Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազություն․ Կալանավորված 10 սարիթաղցիների մեղադրանքը չի փոխվի


Ոստիկանի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով 9 ամսից ավելի կալանավորված 10 սարիթաղցիներին առաջադրված մեղադրանքը չի փոխվի, «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը:

Գլխավոր դատախազության առջև երկու շաբաթից ավելի նստացույցի դուրս եկած սարիթաղցիների հարազատների պահանջը հենց դա էր՝ 316 հոդվածի 2-րդ մասը փոխել առաջինով:

Սարիթաղցիների հարազատները պնդում են՝ դիտավորյալ է ընտրված Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասը, որի համար սահմանված պատիժը ազատազրկումն է 5-10 տարով: Գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյան, ի պատասխան մեր հարցին, թե իրավապաշտպանները պնդում են, որ այս գործն իրավաբանության հետ աղերս չունի ու սա քաղաքական պատիժ է, ասաց՝ քաղաքական երանգ այս գործում չկա: Մեր հարցին, թե հարազատները պնդում են, որ նախորդ շաբաթ գլխավոր դատախազն ընդունել է սարիթաղցիների հարազատներին ու ասել, որ եթե մեղքն ընդունեն՝ դատարանի դահլիճից ազատ կարձակվեն: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով էլ՝ դատախազն այդպիսով ուղղորդել է դատարանին:

Դատախազության բարձրաստիճան այսպես արձագանքեց․ - «Ես ներկա եմ եղել այդ հանդիպմանը: Ընդունելության ժամանակ նրանց հետաքրքրել է նաև իրենց հարազատների դատավարական հետագա հնարավոր ճակատագիրը: Գլխավոր դատախազը պարզաբանումներ է տվել Քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ հնարավորությունների մասով: Դատախազը պարզաբանել է, որ Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատժի չափը տարբերակելու պահանջ, պատիժը նշանակելու դեպքում դա կրելու կամ չկրելու անհրաժեշտությունը յուրաքանչյուր դեպքում որոշելու պահանջ: Ինչ վերաբերում է նրան, որ այդ պարզաբանումները կարող են ուղղորդող նշանակություն ունենալ դատարանների համար, թույլ տվեք չհամաձայնել, որովհետև ընդամենը ներկայացվել է օրենքով տրված հնարավորությունը, առաջարկ չի եղել»:

Սարիթաղցիները պնդում են՝ առաջադրվել է կոլեկտիվ մեղադրանք: Գևորգ Բաղդասարյանը սա էլ հերքեց, նշելով՝ 10 ամբաստանյալների արարքները կոնկրետացված են․ - «Չկա որևէ ամբաստանյալ այդ 10 անձանց մեջ, որը չի կատարում այն գործողությունը, որը մեղադրանքների մեջ նկարագրված է: Իսկ մեղադրանքների մեջ նկարագրված է, որ նրանք կիրառել են բռնություն, ձեռքերով, ոտքերով ու քարերով հարվածներ են հասցրել: Որևէ մեկը որ ընդամենը մի կողմից մյուսն է վազում ու նրան մեղադրել են քարերով հարվածելու մեջ՝ գոյություն չունի»:

«Ազատության» հարցին, թե հարազատների պնդմամբ ոստիկանները հենց դատարանում չեն էլ ճանաչել իրենց հարվածող ամբաստանյայներից գոնե մեկին, ասաց․ - «Կարծում եմ, որ շատ ողջամիտ է, որ մեծ թվով մարդկանց վիճաբանության արդյունքում ի վերջո հարված ստացած անձն առանձին դեպքերում չհիշի իրեն հարվածողի դեմքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG