Կարո Եղնուկյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ ժամը մեկի սահմաններում այցելած ոստիկանին ինքը ասել էր, որ կինը տանը չէ, գնացել է ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի գործով հերթական դատական նիստին մասնակցելու: Ոստիկանը, սակայն, քիչ անց վերադարձել է երկու այլ ոստիկանների հետ միասին և փորձել են մտնել տուն՝ ասելով, որ չեն հավատում, թե Ռուզաննան տանը չէ:
«Ես հենց բացեցի դուռը, ոստիկանը ներս մտավ: Ասում եմ՝ ինչո՞ւ եք մտնում, ասում է՝ մենք իրավունք ունենք: Իսկ ես գիտեմ հստակ, որ օրենքը Հայաստանի հետևյալն է․ տուն մտնելու համար իրենք պետք է ունենան կոնկրետ դատական սանկցիա: Միակ բացառությունը օրենքով սահմանված այն է, երբ, օրինակ, մեկը ավազակություն է անում ու փախուստի մեջ է․․․ Բայց ոչ այս դեպքում, երբ ունեն սանկցիա բերման ենթարկելու տուժողին», - ասաց Կարո Եղնուկյանը:
Ռուզաննա Եղնուկյանը, հիշեցնենք, անցում է որպես տուժող մարտի 24-ին ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի ակցիայի ժամանակ ոստիկանների և ակտիվիստների միջև բախման քրեական գործով: Եղնուկյանը վնասվածք էր ստացել գլխին և կորցրել գիտակցությունը: Դեպքից երեք ամիս է անցել, սակայն դեռ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել ակտիվիստի գլխին հարվածելու համար:
Եղնուկյանների բնակարան «Ազատության» այցելության ժամանակ ոստիկաններն արդեն հեռացել էին, ժամանել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, ովքեր ասացին, որ որևէ գործողություն չեն սկսի, մինչև չստանան քաղաքացու գրավոր դիմումը:
Կարո Եղնուկյանն ասաց, որ իր կինը հրաժարվում է այլևս ցուցմունք տալ՝ ի նշան բողոքի ընդդեմ ոստիկանության գործելաոճի:
«Քննիչ Արշալույս Մինասյանը արդեն Ռուզաննային երեք անգամ որպես տուժող կանչել է ցուցմունք տալու համար: Ռուզաննան ինչ որ գիտի այդ դեպքի վերաբերյալ, պատմել է․․․ Ռուզաննան սուտ մատնություն չի արել, որևէ մեկին մատնացույց չի արել: Ասել է՝ ես չեմ իմանում ով է հարվածել, բայց հարված եղել է հաստատ», - փոխանցեց Կարո Եղնուկյանը:
Ռուզաննա Եղնուկյանի դուստրը պատմեց, որ ոստիկաններին դուրս հրելուց հետո իրենք լսել են, թե նրանք ինչպես են ասում, թե ենթարկվել են բռնություն․ - «Այդ պահն էր ամենաթեժ պահը: Դրանից հետո նրանք զանգեցին իրենց շեֆերին, ուզում էին կանչել կարմիրբերետավորներին, որպեսզի այդ ժամանակ արդեն իրավունք ունենան ներխուժել մեր տուն բռնի ուժով»:
Եղնուկյանները մտավախություն ունեն, որ ոստիկանները նորից կգան՝ իրենց մեղադրելով բռնություն կիրառելու մեջ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ոստիկաններն ընդամենը փորձել են կատարել Հատուկ քննչական ծառայության կողմից ստացված որոշումը՝ բերման ենթարկել Ռուզաննա Եղնուկյանին: