Մատչելիության հղումներ

Գյումրեցի տուրօպերատոր․ Պարզ ու կուրիոզ բաներից քաղաքը կարող է հետաքրքիր դառնալ


«Շիրակ տուր» ընկերության տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանն առաջարկում է Գյումրին հայտարարել «չչրթող քաղաք»:

Գյումրին տուրիստական կենտրոն դարձնելու մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններից ամիսներ անց քաղաքում ո՛չ տուրիստների քանակի ավելացում է նկատվում, ո՛չ էլ ներդրումների շոշափելի աճ:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ընդգծում է, որ Գյումրիի պատմական միջուկի վերակառուցման «Կումայրի» ծրագիրը, որում 500 հազար դոլարի ներդրում է արել վարչապետի ընտանիքը ու առայժմ մեկ շենք ձեռք բերել, դեռ նոր է մեկնարկել․ - «Դեռ շատ վաղ է: Սա պետք է շատ լավ ծրագրավորվի: Արդեն փողոցներից մեկում սկսվել են ենթակառույցների աշխատանքները: Առաջին հերթին սկսվում է շենքի հիմքը դնելուց»:

Այդուհանդերձ, դեռևս տուրիստական կենտրոն չդարձած Գյումրին կունենա իր բրենդը: Նախաձեռնությունը Deem Communications ընկերությանն է, որն այսօր նեկայացրեց իր ընդհանուր մոտեցումները:

Գյումրիի բրենդինգը շատ հեշտ ու նաև շատ դժվար է, նկատեցին քննարկման մասնակիցները՝ նշելով, որ շատ բան կա որպես բրենդ ներկայացնելու և շատ դժվար ընտրություն է սպասվում:

«Ազատության» հարցին, թե ինչ կտա բրենդը Գյումրիին, Զարմինե Զեյթունցյանը պատասխանեց․ - «Հայաստանը դեռ ճանաչված չէ: Իրականում ցանկալի կլիներ, որ սկզբից Հայաստանի բրենդինգը մշակվեր, հետո նոր որևէ ռեգիոնի: Բայց քանի որ այսօր կա Գյումրիի զարգացման ծրագիրը, Գյումրին ինքնըստինքյան նույնիսկ կարող է դառնալ դեսթինեյշն, այսինքն՝ մարդիկ կարող են գալ Հայաստան՝ հատկապես Գյումրի այցելելու համար: Դա շատ կարևոր է, որովհետև ես ինչո՞ւ ասեցի Գյումրիի նմանը չկա․․․ Այն ժառանգությունը, որ կա Գյումրիում, մենք Հայաստանում որևէ այլ քաղաքում նման պատմամշակութային ժառանգություն չունենք»:

«Գյումրին տուրիստական կենտրոն դարձնելու վարչապետի նախաձեռնության նկատմամբ վստահությունը նվազել է», - նկատում է «Շիրակ տուր» ընկերության տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը՝ դա կապելով վարչապետի անդամակցութան հետ Հանրապետական կուսակցությանը․ - «Մենք բոլորս շատ ոգևորված էին հենց սկզբում, ու վարչապետի էդ էնտուզիազմը փոխանցվել էր բոլորին: Չեմ ուզում քաղաքականացնել, բայց էդ էնտուզիազմը ինչ-որ ձևով լրիվ թափը կորցրեց, կամ վստահության դոզան պակասեց, երբ վարչապետը դառավ Հանրապետական: Բացի դրանից, էդ սկզբի նաև դինամիկան իրա պակասեց, հենց վարչապետի ոգևորության պակաս ենք զգում մենք՝ գյումրեցիներս»:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, սակայն, չի կիսում Տեր-Մինասյանի կարծիքը, թե վարչապետի էնտուզիազմը նվազել է․ - «Չկա էդպիսի բան: Մենք մի քանի օր առաջ ենք հանդիպել, և իր պահանջն է եղել, որ ամիսը մեկ Գյումրիում լինես»:

Տուրիստական կենտրոն դառնալու հավակնող Գյումրի տուրիստների հոսքի նվազում է նկատվում: Խոսքը ոչ այնքան արտերկիրի, այլ հենց տեղի զբոսաշրջիկներին է վերաբերում:

Տեր-Մինասյանի կարծիքով, Գյումրին հայաստանցի տուրիստին չի գրավում, քանի որ Հյուսիս - հարավ ճանապարհը կիսակառույց է, ճանապարհին բազմաթիվ արգելքներ կան, շատ են նաև ճանապարհային ոստիկանները․ - «Միակ բանը տուրիզմի զարգացման․ պետությունը պետք չէ տուրիզմի մասին խոսի, ինքը պիտի զարգացնի ինֆրաստրուկտուրաները: Մասնավոր սեկտորը տուրիզմը արդեն ինքը կզարգացնի ավտոմատ: Եթե կան ճանապարհներ, կա լավ ցանց, լուսավորություն կա»:

Ինչ վերաբերում է Գյումրիի բրենդավորմանը՝ Ալեքսան Տեր-Մինասյանի կարծիքով, ուշացել ենք: Ի՞նչը կարող է լինել, ըստ տուրիզմի ոլորտի ներկայացուցչի, Գյումրիի համար բրենդ․ - «Շատ պարզ օրինակ, որը բոլորիս վրա ազդում է: Եթե մենք իջնում ենք երեկոյան քաղաքում շրջելու․ առաջին ցայտուն, ջղայնացնող, որ չես հասցնում ուրիշ բանի ուշադրություն դարձնել, չրթող մարդիկ են՝ երիտասարդներ․․․ Նույնիսկ շատ ինտելիգենտ դեմքով մարդիկ անընդհատ չրթում են: Եթե մենք [Գյումրին] հայտարարենք չչրթող քաղաք, ինքը արդեն Հայաստանի մեջ հետաքրքիր բրենդ է, որի համար մարդիկ կգան, տեսնեն․․․ Շատ պարզ ու կուրիոզ բաներից քաղաքը կարող է հետաքրքիր դառնալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG