Մատչելիության հղումներ

Սարի թաղի գործով դատակոչված վկան հակասական ցուցմունք է տալիս


Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Սարի թաղի գործով հերթական նիստն էր:

Որպես վկա դատակոչված ոստիկան Իշխան Ավագյանի նախաքննական ցուցմունքը հրապարակվեց, քանի որ քննիչին պատմածի ու դատարանում հայտարարածի մեջ բազմաթիվ հակասություններ կային։

Ավագյանը նախ ասել էր, պարեկապահակային ծառայության գնդի գրավման օրերին տեղի ունեցած բախման ժամանակ սարիթաղցիներն իրենց սպառնացել են, ոտքերով ու ձեռքերով հարվածել, սակայն դատարանում մոռացել էր դրա մասին։ Ոստիկանը մոռացել էր նաև, թե արդյոք պարեկապահակային ծառայության գնդի օրերին տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանները քաղաքացիներին հարվածել են թե ոչ։

Ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող սարիթաղցիները պնդում են, թե փողոց էին դուրս եկել կենցաղային պահանջով, քանի որ այդ օրերին անջատված էր թաղամասի ջրամատակարարումը, գազամատակարարումը, տրանսպորտը չէր աշխատում։

Պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Գրիշա Բալասանյանը վկային հարցրեցին, թե արդյոք հնարավոր չէր սարիթաղցիներին իրենց ցանկացած վայրն ուղեցրել․ - «Ասեիք՝ հարգելի ժողովուրդ, եկեք, հերթով հիմա ձեզ կուղեկցենք, կգնաք-կգաք»:

Վկան պատասխանեց․ - «Որոշումը ես չէի կայացնում: Ընտեղ կային ղեկավարություն»:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ տեսագրության մեջ երևում է, թե ոստիկան Ավագյանն ինչպես է ձեռքը զենքին տանում։ Հարցրեց՝ գուցե դրանից հետո՞ է, որ սարիթաղցիները վախեցել ու սկսել են քարեր նետել։

«Գործածելու կամ տեսնելու վտանգը չկար: Վտանգը էն էր, որ մեկը կարանա հանի աշխատողի վրից ընդհարման ժամանակ», - արձագանքեց վկան:

Մեկ այլ հակասություն վերաբերում էր հարցին, թե արդյոք գնդի տարածքից կրակոցներ հնչելուց հետո սարիթաղցիներն ավելի ակտիվացել են, թե ընդհակառակը՝ հանդարտվել։

Իշխան Ավագյանը մի քանի անգամ խոսքը փոխեց, որից հետո փաստաբանները նրան մեղադրեցին սուտ ցուցմունք տալու մեջ․ - «Դուք չեք հիշում տեսել եք, թե չեք տեսել: Ընդ որում, այս տասը րոպեի ընթացքում մի քանի իրարից տարբերվող, իրար հակասող ցուցմունքներ տվեցիք»:

«Ուզում եմ վերհիշեմ, չեմ կարում էդ դեպքերը», - արդարացավ վկան:

Նիստի ավարտին պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց, որպեսզի դատական նիստերին հրավիրվեն նաև տուժողները։

Սարիթաղցիների հարազատները պնդում են, թե նրանք անմեղ են, ու արդեն երկու շաբաթ է Գլխավոր դատախազության շենքի առաջ նստացույց են անում։

Նախորդ շաբաթ նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ էին հանդիպել։ Ցուցարարները սակայն դժգոհ էին նրա պատասխանից, քանի որ, իրենց խոսքով, դատախազն առաջարկել էր, որ մեղադրյալներն ընդունեն իրենց մեղքը, ասելով, թե պատիժը պայմանականորեն չի կիրառվի։

Սարիթաղցիներն ասում են, որ եթե հարցը շուտափույթ լուծում չստանա, իրենք հացադուլ կսկսեն։ Իրար հաջորդելով հացադուլ սկսել են նաև մեղադրյալները։ Նրանցից Հրաչ Բոյաջյանը արդեն ութերորդն օրն է հացադուլի մեջ է:

XS
SM
MD
LG