Մատչելիության հղումներ

Այգեկ գյուղի ինժեներական լաբորատորիայում երեխաները «սպառողից դառնում են արտադրող»


Խմբակների 25 մասնակիցներն արդեն որոշել են. ոչ թե ծնողների նման գյուղատնտեսությամբ կզբաղվեն, այլ ծրագրավորող կդառնան:

16-ամյա Վազգեն Հովհաննիսյանն արդեն 3 տարի Երևանից ոչ հեռու՝ Այգեկ գյուղի իր դպրոցում, դասերից հետո ոչ թե տուն է շտապում, այլ դպրոցի դասասենյակներից մեկը, որտեղ սովորում է համակարգչային խաղեր ու ռոբոտներ ծրագրավորել։

Բազմաթիվ մրցույթների է մասնակցել ու մրցանակներ շահել համակարգչային լավագույն ծրագրեր ներկայացնելու համար։ Ասում է՝ մինչ այդ բռնցքամարտով էր զբաղվում և անգամ հետաքրքրված չէր ռոբոտների աշխարհով։

«Ինձ միշտ ասում էին, որ մասնակցեմ խմբակներին՝ չէի ցանկանում։ Բայց փորձեցի մի անգամ մասնակցեմ։ Ասացի՝ եթե էսքան ասում են, ուրեմն մի բան կա, էլի։ Մասնակցեցի ու շա՜տ դուրս եկավ հենց առաջին օրից», - պատմում է նա:

Վազգենին դուր է գալիս, որ ինքն իր ձեռքով ծրագրեր է ստեղծում, որոնք նաև ուրիշները կարող են օգտագործել։ Ընկերները հաճախ են բակ կանչում՝ խաղալու, բայց ժամանակ չունի․ - «Ասում են մեկ-մեկ իմ ընկերները, որ իրենց հետ արդեն քիչ եմ շփվում, որովհետև ավելի շատ համակարգչի դիմաց եմ լինում։ Հիմա իմ ընկերները բոլոր իմ պատրաստած խաղերն են խաղում»:

Երեք տարի առաջ հայաստանյան մի քանի խոշոր ընկերությունների նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ Հայաստանի 80 դպրոցներում՝ այդ թվում Այգեկում, ինժեներական լաբորատորիաներ հիմնվեցին։ Համալրվեցին համակարգիչներով, եռաչափ տպիչներով ու ռոբոտաշինության համար անհրաժեշտ սարքավորումներով։ Այդ խմբակներում ծրագրավորում են սովորում դպրոցի 11-18 տարեկան երեխաները։

Այգեկի դպրոցի շրջանավարտ Շուշան Գրիգորյանն է լաբորատորիայի պատասխանատուն։ Ռադիոֆիզիկոսի մասնագիտություն ստանալուց հետո հետաքրքրվել է ռոբոտաշինության ոլորտով ու վերադարձել գյուղ՝ իր հմտությունները փոքրերին փոխանցելու համար։

«Ինժեներությունը դա միայն ծրագրավորումն ու տեխնիկան չի։ Դա նաև մթնոլորտն է, մտածելակերպն է, որ գոյություն ունի։ Եվ ամենաշատը կարևորում եմ ինքնուրույն մտածելակերպը, սեփական որոշումներ կայացնելու, դրա պատասխանատվությունը կրելու փաստը», - ասում է Գրիգորյանը:

Այսօր ոլորտում մեծ ձեռքբերումների հասած երիտասարդ ծրագրավորողը չի մտածում երբևէ Հայաստանից, առավել ևս հայրենի գյուղից դուրս գալու մասին։

Շուշան Գրիգորյան, լաբորատորիայի պատասխանատու
Շուշան Գրիգորյան, լաբորատորիայի պատասխանատու

«IT-ն այն ոլորտն է, որ կապ չունի՝ դու աշխարհի որ ծայրում ես գտնվում։ Եթե դու միացած ես ինտերնետին, նշանակում է՝ դու հենց աշխարհի կենտրոնում ես։ Ու էս ամենալավ ոլորտնա, որ կարող ես առանց քո գյուղից դուրս գալու հիմնես ընկերություն և առանց քո հայրենի գյուղից դուրս գալու աշխատես էնքան գումար, ինչքան կաշխատեիր, ասենք, Երևանում կամ Հայաստանից դուրս», - ասում է նա:

Ընդ որում սարքերի, հաստոցների ու դետալների հիմնական մասը հայկական են՝ Հայաստանում գործող ընկերությունների ստեղծածը։ Լաբորատորիայում էլ, ռոբոտաշինության ժամանակ դետալների պակասի դեպքում երեխաներն իրենց սեփական ուժերով են եռաչափ մոդելավորում այդ դետալներն ու եռաչափ տպիչներով տպում դրանք։

«Էսօր երեխեքը ոչ թե խաղեր են խաղում, այլ արդեն խաղեր են ծրագրավորում։ Դա նշանակում է, որ նրանց մտածելակերպը սպառողից սկսում է դառնալ արտադրող։ Ու իրենք ոչ թե միայն չինական կամ ամերիկյան ապրանք սպառող են, այլ հայկական ապրանք արտադրող։ Իսկ դա արդեն հոգեբանություն է փոխում», - ասում է նա:

Խմբակների 25 մասնակիցներն արդեն որոշել են. ոչ թե ծնողների նման գյուղատնտեսությամբ կզբաղվեն, այլ ծրագրավորող կդառնան:

Այգեկի այս համակարգչային լաբորատորիան Հայաստանում դեռ 2008 թվականից բարձր տեխնոլոգիաների ոլորտում սկսված նախաձեռնություններից մեկն է։ Գործազրկության բարձր մակարդակ ունեցող Հայաստանում մասնագետները լիահույս են, որ մոտ ապագայում ոլորտը կլինի երկրի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններից մեկը։ Պաշտոնական տվյալներով, եթե 2015 թվականին Հայաստանում տնտեսական աճը կազմել է երեք տոկոս, ապա բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամեն տարի այդ աճը կազմում է միջինը 22 տոկոս։ Այսօր ոլորտում զբաղված է մոտ 15 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG