրապետական Մամիկոն Ասլանյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ինքը գործել է բացառապես օրենքի տառին համապատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG