Խորհրդարանական ընտրություններից առաջ կատարված մի շարք սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, մասնակից ուժերի շարքում առաջատար են համարվում «Ծառուկյան դաշինքն» ու ՀՀԿ-ն: «Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի»՝ այսօր հրապարակած տվյալների համաձայն «Ծառուկյան» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 22, իսկ իշխող ՀՀԿ-ի օգտին՝ 21 տոկոսը։
Կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդորովը մանրամասնում է․ - «Մնացած ուժերի դեպքում ձայները հետևյալ կերպ են բաշխվել՝ «Ելք» դաշինքին կընտրի մասնակիցների 4, Դաշնակցությանը՝ 2, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»-ին, «Հայկական վերածնունդ»-ին, «ՀԱԿ-ՀԺԿ»-ին պատրաստ է ձայն տալ ընտրողների 1-ական տոկոսը։ «Ազատ դեմոկրատներն» ու Կոմունիստական կուսակցությունն ավելի քիչ ձայներ կհավաքեն»։
Իսկ անցած շաբաթ հրապարակված «Գելափ ինթերնեշնլ»-ի Հայաստանյան ներկայացուցչության հարցման արդյունքով, «Ծառուկյան» դաշինքը 1 տոկոսով զիջում է Հանրապետականին: Ըստ այդմ՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը կստանա համապատասխանաբար 28,2, իսկ ՀՀԿ-ն՝ 29,4 տոկոս ձայներ։ Այս կենտրոնն, ի դեպ, որևէ առնչություն չունի ամերիկյան համանուն հեղինակավոր հետազոտական կենտրոնի հետ։
Մեկ այլ հարցման համաձայն, որն իրականացրել է լիտվական KOG ինստիտուտը, «Ծառուկյան դաշինքն» ընտրապայքարի առաջատարն է ձայների շուրջ 40 տոկոսով: Հանրապետականի օգտին, ըստ նույն հարցման, պատրաստ է քվեարկել ընտրողների 19,4 տոկոսը:
Ամենադրական արձագանքները վերաբերել են վարչապետ Կարեն Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին: Հարցումների համաձայն մյուս քաղաքական ուժերից քչերը կկարողանան հաղթահարել սահմանված շեմը։ «Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի» ղեկավարն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նաև որոշ կանխատեսումներ ներկայացրեց․ - «Կարող ենք ասել, որ հաջորդ գումարման խորհրդարանում 4-5 քաղաքական ուժ կլինի: Այս ուժերը կարծես թե հնարավորթյուն չունեն առաջատարներին խանգարել, սակայն կարող են խորհրդարանում ոչ մեծ ֆրակցիա ձևավորել և խաղալ առաջնորդող երկու ուժերի հակասությունների վրա»։
Չնայած իշխող կուսակցությանը ձայն տալու պատրաստակամությանը՝ ընտրողները խիստ դժգոհ են երկրի սոցիալ-տնտեսական վիճակից։ Լիտվական ինստիտուտի կողմից իրականացված հարցումների համաձայն, հայաստանցիների 87 տոկոսի կարծիքով` «երկրում սոցիալական արդարության մակարդակը զրոյական է կամ չափազանց ցածր»: Ռուսաստանյան կենտրոնի ուսումնասիրության համաձայն ևս սոցիալ-տնտեսական վիճակից դժգոհ մարդկանց թիվը մեծ է՝ շուրջ 82 տոկոս։ Հարցվածների 65 տոկոսն էլ համոզված է, որ երկիրը ճիշտ ուղով չի գնում։
«Հարցն այսպես է հնչում՝ ընդհանուր առմամբ մեր երկրում իրավիճակը լավանու՞մ է, վատանու՞մ, թե՞ մնում է նույնը։ Վերջին շաբաթների ընթացքում լավատեսների թիվը փոքրացել է, իսկ վատատեսներինը՝ մի փոքր աճել։ Նախընտրական ժամանակահատվածում բացասական գնահատականներն աճում են, իսկ դրականները, փաստորեն, մնում նույնը կամ պակասում»,- շարունակեց Ֆյոդորովը։
Նախընտրական շրջանում մարդկանց առավել շատ հուզող թեմաների շարքում են քարոզչությունը, «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի մահը, վարչապետ Կարեն Կարապետյանի կերպարը, սահմանային միջադեպերն ու գնաճը: Վալերի Ֆյոդորովի խոսքով, մարդիկ կտրուկ փոփոխություններ են ակնկալում։ Ըստ վերջինիս ղեկավարած կենտրոնի, ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել հարցված հայաստանցիների 80 տոկոսը, սակայն, իրականում այդ թիվը կկազմի մոտ 65 տոկոս։
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանի խոսքով, միշտ չէ, որ նման հարցումների արդյունքներն արժանահավատ են ու համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Ըստ Պողոսյանի, որոշ երկրներում քաղաքական հարցումներ անել թույլատրվում է միայն լիցենզավորված ընկերությունների, մինչդեռ Հայաստանում այս գործով հաճախ զբաղվում են «ոչ մասնագետներ»։
«Այդ արդյունքները կարևոր են ոչ միայն ընտրողների, այլ հենց կուսակցությունների համար»,- ընգծում է Պողոսյանը։
Մարդկանց մեծ մասը հիասթափված է, սակայն ձայնը շարունակում է իշխող ուժին տալ։ Գևորգ Պողոսյանը այս պարադոքսը սա երկու գործոնով է բացատրում․ - «Եթե մեր ընտրողը, որը բավականին պրագմատիկ է, տեսնի մեկ այլ ուժ, որը կարող է իր վրա վերցնել ամբողջ պատասխանատվությունը և տանի երկիրը մի այլ ուղով, տանի դեպի առաջընթաց, չեմ կարծում, որ բոլորը դրան ձայն կտան: Մինչև վերջերս կարող էի ասել, որ այլընտրանքի պակասությունն էր միշտ խանգարում: Եվ երկրորդ գործոնը՝ մենք մոռանում ենք, որ իշխանություններն էլ բավականին մեծ զանգված ունեն մարդկանց, որոնք միշտ իրենց ձայն են տալիս: Դրանք այն մարդիկ են, որոնք, ասենք, կապված են կուսակցության հետ, որոնք պետական ինչ-որ կազմակերպություններում են աշխատում և ոչ թե ուղղակի կապվածություն, այլ իրենք այդ ուժի գաղափարակիրներն են, դա իրենց կուսակցությունն է»:
«Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան» «Գելափի» պատվերով անցկանցրած իր ուսումնասիրության արդյունքները կհրապարակի մարտի 31-ին, իսկ ընտրությունների օրն էքզիտ-պոլ կանցկացնի։