Բնությանը վնասող որևէ բիզնես ծրագիր չի իրականացվի, այսօր հայտարարեց բնապահպանության նախարարը` Գոշ լճի ճակատագրով մտահոգ քաղաքացիների հետ հանդիպմանը։
Արծվիկ Մինասյանն ասաց՝ ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ շինարարական տեխնիկան տարածքում աշխատել է առանց փորձաքննության եզրակացության։ Անտառապահին նկատողություն է տրվել, տարածքը վարձակալած «Վենդոռ» ընկերությունն էլ 100,000 դրամի վարչական պատասխանատվության կենթարկվի։ Արշավականները հարցրեցին` ինչո՞ւ ընկերության հետ պայմանագիրը միանգամից չի խզվում։ Արծվիկ Միանսյանի խոսքով՝ վարձակալը պարզաբանել է, թե պարզապես ցանկացել է մաքրել տիղմը՝ չիմանալով, թե բնությանը վնաս է հասցնում: Արշավականներից մեկը նկատեց՝ տպավորություն է, թե բնությունը նախևառաջ նախարարությունից պետք է պաշտպանել։
«Ձեր կանխակալ մոտեցումը առ այն, որ չեք վստահում և Ձեր հայտարարությունը, որ փաստորեն ստիպված եք հիմա բնությունը պաշտպանել նախարարությունից, ինձ սկսում է մտահոգել։ Որովհետև եթե Դուք մեր գործողություններում տեսնում եք ոչ համաչափ վարքագիծ, խնդրում եմ՝ ասեք դրա մասին», - հակադարձեց նախարարը։
Բնապահպաններն ու արշավականները նախորդ շաբաթ Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող լճի տարածքում նկարահանում էին իրականացրել։ Նրանք այսօր նախարարին լուսանկարներ ցույց տվեցին ու պնդեցին՝ «Վենդոր» ընկերությունը ոչ միայն լճից տիղմ է հանել, այլև տեղում ծառահատում է իրականացրել։ Նախարարը տրամադրված տեղեկությունների համար շնորհակալություն հայտնեց ու նշեց, թե իրենք տեղում դեռ աշխատում են, փորձում ճշտել շինարարական տեխնիկայի օգտագործման հետևանքները։ Ի դեպ, հանդիպման ընթացքում Արծվիկ Մինասյանը քաղաքացիներից մեկին՝ Տիգրան Շահբազյանին շնորհակալագիր հանձնեց՝ Տավուշում անտառահատման դեպքեր բացահայտելու համար։
Շահբազյանը, մինչդեռ, հայտարարեց․ - «Շնորհակալագիր եք հանձնում, բայց եթե անկեղծ լինեմ՝ սա ինձ ոչ տաք է, ոչ սառը, որովհետև ես շատ դժգոհ եմ այս գործից։ Որովհետև ես գնացի՝ այնտեղ թոզ փչոցի էր գնում, Իջևանում։ Ոստիկանությունից բռնած՝ մինչև վերջին 18 տարեկան երեխան։ Ես վստահ եմ, այդ երեխան իր վրա կվերցնի մեղքը, իսկ ով որ նրա հովանավորն է, կմուծի այդ փողը ու նորից կշարունակվի ամեն ինչ»։
«Ես Ձեզ խոստանում եմ, որ Ձեր նշած փաստով նախարարությունը հետևողական է լինելու», - պատասխանեց Արծվիկ Մինասյանը։
Նախարարը քաղաքացիներին հորդորեց թերահավատ չլինել ու խոստացավ՝ ոլոտում համակարգային փոփոխություններ են նախատեսում։ Արշավականներն ու Արծվիկ Մինասյանը որոշեցին համատեղ խումբ ձևավորել ու հանդիպումները մշտական դարձնել։